«Բարքեմփ-2011». հաղթող ճանաչվեց «ArmComedy» հումորային նախագիծը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 7, 2011 11:12

Այս տարի «Բարքեմփ-2011»-ի հաղթող ճանաչվեց «ArmComedy»-ի տղաների ներկայացրած հումորային նախագիծը: Նրանք, ստեղծման պատմությունից բացի, ներկայացրեցին «News-hab» լրատվական թողարկումը, որը մատուցում է  «դառը իրականության թթվաշ քննադատություն»: Շորթլիսթում ընդգրկված է եղել հինգ պրեզենտացիա (ներկայացում), իսկ հաղթողն ընտրվել է մասնակիցների ձայների մեծամասնությամբ: Մրցանակը փոքրիկ տեսախցիկ էր, որը հաղթողներին հանձնեց «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանը:

Սա այն տարբերություններից մեկն էր, որով այս տարվա բարքեմփն առանձնացավ նախորդից: «Բարքեմփը» տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող միջոցառումների ցանց է, որն անցկացվում է ամբողջ աշխարհում: Դրանք կես ժամ տևող ներկայացումներ են, որոնք զուգահեռաբար ընթանում են տարբեր սրահներում: Հայաստանում այն անցկացվում է երկու օր` հունիսի առաջին շաբաթ-կիրակին, Ամերիկյան համալսարանի չորս լսարաններում: Այս տարի ընդհանուր առմամբ եղել է 42 ներկայացում:

«Բարքեմփ» թարգմանաբար նշանակում է  բուխարու կրակի մոտ անբռնազբոս զրույցներ: Այն ընդունված է անվանել բարքեմփ չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցկացվում է ոչ ֆորմալ` անկաշկանդ ձևաչափով, որը ենթադրում է բաց քննարկումներ և մտքերի, հարց ու պատասխանի ազատություն` սահմանված ժամանակի շրջանակներում:

Կոնֆերանսին մասնակցել կարող է յուրաքանչյուրը, ով կարծում է, որ իր նախագիծը կարող է հետաքրքրել հանրությանը: Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ի աշխատակից Գեղամ Վարդանյանը, որ կազմակերպիչներից է, «Անկախին» ասաց, որ սահմանափակում կա միայն գովազդային և քարոզչական նախագծերի համար:

«Կրոնական կազմակերպությունը, օրինակ, կարող է գալ և ներկայացնել, թե ինչպես է օգտագործում սոցիալական մեդիան իր կրոնը քարոզելու համար, բայց չի կարող քարոզել իր կազմակերպությանը անդամագրվելու համար»,- ասում է նա:

Բարքեմփի անցկացման գաղափարը ծնվել է Միացյալ նահանգներում. առաջին անգամ անցկացվել է 2005թ. Սիլիկոնային հովտում: Հայաստանում բարքեմփ անելու  միտքը  ծագել է, երբ այսօրվա կազմակերպիչները մասնակցել են արտերկրի բարքեմփի:  Գեղամ Վարդանյանն առաջին անգամ բարքեմփի է մասնակցել 2007 թ., Ամստերդամում: Այդ նույն տարին առաջին անգամ բարքեմփ է կազմակերպվել հետխորհրդային տարածքում` Կիևում, որին հաջորդել է 2008 թ. «Բարքեմփ Բալթիքսը» Ռիգայում, «Բարքեմփ Կովկասը» Թբիլիսիում։

Թիֆլիսյան բարքեմփը կազմակերպում է Եվգենի Մորոզովը, որը հայտնի է հետխորհրդային տիրույթում բարքեմփային գործունեությամբ: Այդ բարքեմփում մասնակցում է նաև մոտ 10-հոգանոց հայկական խումբը. Գեղամ Վարդանյանը ներկայացնում է  մարտի 1-ի դեպքերի ժամանակ բլոգային պլատֆորմով տարածված տեղեկատվությունը որպես սոցիալական մեդիայի  դասական օրինակ:

2009 թ. Հայաստանում կազմակերպվել է  առաջին բարքեմփը: Որքան էլ մեզ համար տարօրինակ է, այն որևէ կազմակերպություն չի ներկայացնում և որևէ տեղ գրանցված չէ. նախաձեռնող խումբն աշխատում է հասարակական հիմունքներով: Չկոնֆերանսը կազմակերպվում է ՏՏ ոլորտի զարգացմամբ հետաքրքրվող մի խումբ էնտուզիաստների ջանքերով: Խումբը ղեկավար չունի և ամեն տարի փոխվում է. ոմանք գնում են, գալիս են ուրիշները:

«Խմբում կան ծրարգրավորողներ, բլոգերներ, լրագրողներ` մոտ 15 հոգի, ամեն մարդ մասնակցում է այնքանով, ինչքանով թույլ են տալիս իր ժամանակն ու կարողությունը,- ասում է Վարդանյանը,- չկան մարդիկ` չկա բարքեմփ, ու եթե միջոցառումը վատ ստացվի, ուրեմն  վատ ենք կազմակերպել»:

Նախաձեռնող խմբին աջակցում է կամավորների 10-15-հոգանոց թիմը, որոնք աշխատում են բոլոր սրահներում. հսկում են, որ տեխնիկական անսարքություն չլինի, հիշեցնում են մասնակիցներին տրամադրված ժամանակի սպառման մասին և կատարում են այլ աշխատանքներ:

Այս տարվա բարքեմփն անցած տարվանից  տարբերվեց նաև մասնակիցների  թվով` մոտ 800 մարդ (2009թ. այդ թիվը եղել է 300),  նաև` արտերկրից եկած հատուկ հյուրերով. BBC World News-ի հաղորդավար և լրագրող Փունեհ Ղոդուսի, «Օպերա Սոֆթվեր» ստանդարտների տնօրեն Չարլզ Մակքեթինևիլ և այլք:

Բարքեմփի ձևաչափը թարգմանություն չի ենթադրում, և անգլերեն պրեզենտացիաները հայերեն չէին թարգմանվում: Բայց եթե դա ընդունելի է օտարերկրյա հյուրի համար, ապա հասկանալի չէ, թե ինչու էին որոշ հայեր իրենց նախագծերը  ներկայացնում անգլերեն: Բարեբախտաբար, քանի որ միջոցառման ձևաչափը ազատ է, ցանկացած պահի, եթե  ներկայացումը հետաքրքիր չէ, կարող ես լքել սենյակն ու գնալ  դիտելու մեկ այլ ներկայացում:

Հաջողված են համարվում այն ներկայացումները, որոնց լսելու համար գալիս են շատերը, և սենյակում նստելու տեղ չի լինում. շատերը նստում են գետնին: «ArmComеdy»-ի տղաների ներկայացումից բացի, լեփ-լեցուն սրահում անցավ նաև Անահիտ Վարդանյանի ներկայացրած «չՏտեսություն» նախագիծը:  Այն մեմերի հանրագիտարան-մանրագիտարան է։

«Մեմը» օնլայն տարածքում ծնված  հումորային ծագմամբ արտահայտություն է, որը համընդհանուր տարածում է գտնում: Անահիտը ներկայացրեց «չՏեսության» առաջին էջը` «Ջուջուլ», որը հետաքրքիր նախապատմություն ունի: «Վիվասելի» գրասենյակ է գնում սև շորերով, «ծիծակ» կոշիկներ հագած, ավանդական ռաբիսի կերպարով մի անձնավորություն և գրասենյակի աշխատողին ասում, որ իր ջուջուլը չի աշխատում: Պարզվում է, որ խոսքը վերաբերում է «Google»-ին:

Այս տարի առաջին անգամ անցկացվեց նաև աշխատանքային տոնավաճառ: «Մենք անցյալ տարի նկատեցինք, որ մարդիկ ինքնաբերաբար ձևով  ներկայացման ավարտին մոտենում էին գրատախտակին և գրում իրենց տվյալները, իսկ գործատուներն էլ թողնում էին այցետոմսեր,- ասում է Վարդանյանը,- և այս տարի որոշեցինք դրա համար առանձին տեղ տրամադրել»:

Նախագծի հեղինակները ենթադրում էին, որ մասնակիցները լավատեղյակ  են ՏՏ ոլորտին վերաբերող հասկացություններին և տերմիններին և  ներկայացնողներից շատ քչերն էին հարցնում լսարանին, թե տեղյա՞կ են արդյոք` ինչ է նշանակում, օրինակ, startup: Այս գաղափարը ներկայացնող Գրիգոր Եղիազարյանն այդ հարցով դիմեց լսարանին, և պարզվեց, որ ներկաների մոտ 25 տոկոսը դրանից գաղափար չունի:

Startup-ը նորաստեղծ ընկերություն է, որի հիմքում ընկած է գաղափարի իրագործումը փոքրաթիվ մարդկանցով և նվազագույն ֆինանսական միջոցներով: Startup ստեղծելը պատճառաբանվում է նաև սրտամոտ գործ գտնելու մտահոգությամբ:

«Կյանքում միշտ չէ, որ ստացվում է աշխատել մի տեղ, որը քեզ դուր է գալիս,- ասում է Եղիազարյանը,- դրա համար կարելի է գաղափարներ  հղանալ և մտածել, թե ինչպես կյանքի կոչել դրանք: Ես աշխատում եմ և գործից հետո ունենում եմ 3-4 ժամ, որպեսզի աշխատեմ իմ startup-ի վրա, դրա համար պետք է շատ արագ գործել»:

Եղիազարյանն ստեղծել է սեփական startup-ը և ներկաներին պատմեց իր երազանքը` տեսնել Հայաստանը տեխնոլոգիապես զարգացած երկիր:

«Բարքեմփ Երևան 2011»-ի հովանավորներն ու աջակիցներն են «Բիլայնը», «Ինտերնյուսը»` USAID-ի ֆինանսավորմամբ «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում, «Օպերա Սոֆթվեյրը», «Դիմ Քոմունիքեյշնսը» և panarmenian.net/arm/ լրատվական կայքը:

 

 

 

 

 

Դիտվել է 1607 անգամ:
Print Friendly

Leave a Reply