Հույսի նշույլ՝ Հայոց ցեղասպանության թանգարանի շուրջ ծագած տարաձայնությունում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | June 7, 2011 14:10

«Կա ժամանակ դատ բացելու և ժամանակ՝ համաձայնվելու» վերտառությամբ իմ վերջին հոդվածում ես հորդորեցի ամերիկահայ համայնքին համախմբվել և սկսել կյանքի կոչել Հայոց ցեղասպանության թանգարանը և հուշահամալիրը, որը գտնվում է Վաշինգտոնում Սպիտակ տնից երկու թաղամաս այն կողմ։

 

Ես այդ առաջարկությունը ներկայացրեցի այն բանից հետո, երբ դաշնային դատավորը վճիռ կայացրեց, որ «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամը» թանգարանի շենքերի օրինական սեփականատերն է։ Բազմաթիվ ամերիկահայեր հույս ունեին, որ դատարանի վճիռը վերջ կդներ արդեն մի քանի տարի շարունակվող իրավական քաշքշուկներին, որոնց պատճառով ձգձգվեց Ցեղասպանության թանգարանի ստեղծումը և ծախսվեց մի քանի միլիոն դոլար փաստաբանների վրա։

 

Թեև հայկական համայնքում շատերը ողջունեցին իմ կոչը՝ համախմբել ջանքերը և կյանքի կոչել Թանգարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այնուամենայնիվ Հայկական համագումարի առաջնորդները չհամաձայնեցին և որոշեցին բողոքարկել դատարանի վճիռը։ Անշուշտ, Համագումարն իրավունք ունի բողոքարկելու , սակայն դա չի կարող լինել գործի ճիշտ ընթացքը։ Դատավարությունը շարունակելն էլ ավելի կձգձգի ԱՄՆ-ի մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծումը և կվնասի ոչ միայն ամերիկահայ համայնքի, այլ նաև հենց Համագումարի շահերը։

 

Համագումարի անդամներին ու սատարողներին պետք է մտահոգի իրենց որոշ առաջնորդների՝ դատական վեճը շարունակելու համառությունը։ Շատ ավելի նախընտրելի կլիներ, եթե նրանք իրենց սահմանափակ միջոցներն ուղղեին կազմակերպության սոցիալական և քաղաքական գործունեությունը ընդլայնելուն, որոնք վերջին տարիներին զգալիորեն նվազել են տնտեսության անկման և Վաշինգտոնի, Լոս Անջելեսի և Երևանի իր գրասենյակներից աշխատակազմի փորձառու անդամներին աշխատանքից հեռանալու պատճառով։ Կազմակերպության եկամուտն առավել ևս նվազեց՝զրկվելով Համագումարի մի քանի դոնորների աջակցությունից, այն բանից հետո, երբ Համագումարի առաջնորդներից ոմանք ներգրավվեցին վիճահարույց Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովում (ՀԹՀՀ)։ Համագումարը հաստատեց, որ ֆինանսական միջոցների սակավությամբ էր պայմանավորված Միացյալ հայկական հիմնադրամից իր հեռանալը, որը հանդիսանալով յոթ խոշորագույն հայամերիկյան բարեգործական և կրոնական կազմակերպությունների կոալիցիա՝ 1988 թվականի երկրաշարժից ի վեր Հայաստանին և Արցախին տրամադրել է ավելի քան 600 միլիոն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն։

 

Նման հանգամանքներում,  Համագումարի առաջնորդների համար կարող է անարդյունավետ լինել մի քանի միլիոն դոլար ևս ծախսել վճիռը բողոքարկելու վրա, հատկապես, երբ Դատավորը վճռել է, որ իրենց սեփական իրավաբանական ծախսերը վճարելուց բացի, պարտավոր են փոխհատուցել նաև Ջերարդ Գաֆեսճյանի փաստաբանական ծախսերի մի մասը, որը կարող է զգալի գումար կազմել։ Այս միջոցները կարող էին առավել արդյունավետ օգտագործվել Վաշինգտոնում Համագումարի լոբբիստական գործունեությունը կրկին ակտիվացնելու համար կամ ֆինանսավորելու համար այլ արժանի ծրագրեր, ինչպիսին է Ցեղասպանության թանգարանը։

 

Համագումարի առաջնորդները չպետք է նաև իրենց ջանքերը վատնեն դատական գործը մամուլի միջոցով մի անգամ ևս դատելու վրա։ Անցած շաբաթ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթը ստացել է խմբագրին ուղղված մի նամակ՝  Հայկական համագումարի հիմնական սատարողներ ազնիվ և բարերար մի զույգի անունից։ Նրանք իրենց անհամաձայնությունն էին հայտնում «Կա ժամանակ դատ բացելու և ժամանակ՝  համաձայնվելու» վերտառությամբ հոդվածիս կապակցությամբ։ Հետաքրքրական է, որ այս նամակի որոշ տողեր նման էին Համագումարի կողմից մեկ շաբաթ առաջ հրապարակված մամլո հաղորդագրությանը։ Իրականում, տեքստը նման էր փաստաբանի կողմից կազմված դատական գործի շարադրանքի, քան ընթերցողի կարծիքն արտահայտող նամակի։ Զարմանալիորեն, այս նամակն ուղարկվել է ԱՄՆ-ում և Կանադայում 10 հայկական թերթերի և կայքեջերի՝ խնդրելով նրանց հրապարակել դա որպես պատասխան իմ հոդվածին, որը սակայն լույս չէր տեսել այդ թերթերից շատերում:

 

Ես իսկապես հույս ունեմ, որ Համագումարի առաջնորդներն իզուր չվատնեն իրենց ջանքերը նամակագրական արշավներ կազմակերպելով և ապարդյուն բանավեճերի մեջ մտնելով մամուլի անդամների հետ, քանի որ ոչ մի իմաստ չկա թերթերի միջոցով դատավարությունը նորից կրկնելու։ Այս հարցն արդեն իսկ լուծվել է դատական կարգով՝ անկախ դաշնային դատավորի կողմից։

 

Այնուամենայնիվ, անցած շաբաթ վեճերի և մեղադրանքների տակ խորը թաքնված հույսի մի նշույլ հայտնվեց։ Հայկական համագումարի նախագահ պարոն Հրայր Հովնանյանը «Բաց նամակով» առաջարկեց, որ «միգուցե նա կարողանա համոզել բոլոր շահագրգիռ կողմերին համաձայնել բողոքարկում չներկայացնել», եթե պարոն Գաֆեսճյանը երաշխավորի Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծումը։

 

Քանի որ պարոն Գաֆեսճյանն արդեն իսկ հայտնել է դատարանում նման պատրաստակամությունը,  ժամանակն է վայր դնել սրերը և փորձել իրականացնել մեր հիմնական խնդիրը՝ հիմնել համահայկական մի մարմին, որը կստեղծի Հայոց ցեղասպանության թանգարանը Վաշինգտոնում մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

 

Հարութ Սասունյան,

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

 

Դիտվել է 1793 անգամ:
Print Friendly

Leave a Reply