Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ` 8.5 տոկոս

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 7, 2011 14:05

2011 թ. հունիսի 7-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5%:

2011 թ. մայիսին արձանագրվել է 0.04% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճն ավելացել է 0.1 տոկոսային կետով և կազմել 9.0%:

Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումներն առաջիկա ժամանակահատվածի համար մեղմվել են. հիմնական հումքային ապրանքների գները ամսվա սկզբին նվազել են` կայունանալով նախորդ ամսվա նկատմամբ համեմատաբար ցածր մակարդակներում, իսկ պարենային ապրանքների գները հարաբերականորեն կայուն են:

Խորհուրդը միակարծիք է, որ գնաճային միջավայրի վրա ներքին տնտեսությունից եկող ազդակները շարունակում են չեզոք լինել.  աշխատանքի շուկայի թույլ գնաճային ճնշումները չեզոքացվում են մասնավոր ծախսումների դանդաղ աճով և հարկաբյուջետային քաղաքականության զսպող բնույթով:

Միևնույն ժամանակ, ակնկալվում է նախորդ տարվա համեմատությամբ  տեղական արտադրության գյուղմթերքների արտադրության ծավալների աճի պայմաններում դրանց գների նվազում:

Խորհուրդը գնահատում է, որ գնաճային միջավայրի ընդլայնման հավանականությունը բավականին ցածր է և ֆինանսական շուկայում ձևավորված տոկոսադրույքների միջոցով հնարավոր է առկա գնաճային միջավայրի զսպումը, ինչի արդյունքում կանխատեսվող ժամանակային հորիզոնում գնաճը կձևավորվի 4%±1.5 տատանումների թույլատրելի միջակայքում:

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply