Բնակբաշխման հանձնաժողովի նիստ Ախուրյանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 6, 2011 18:10

ՀՀ քաղաքաշինության նախարարության, պետական միջոցներով աղետի գոտում, 2009-2013 թթ. բնակարանային շինարարության ծրագրով կառուցվող բնակարանների բաշխման հանձնաժողովը, ՀՀ քաղաքաշինության նախարար

Վ. Վարդանյանի ղեկավարությամբ, այսօր` հունիսի 6-ին  արտագնա նիստ անցկացրեց Ախուրյան համայնքում:

ՀՀ քաղաքաշինության նախարարը հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց, որ նախքան շենքերի շահագործումը, որը նախատեսվում է 2012 թվականին անօթևանների փաստաթղթերի ուսումնասիրումն ու նրանց շահառու ճանաչելը հետապնդում է այն նպատակը, որպեսզի բնակարնները կառուցվեն ըստ սենյակների թվի պահանջարկի:

Նշենք, որ մինչև օրս Ախուրյանում անօթևանների հերթացուցակում հաշվառված են 184 ընտանիք, որից բնակբաշխման հանձնաժողովին բնակարան ստանալու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր հանձնել են 182 ընտանիք, սակայն այդ ընթացքում 3 միայնակ ծեր շահառուներ մահացել են, ուստի նրանց փաստաթղթերը դիտարկման ենթակա չեն: Ախուրյանում ևս կան մի շարք երկրաշարժից անօթևան ընտանիքներ, ովքեր թեև երկրաշարժին բնակարան են կորցրել, սակայն բնակարանաշինության ներկա փուլից չեն կարող օգտվել անօթևանների հերթացուցակում հաշվառված չլինելու պատճառով: Հիշեցման կարգով նշենք, որ ՀՀ կառավարության աղետի գոտում բնակարանաշինությունը և բնակարանների բաշխումը կանոնակարգող որոշումների համաձայն բնակարաններ հատկացվում են միայն այն անօթևան ընտանիքներին, ովքեր 2008 թ.-ին մասնակցել են վերահաշվառմանը:

Այսօրվա նիստի ընթացքում քննարկվեցին բնակարանների բաշխման հանձնաժողովի աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված 62 ընտանիքների փաստաթղթային փաթեթներ, ինչպես նաև 22 ընտանիքների մերժման ենթակա փաստաթղթերը:

Բնակարանների բաշխման գործընթացը կանոնակարգող ՀՀ կառավարության որոշումների համաձայն մերժման ենթակա դիմումատուները հրավիրված էին և մասնակցեցին նիստին: Ինչպես և սպասվում էր մերժվող ընտանիքների ներկայացուցիչները հայտնեցին իրենց դժգոհությունը, ինչին ի պատասխան քաղաքաշինության նախարարը խորհուրդ տվեց իրենց իրավունքները պաշտպանել դատարանում:

ՀՀ քաղաքաշինության նախարարի հավաստիացումներով Ախուրյան համայնքում  երկրաշարժից անօթևան ընտանիքներին բնակարանային ապահովման ծրագրով «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցվելու է  3 բազմաբնակարան շենք, մոտ 105 բնակարանով:

Ավելացնենք, որ տարբեր ԶԼՄ-ներում վերջերս եղան մի շարք հրապարակումներ այս տարի ևս Ախուրյանում բնակարանաշինության աշխատանքների հետաձգման մասին: Հրապարակումներում որպես շինաշխատաքների հետաձգման  հիմնական պատճառ նշվում էր կառուցման համար հատկացված տարածքում գրունտային ջրերի առկայությունը: Սակայն, այդ խնդրին իրենց համատեղ հերկման հայտարարությամբ անդրադարձան Քաղաքաշինության նախարարությունը և «Գլենդել Հիլզ» ընկերությունը, որում մասնավորապես ասվում էր. «Ախուրյան համայնքում բնակարանաշինությունն սկսելուց առաջ կառուցապատող կազմակերպությունը («Գլենդել Հիլզ» ՓԲԸ) շինարարության մեկնարկից առաջ պատվիրել է ինժեներա-երկրաբանական հետազոտություն: Համաձայն փորձագիտական եզրակացության, տարածքում 2.7-3 մետր խորության վրա առկա են գրունտային ջրեր, որոնք հոսող չեն և խոչընդոտ չեն շենքերի կառուցման համար: Բացի այդ, փորձագիտական եզրակացությունն արձանագրել է, որ շինարարության և կառուցվածքների շահագործման վրա ազդող երկրաբանական պրոցեսներ` սողանք, փլուզում և այլն չկան: Ախուրյան համայնքում բնակարանաշինության պետական ծրագիրը մեկնարկել է, ընթանում են հողային աշխատանքները»:

 

«Շիրակ կենտրոն» ՀԿ

 

 

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply