Վահան Հովհաննիսյան.«ՀՅԴ-ն այդ ժամանակ գրեթե ամբողջությամբ ճակատում էր, էդ պետք է տականք լինես, որ նման բան հայտարարես, բայց դե ոչինչ, մենք սովոր ենք նման բաների»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 6, 2011 15:45

«Իշխանության և ՀԱԿ-ի երկխոսության արդյունքն արդեն զգացվում է՝ համատեղ հարձակում է սկսվել ՀՅԴ-ի վրա: Շնորհակալություն ենք հայտնում հիստերիկ և բացարձակապես անհիմն հարձակումների համար»,- այսօր խորհրդարանում՝ գարնանային նստաշրջանն ամփոփող ասուլիսում հայտարարեց ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ այդ երկխոսության արդյունքում վերջապես մեր երկրում վերսկսվում է գաղափարական պայքարը:

«ՀԱԿ-ի ղեկավարը շատ արհեստականորեն և ուռճացված է ներկայացնում ՀՅԴ-ի անհանգստությունը երկխոսության նկատմամբ»,- շարունակեց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ իրենք հասկանում են Լևոն Տեր-Պետրոսյանի այս մոտեցումը, քանի որ «նախ միտինգի եկող ժողովրդ թիվն անընդհատ քչանում է», հետո էլ, ըստ ՀՅԴ-ականի, ՀԱԿ-ի ղեկավարը ՀՅԴ-ի վրա կենտրոնանալով ցանկանում է շեշտել իշխանության հետ երկխոսություն սկսելու գործընթացի կարևորությունը: ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով՝ ՀԱԿ առաջնորդի նման մոտեցումը ՀՅԴ-ի նկատմամբ բացատրվում է նրանով, որ ՀԱԿ-ը նոր թիրախ է փնտրում:

Ողջունելով ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը՝ ՀՅԴ-ական պատգամավորը նշեց, որ մինչ օրս գաղափարական մեկ մրցակից են ունեցել՝ ի դեմս կառավարության, իսկ այս երկխոսությամբ գաղափարական մրցակիցները շատանում են:

«Ի՞նչ է ասում Լևոն Տեր-Պետրոսյանը, նա ասում է նույնը, ինչ ասել է նախկինում: Նա ասում է՝ Հայաստանը չի կարող դիմանալ և Սերգոն կրկին կարող է լավ ապրել, եթե Հայաստանը միայն ու միայն հանձնի Ղարաբաղը»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ Դաշնակցությունը նույն Ղարաբաղի խնդրի հետ կապված այն տեսակետին է, որ որքան էլ դժվար է՝ հնարավոր է ապրել-զարգանալ՝ առանց այն հանձնելու: Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ իշխանության համար կարևորը սեփական իշխանությունը պահելն է, և նա ԼՂ հարցում այն դիրքորոշմանն է, որ պետք է դիմանալ, զարգանալ, սակայն ինքը չի կարող: «Գաղափարական հենքի պակասից է, որ այս տատանումների մեջ է հայտնվել իշխանությունը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է իշխանության հետ ՀԱԿ-ի բանակցություններին՝ Վահան Հովհաննիսյանը շեշտեց. «Խնդիրն այն է, թե ով է բանակցում և ինչու: Ինձ համար հստակ է, որ ՀԱԿ-ի բանակցությունները չպետք է ներկայացնել որպես ամբողջ հասարակության բանակցություն իշխանության հետ, որովհետև ժողովրդի մի մեծ զանգված ոչ մեկին՝ այդ թվում ՀԱԿ-ին ձայն չի տվել»:

Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ ՀԱԿ առաջնորդի՝ վերջին հանրահավաքի ելույթում Դաշնակցության մասին հնչեցրած այն հայտարարությանը, թե ղարաբաղյան պատերազմի տարիներին ՀՅԴ-ն հանրահավաքներով հրահրում էր ներքաղաքական վիճակը: «ՀՅԴ-ն այդ ժամանակ գրեթե ամբողջությամբ ճակատում էր, էդ պետք է տականք լինես, որ նման բան հայտարարես, բայց դե ոչինչ, մենք սովոր ենք նման բաների»,- հայտարարեց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ այնպիսի գերագույն գլխավոր հրամանատարը, որից թաքուն են ազատագրում Շուշին, կարող է նման հայտարարություններ հնչեցնել:

Ի դեպ, նա համաձայնեց Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե իրենք կարողացան միջազգային հանրության կողմից Հայաստանի նկատմամբ աննախադեպ ճնշում ապահովել: Բայց Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ այդ  ճնշումը ոչ թե Հայաստանում ժողովրդավարության հաստատմանն է ուղղված, այլ Ղարաբաղի խնդրին:

Tert.am

Դիտվել է 2263 անգամ:
Print Friendly

Leave a Reply