«Ժամանակը» հերքում կտպագրի և Քոչարյաններին կվճարի 3 մլն դրամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 6, 2011 18:53

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակվեց «Բելլա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի» գործով դատական ակտը: Դատարանը որոշեց Քոչարյանների ներկայացրած հայցը բավարարել մասնակի։ Վճռով «Ժամանակը» պարտավորվեց Քոչարյանների ընտանիքի անդամների մասին հրապարակած նյութերի հերքումը տպագրել։ 6 մլն դրամի փոխհատուցման պահանջի հարցով ևս դատարանը որոշեց պարտավորեցնել «Ժամանակին» 3 մլն դրամ վճարել Քոչարյանների ընտանիքին՝ նրանց վիրավորելու, զրպարտելու, պատիվն ու բարի համբավը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար։ Հայցադիմումի մյուս 3 մլն դրամի պահանջը, որը Քոչարյաններն ուզում են դատական ծախսերի համար, դատարանը մերժեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, մասնավորապես, նրա կինը՝ Բելլա Քոչարյանը, և ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատական հայց են ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր և հրատարակիչ «Մեդիա Սկիզբ» ընկերության դեմ՝ պարբերականին մեղադրելով Քոչարյանների ընտանիքին վիրավորելու և զրպարտելու համար, ինչի հետևանքով, հայցվորի պնդմամբ, արատավորվել է նրանց պատիվը, արժանապատվությունն ու գործարար բարի համբավը։ Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամի փոխհատուցում է պահանջում օրաթերթից՝ 3 մլն–ը դատական ծախսերի համար, իսկ մյուս 3 մլն–ը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։

Հիշեցնենք, որ այս գործով վճիռը դատարանը պետք է հրապարակեր մայիսի 5–ին, սակայն այդ օրը կայացած նիստում դատարանն անսպասելի որոշում էր կայացրել՝ վերսկսել դատական քննությունը։

Դատական այսօրվա նիստի ավարտին Քոչարյանների փաստաբան Արփինե Մելիքբեկյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին՝ հեռանալով դահլիճից։

«Ժամանակի» շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի հարցին ի պատասխան նշեց. «Ակնկալում էի, որ դատարանի մոտեցումը ավելի տրամաբանված կլիներ, այսինքն կարծում էի, որ մասնակի կբավարարեր, բայց պարտավորեցնելով միայն հերքումը տպագրել, ինչը ողջամիտ կլիներ»։ Բաղդասարյանի խոսքով՝ իրենք ունեն փաստաթուղթ, որ դատավոր Արայիկ Մելքումյանը կոպիտ խախտումներով է նման որոշում ընդունել։ «Ես ունեմ փաստաթուղթ, որ այս որոշումը դատարանը չի կայացրել»,- ասաց նա՝ առանց մանրամասնելու, թե ով է նման որոշում պարտադրել դատավորին։ Բաղասարյանը նշեց միայն, որ Փաստաբանների պալատի նախագահն օրերս ասել է, թե ով է նման գործերով որոշում կայացնում։ «Ժամանակի» փաստաբանը հայտնեց նաև, որ իրենք կբողոքարկեն դատարանի որոշումը, քանի որ այն անօրինական են համարում։

Tert.am

 

Դիտվել է 1555 անգամ:
Print Friendly

Leave a Reply