Հայոց լեզվից և գրականությունից անբավարար է ստացել 25 դիմորդ
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 7, 2011 13:00
Այս տարի հայոց լեզվի և գրականության միասնական քննության միջին գնահատականը 12,8 է, անցած տարվա 11,4-ի փոխարեն:
Հայոց լեզվի քննությանը հայտագրված 609 դիմորդներից մասնակցել են 509-ը: Դիմորդների գերակշիռ մասը` 250 մարդ կամ 49,1 տոկոսը ստացել է 7,5-13,25 միավոր:
13,5-17,25 միավոր է վաստակել դիմորդների 39,9 տոկոսը (203 մարդ):
Առավելագույն 17,5-20 միավոր է ստացել 31 դիմորդ, ինչը կազմում է դիմորդների 6,1 տոկոսը:
Եղել են նաև անբավարար ստացողներ` 25 դիմորդ կամ 4,9 տոկոսը չի կարողացել հաղթահարել նվազագույն 7,5 միավորի շեմը:
Անցած տարի հայոց լեզու և գրականություն առարկայից անբավարար էր ստացել դիմորդների 6,8 տոկոսը, իսկ առավելագույն 17,5-20 միավոր կարողացել էր ստանալ միայն դիմորդների 3,55 տոկոսը: 2010-ին էլ գերակշիռ մասը` 69,12 տոկոսը վաստակել էր 7,5-13,25 միավոր:
Հայոց լեզվի և գրականության գնահատականներն այսօր կփակցվեն քննական կենտրոններում, իսկ վաղն առավոտյան 9:00-ից մինչև 18:00-ը դիմորդները կկարողանան քննական կենտրոնում բողոքարկել իրենց գնահատականները:
ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանն ասում է, որ առանց բողոքարկումների էլ` հնարավոր է, որ անբավարար ստացած դիմորդների թիվը կրճատվի, քանի որ թեստերը վերանայվում են հնարավոր տեխնիկական խնդիրները շտկելու համար:
Անդրադառնալով քննությանը չներկայացած 100 դիմորդներին` Խաչատրյանն ասում է, որ այս տարվա դիմորդների որոշակի մասը, հնարավոր է, քննության հայտ է ներկայացրել, ապա մտափոխվել. «Նոր ավարտած շրջանավարտը հաստատակամորեն ձգտում է ընդունվել, ավելի վաղ ավարտածների դեպքում իրավիճակն այլ է»:






Facebook
Tweet This
Email This Post
