Այս տարվա դիմորդներին քննասենյակից դուրս սպասողներ չկան

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 7, 2011 12:36

Այսօր ՀՀ և ԼՂՀ 12 քննական կենտրոններում 240 դիմորդներ քննություն են հանձնում կենսաբանություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն առարկաներից:

ԵՊՀ քննական կենտրոնում այսօր քննության էր ներկայացել 44 դիմորդ. 5-ը քննություն են հանձնում աշխարհագրությունից, 2-ը` ընդհանուր պատմությունից և 37-ը` կենսաբանությունից (կենսաբանությունից հայտագրված 4 դիմորդներ չեն ներկայացել):

18-ամյա Էմիլիան  այսօր հանձնում է իր երկրորդ և վերջին քննությունը. դիմել է բժշկական համալսարան: Էմիլիան քիմիայից 16 է ստացել և հույս ունի, որ կենսաբանությունից էլ բարձր գնահատական կստանա: Նա անցած տարի էլ է բուհ ընդունվել, բայց հետո դուրս է մնացել. «Այս տարի կարծես թե ավելի հեշտ է  ստացվում  բուհ ընդունվելը. անցած տարվա համեմատ թեստերը շատ հեշտ են»:

Թեստերի մատչելի  լինելու մասին վկայում է նաև 21-ամյա Անուշը, ով արդեն 3-րդ քննությունն է հանձնում. «Մթնոլորտը հանգիստ է, թեստերն էլ հեշտ են»:

Երևանի քննական կենտրոնում աշխարհագրությունից քննություն հանձնող 5 դիմորդներից մեկն էլ 21-ամյա Վահրամն է: Նա դպրոցն ավարտելուց հետո մեկ տարի տուրիզմ է ուսումնասիրել Եվրոպական ակադեմիայում, ապա բանակ զորակոչվել: Զորացրվելուց հետո որոշել է օգտվել ստեղծված հնարավորությունից և կրթվել ԵՊՀ-ում: Նրա խոսքով` հատկապես հայոց լեզվի քննությունն ավելի բարդ էր պատկարացնում. «Վախերս չիրականացան: Բայց քննությունը  խիստ էր,  անցած տարվա թեստերին էլ  քիչ էին զիջում բարդությամբ»:

Մինչ դիմորդները թեստերն են լրացնում   քննական դահլիճում, քննական մթնոլորտը ներկայացնող էկրանների առջև հանգիստ իրավիճակ է. հազիվ տասը  ծնող է հավաքված, որոնք հանգիստ էկրաններին են նայում. էկրանների մոտ գոյացող  նախորդ տարիների բազմահարյուրանոց հերթերն  ու լարված մթնոլորտը հիշեցնող ոչինչ չկա:

Քննական Կենտրոնի ղեկավար Գյուլնարա Փալիկյանն ասում է, որ այս տարվա դիմորդներին ավելի հեշտ է վերահսկելը. «Երևի տարիքային գործոնն է խոսում. դիմորդները լուրջ են, հանգիստ, չեն շրջվում, մեկը մյուսի հետ չի  խոսում, չեն էլ փորձում արտագրել»:

ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանն էլ ասում է, որ թեստերը, ինչպես և հայտարարել էին, մատչելի են. « Բոլոր թեստերում էլ 30-40 առաջադրանքներ մատչելի են, այնպես որ մի քիչ գրագետ դիմորդը կկարողանա լրացնել ու դրական գնահատական ստանալ»:

Ընդառաջելով բուհերի ընդունող հանձնաժողովների խնդրանքին` ԳԹԿ-ն նաև երկարացրել է բուհերում գործերի ընդունելության ժամկետը մինչև հուլիսի 10-ը: Նոր դիմորդներն արդեն քննություն կհանձնեն 2-րդ փուլով` հուլիսին:

 

 

Այս թեմայով կարդացեք նաև`

Հայոց լեզվից և գրականությունից անբավարար է ստացել 25 դիմորդ

Քիմիայի միասնական քննությունից անբավարար է ստացել դիմորդների 23,2, ռուսերենից` 21,1 տոկոսը

Քննությունների մեկնարկը տրված է. մասնավոր բուհերը դիմորդներ չունեն


 

Դիտվել է 1409 անգամ:
Print Friendly

Leave a Reply