Միջազգային գիտաժողով` նվիրված Պրոֆեսոր Միքայել Մելքումյանի վաթսունամյակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 7, 2011 14:03
Հունիսի 8-ին ժամը 9-ից 17-ը Երևանի Հրազդան հյուրանոցի (Ձորափի 72) կոնֆերանսների սրահում տեղի կունենա սեյսմակայունությանն ու սեյսմակայուն շինարարությանը նվիրված միջազգային գիտաժողով, որին կմասնակցեն ճանաչված գիտնականներ Իտալիայից, Իրանից, Հայաստանից, Հունաստանից, Պորտուգալիայից, Ռումինիայից, Ռուսաստանից և Վրաստանից, ինչպես նաև Հայաստանի նախագծային և շինարարական խոշոր կազմակերպությունների, ՀՀ Արտակարգ իրավիճակների և Քաղաքաշինության նախարարությունների ներկայացուցիչներ:
Սիրելի լրագրողներ, հրավիրում ենք Ձեզ այս յուրօրինակ հոբելյանական գիտաժողովին, որտեղ ոչ միայն ճանաչված մարդկանց կհանդիպեք ու հետաքրքիր բաներ կլսեք, այլև կստանաք Արտակարգ ալիքի պատրաստած «Ապրելով աղետների հետ» տեսաֆիլմը, որը կօգնի տեսարժան ու հետաքրքրաշարժ նյութ պատրաստելուն:
Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մ. Մելքումյանը ծանրակշիռ ներդրում ունի սեյսմակայունության և սեյսմակայուն շինարարության ոլորտներում: Նա հանդիսանում է ավելի քան 180 գիտական աշխատանքների հեղինակ կամ համահեղինակ, այդ թվում 13 գրքի, 10 նորմատիվ փաստաթղթերի և 12 գյուտերի: Պրոֆ. Մելքումյանի մոտ 100 գիտական աշխատանքները հրատարակվել են աշխարհի 27 երկրներում միջազգային լրագրերում և համաշխարհային, եվրոպական ու ազգային կոնֆերանսների աշխատություններում: Որպես գլխավոր կոնստրուկտոր կամ հեղինակային կոլեկտիվների անդամ մշակել է բնակելի, քաղաքացիական և արդյունաբերական սեյսմակայուն կառույցների ավելի քան 80 նախագիծ:
Մ. Մելքումյանի աշխատանքները նվիրված են երկրաշարժերի հետևանքների և տարբեր շինությունների ու կառուցվածքների զանգվածային փլուզման պատճառների վերլուծությանը, սեյսմակայուն կառույցների նոր կոնստրուկտիվ լուծումների ստեղծմանը, սեյսմիկ ազդեցության ներքո երկաթբետոնե կառուցվածքների ոչ առաձգական վարքի ուսումնասիրմանը, այդ կառուցվածքների դինամիկ հաշվարկային մոդելների ստեղծմանը, գոյություն ունեցող շենքերի սեյսմապաշտպանությանը և դրանց սեյսմակայունության բարձրացմանը, ինչպես նաև սեյսմակայուն շինարարության նոր տեխնոլոգիաների ստեղծմանը և ներդրմանը:
1990 թ. ապրիլից մինչև 1991թ. մայիսը նա հետազոտություններ է իրականացրել Տոկիոյի համալսարանի Արդյունաբերական գիտության ինստիտուտում, ուր հրավիրվել էր ինստիտուտի տնօրենի` պրոֆեսոր Թսունեո Օկադայի կողմից: Աշխատանքը Ճապոնիայում դարձավ կարևոր նշաձող Միքաjել Մելքումյանի գիտական կենսագրության մեջ: Այստեղ, իր լայնածավալ փորձարարական հետազոտությունների հիման վրա, նա ստեղծեց հիստերեզիսային դեֆորմացման նոր մոդել, որը նկարագրում է սահքի ենթարկվող երկաթբետոնե կառուցվածքների (պատերի, կոշտության դիաֆրագմայի) վարքը: Ինչպես նշված է Արդյունաբերական գիտության ինստիտուտի կողմից Մ. Մելքումյանին տրված վկայականում, այս մոդելը և դիաֆրագմաների հորիզոնական կոշտության հաշվարկման համար նրա առաջարկված բանաձևն ընդունվել են Օկադայի և Նականոյի լաբորատորիայի կողմից, և մոդելը ներառվել սահքի դեֆորմացիայի գերակշռությամբ բազմահարկ կարկասային շենքերի սեյսմիկ հակազդման վերլուծության հաշվարկային ծրագրերում: Շեշտվում է նաև, որ Մելքումյանի այս հետազոտական աշխատանքները մեծ դեր կունենան աշխարհում սեյսմակայուն շինարարության ոլորտում` նվազեցնելով երկրաշարժերից առաջացող վնասները:
1992-1996 թթ. Միքայել Մելքումյանը դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Ճարտարագիտական քոլեջում, կարդալով դասախոսություններ երկաթբետոնե կառուցվածքների ապագծային վարքի և սեյսմակայուն շինարարության մեջ նրանց նախագծման սկզբունքների մասին: Զուգահեռաբար ղեկավարում է Հայաստանի կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնը, իսկ 1993 թ. մինչև 1997 թ., հաստատվելով կառավարության կողմից տնօրենի պաշտոնում՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Աղետի գոտու վերականագնման ծրագիրը: 1997 թ. նա պաշտպանում է դոկտորական դիսերտացիա «Երկաթբետոնե շենքերի սեյսմիկ հակազդման վերլուծության ժամանակ դինամիկ հաշվարկային մոդելների ձևավորումը» թեմայով:
Նվիրվելով գոյություն ունեցող շենքերի սեյսմակայունության բարձրացման կարևորագույն խնդրին, Մելքումյանը 1995-1996 թթ. ստեղծում է երկրաշարժից շենքերի պաշտպանության երկու եզակի մեթոդ` սեյսմամեկուսացում շենքի հիմքում և «մեկուսացված վերին հարկի» մեթոդը առանց շենքերի շահագործումը դադարեցնելու: Մելքումյանի այս նոր տեխնոլոգիաները հաջողությամբ ներդրվեցին Հայաստանում, որտեղ աշխարհում առաջին անգամ առանց բնակիչների տարհանման վերականգնվեցին և սեյսմամեկուսացման միջոցով ամրացվեցին բնակելի և դպրոցական շենքերը: Նույնպես առաջին անգամ «մեկուսացված վերին հարկի» մեթոդով բարձրացվեց գոյություն ունեցող բազմահարկ բնակելի շենքերի սեյսմակայունությունը: Այն տարիներին սեյսմակայուն շինարարության համաշխարհային փորձը նման նախադեպը չուներ: Ներկայումս Մելքումյանի աշխատանքների շնորհիվ Հայաստանում արդեն կան մոտ 40 սեյսմամեկուսացված շենքեր, և մեկ շնչին ընկնող սեյսմամեկուսացված ամրացված և նոր կառուցված շենքերի թվաքանակի առումով Հայաստանը երկրորդն է աշխարհում Ճապոնիայից հետո:
Այնուհետև Մելքումյանի կողմից ստեղծած գոյություն ունեցող քարե շենքերի սեյսմամեկուսացման տեխնոլոգիան հաջողությամբ ներդրվեց Ռուսաստանում` Իրկուտսկ քաղաքում, իսկ Ռումինիայի կառավարության պատվերով մշակվեց Յաշի քաղաքի քաղաքապետարանի շենքի սեյսմամեկուսացման նախագիծը: Նրա ջանքերի շնորհիվ է, որ Հայաստանում զարգացավ սեյսմամեկուսիչների արտադրությունը: Հայաստանի Քաղաքաշինության նախարարության պատվերով Մելքումյանը մշակել է նաև հետևյալ նորմատիվ փաստաթղթերը. Հրահանգներ շերտավոր ռետինամետաղական բարձիկների օգտագործմամբ շենքերի նախագծման և կառուցման համար, և Հայաստանի Հանրապետության ստանսարտ. 261-2007՝ Սեյսմամեկուսացման շերտավոր ռետինամետաղական բարձիկ: Երկու փաստաթուղթն էլ ընդունվել և հաստատվել են Հայաստանի կառավարության կողմից, իսկ սկսած 2006 թ. առաջին անգամ սեյսմակայուն շինարարության նորմերի պատմության մեջ Հայաստանում գործող նորմերում II-6.02-2006 ներառվեց Բաժին 10-ը. Շենքեր և կառուցվածքներ սեյսմամեկուսացնող համակարգերով:
Մ. Գ. Մելքումյանը Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահն է, ԱՊՀ երկրների Սեյսմամեկուսացման միջազգային ընկերակցության փոխնախագահ, Հակասեյսմիկ համակարգերի միջազգային ընկերակցության գործադիր կոմիտեի անդամ, Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից-անդամ, «Հակասեյսմիկ սարքեր» Հայկական ազգային ТС7 տեխնիկական հանձնաժողովի նախագահ՝ Եվրոպական ստանդարտացման կոմիտեի համանուն СЕN/ТС340 հանձնաժողովին առընթեր, Տոկիոյի համալսարանի Արդյունաբերական գիտությունների ինստիտուտի սեյսմակայունության հետազոտական կենտրոնի արտերկրյա անդամ, Կառուցվածքների դինամիկայի և կառուցվածքների սեյսմիկ հակազդման կարգավորման Եվրոպական ասոցիացիաների անդամ:
Մ. Մելքումյանը եղել է Համաշխարհային բանկի խորհրդատու, Հայաստան Համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ի մասնաճյուղի խորհրդատու, իսկ այնուհետև նաև պաշտոնական ներկայացուցիչը (Նյու Յորք); Հայաստան Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական և Տոկիոյի “Pacific Consultants International” ընկերության խորհրդատու:






Facebook
Tweet This
Email This Post
