Էրդողանը Համշենում ոստիկանական տեռոր է իրականացնում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 7, 2011 14:40
Թուրքիայի Հոպա քաղաքում մայիսի 31-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների գործերը հայտնվել են Էրզրումի հատուկ իրավասությունների գծով դատարանում։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էրզրումի դատարան տեղափոխված 31 համշենցիներից 16-ը ազատ են արձակվել դատարանից եւ վերադարձել Հոպա։ Էրզրումի հատուկ իրավասությունների դատարանը մերժել է ձերբակալված անձանց նկատմամբ առաջադրված «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեղադրանքը։
«Ազատություն եւ համերաշխություն» կուսակցության նախագահ Ալփեր Թաշը Bianet-ի հետ զրույցում նշել է, որ հարեւան նահանգներից բերված հատուկ նշանակության վաշտի ոստիկանները Հոպան շրջափակման մեջ էին առել եւ սկսել քաղաքացիների ձերբակալությունը։ «Ձերբակալել են 16 տարեկան պատանու եւ նույնիսկ հաշմանդամի։ Այս իրադարձությունների պատասխանատվությունն ընկած է Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության եւ ոստիկանության վրա։ Էրդողանի կուսակցության հրամանով փորձ է արվում կոտրել Հոպայի ժողովրդի ոգին»,-նշել է Ալփեր Թաշը։
Ձերբակալվածների փաստաբան Սունա Ջուշքունը պնդել է, թե ձերբակալված հոպացիներին ծեծել են հարեւան նահանգներից բերված ոստիկանները, իսկ ձերբակալվածների նկատմամբ կիրառված բիրտ ուժը որակվում է որպես կտտանք։
Էրդողանի դեմ բողոքի ակցիա իրականացնելու ժամանակ ոստիկանության կողմից կիրառած արցունքաբեր գազի հետեւանքով մահացած ուսուցիչ Մեթին Լոքումջուի համար բացի Հոպայից, Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Մերսինի Միլասի շրջանում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիայի ընթացքում հնչեցրել են՝ «Ամեն տեղ Հոպա, ամեն տեղ դիմադրություն», «AKP-ի ֆաշիզմի դեմ լուռ չմնալ» կարգախոսները եւ Աթաթուրքի հուշարձանին դրել «Մարդասպան AKP» գրությամբ սեւ ծաղկեպսակ։
Թուրքիայում շատերին զայրացրել է այն փաստը, որ Էրդողանն ասել էր, թե չի էլ ուզում իմանալ, թե ով է մահացել Հոպայում՝ նույնիսկ չցավակցելով նրա ընտանիքին։ Թուրքիայի մի շարք քաղաքական եւ հասարակական գործիչներ քննադատել են ոստիկանության անհամարժեք գործողություններն ու ցավակցել սպանված ուսուցչի հարազատներին։
Իրավաբանները բավականին զավեշտալի են համարում բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիներին ներկայացված «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեղադրանքը։
Արթուր Հակոբյան
news.am






Facebook
Tweet This
Email This Post
