Մեկնարկեց ԱՊՀ երկրների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի եւ երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի 31-րդ նիստը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 8, 2011 13:44
Երեւանում այսօր մեկնարկեց ԱՊՀ մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի եւ երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի 31-րդ նիստը: Մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Տաջիկստանի պատվիրակությունները: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, նշեց, որ ԱՊՀ երկրների միջպետական կապերի ամրապնդումը ենթադրում է համագործակցության հետագա խորացում գործունեության տարբեր ճյուղերում:
«Մեր երկրների մասնագետների համագործակցությունը պատմություն ունի: Շատ մասնագետներ, որոնք այսօր գործում են գեոդեզիայի, քարտեզագրության ոլորտներում, ոչ միայն ունեն համագործակցության պրոֆեսիոնալ փորձ, այլեւ բարեկամական կապեր դեռ խորհրդային տարիներից»,-ասաց Ա. Գեւորգյանը:
Նա նկատեց, որ յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրել զարգացման իր ուղին, բայց, չնայած դրան, ոլորտի զարգացման ճանապարհին խնդիրները, դժվարություններն ԱՊՀ երկրներում քիչ թե շատ նույնն են: Ա. Գեւորգյանը նշեց, որ անշարժ գույքի եւ կադաստրի համակարգում բարեփոխումներ են իրականացվում, որոնց հիմնական նպատակը ծառայությունների որակի բարձրացումն է: Փոխվարչապետի խոսքով’ բարեփոխումները բավական հաջող են իրականացվում, որը հույս է ներշնչում, որ նախատեսված գործողությունները կիրականացվեն նախանշված ժամկետներում:
«Մեզ հետաքրքիր կլինի լսել նիստի մասնակիցների կարծիքը մեզ մոտ իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Վստահ եմ, որ հետաքրքիր տեսակետներ կհնչեն, եւ մտքերի փոխանակումը կօգնի եւս մեկ անգամ սկսած գործընթացը դիտարկել բազմակողմանիորեն»,-ավելացրեց Ա. Գեւորգյանը:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը նշեց, որ մեծածավալ աշխատանքներ են կատարվել կադաստրի համակարգի կայացման եւ զարգացման ուղղությամբ: Նախորդ տարիների ընթացքում հավաքագրվել է անշարժ գույքի կադաստրային տվյալների տեղեկատվական հսկա շտեմարան: Ըստ նրա’ չնայած կադաստրի ոլորտում արդեն կատարված լայնածավալ աշխատանքներին եւ արձանագրված շոշափելի արդյունքներին, Ե. Զախարյանը նկատեց, որ դեռ կան որոշակի խնդիրներ: Հայաստանը մասնակիորեն զիջում է առաջատար երկրներին անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացված համակարգի ոլորտում:
«Նշված խնդրի լուծման նպատակով կադաստրի համակարգում արդեն իսկ իրականացվում են արմատական բարեփոխումների ծրագրով նախատեսված դրույթները, ներդրվում են նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան մեզ առավել որակյալ ծառայություն մատուցել քաղաքացիներին»,-ասաց Ե. Զախարյանը:
Նա նշեց, որ բարեփոխումների արդյունքում ոլորտում նվազեցվելու են բյուրոկրատական քաշքշուկները, կոռուպցիոն ռիսկերը: Այսօր Երեւանում գործում է կադաստրի տարածքային 9 ստորաբաժանում, բարեփոխումներից հետո մայրաքաղաքում կլինի միայն մեկ ստորաբաժանում եւ 5 գրասենյակ, որոնք կընդունեն քաղաքացիների դիմումներ: Դրանք, համապատասխան ծրագրերի միջոցով, էլեկտրոնային տարբերակով կտեղափոխվեն կադաստրի կենտրոնական գրանցման գրասենյակ, եւ համապատասխան աշխատանքներից հետո փաստաթղթերը քաղաքացիները կարող են ստանալ նույն այդ գասենյակից: Փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ գտնվում է Ազգային ժողովում:
Ե. Զախարյանի խոսքով’ պարզեցվում է նոտարական գրասենյակների հետ աշխատանքը: Գույքային հարաբերությունների ժամանակ բոլոր պայմանագրերը կարող են կազմվել կադաստրի գրասենյակներում. եւ այնտեղ գրանցվելուց հետո այդ փաստաթուղթն իրավական տեսանկյունից կլինի վերջնական: Արդեն նոտարական վավերացման անհրաժեշտությունը չի լինի: Այդ պարտադիր պահանջը հանվում է օրենքով:
Արմենպրես






Facebook
Tweet This
Email This Post
