«Երկիրը» դատարանում հաստատել է, որ Արզաքանցյանը խաղատների մշտական հաճախորդ է, ծեծ ուտող, աղջիկներ տանող-բերող. խմբագիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 7, 2011 15:01
Վաղը կհրապարակվի Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի» դատական գործով դատարանի որոշումը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը և փաստաբան Լիանա Գրիգորյանը հայտարարեցին, որ հայցը թեկուզ մասնակիորեն բավարարվելու դեպքում էլ իրենք բողոքարկելու են այն։
«Թեկուզ մասնակի` մեկ դրամ, մեկ լումայով հայցը բավարարելու դեպքում բողոքարկվելու է վճիռը, այնքան ժամանակ, որ հատուցեն մեր դատական ծախսերը: Եվ եթե Հայաստանի դատական համակարգը լիովին սպառի իրեն, մենք հասնելու ենք Եվրոպական դատարան. և դա լինելու է լրատվամիջոցի դատն ընդդեմ Հայաստանի Հանրապետության»,- հայտարարեց թերթի խմբագիրը:
Արզաքանցյանը դատարանում պնդում է, որ «Երկիր» օրաթերթը «131 դեմք ու դիմակ» վերնագրով հոդվածով վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը։ Պատգամավորը վիրավորական է համարում իր հասցեին «ստիլյագ», «քյավառա բարբառին տիրապետելող», «Ռուսաստանից աղջիկներ տանող-բերող», «ծեծ ուտելու սովորություն ունեցող» արտահայտությունները, ինչպես նաև թերթում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ իր հասցեին արված «Էդ լակոտը խայտառակում է մեր երկրի կոնյակի պատիվը» արտահայտության մեջբերումը:
Բագրատ Եսայանը նշեց, որ «Երկիր»-ը հրապարակել է Հրանտ Բագրատյանի ուղարկած հերքումը, թե նման բան ինքը չի ասել, իսկ մյուս որակումները, ըստ խմբագրի, դատարանում ապացուցվել են:
Նա նշեց, որ նոր ի հայտ եկած հանգամանքներում որոշակի կասկածներ են ծագել Տիգրան Արզաքանցյանի` որևէ լեզվի տիրապետելու և որևէ լեզվով արտահայտվելու կարողության, ոչ միայն Հայաստանում, այլև` արտերկրում նրա ունեցած սեփականության, Ֆրանսիայում երթևեկության խախտումների մասին փաստեր և ոչ ճիշտ խոսելու սովորության առումներով:
«Միանգամից, առանց մտածելու հերքում է [ներկայացված փաստերը սեփականության մասին], քանի որ եթե մտածեր, կնկատեր, որ իր ձեռք բերածները հետք թողել են, և դրանցով կարելի է ապացուցել, որ այդ սեփականությունը ձևակերպված է իր ընտանիքի անունով, ավտոմեքենան` իր եղբոր անունով»,- ասաց խմբագիրը:
Եսայանը հաղորդեց, որ Պետեկամուտների կոմիտեից իրենք խնդրել են տրամադրել պատգամավորի գույքի և հարկի հայտարարագրերը` պարզելու համար, թե նա ինչ սեփականություն ունի, ինչ գումարներ է վաստակել, և արդյո՞ք նա, ինչպես նշել էր, 22 մլն դրամի բարեգործություն է արել:
«Հրապարակային քաղաքական գործիչները պետք է ավելի շատ ուշադրության կենտրոնում գտնվեն, որ ընտրողներն իմանան, թե ում են ձայն տալիս,- ասաց թերթի խմբագիրը:- Վստահ եմ որ ընտրողները եթե իմանային՝ նրա կերպարն իրականում ինչպիսին է, ձայն չէր ստանա ոչ միայն նա, այլև այն կուսակցությունը, որի շարքերում է ինքը»:
Ըստ Եսայանի` թերթի դեմ Արզաքանցյանի` հատկապես այժմ հայց ներկայացնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա «օգտագործվում է իշխանության կողմից և իրեն օգտագործողները հիմա են նպատակահարմար գտել դատական հայց ներկայացնել»: Նա նշեց, որ իրենք նախկինումմ հրապարակել են նաև 122 պատգամավորի մասին նյութեր, ընդ որում՝ եղել են ավելի սուր հրապարակումներ, բայց դատական գործեր չեն հարուցվել:
Նշենք, որ ասուլիսին հրավիրված էր նաև պատգամավորի իրավապաշտպան Վահե Հովսեփյանը, ով հրաժարվել էր գալ:
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
