«Նախագահի հրամանները այդպես էլ մնում են անկատար. հեռուստատեսությամբ հայտարարություններ են արվում և վերջ”.Հրաչ Բերբերյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 6, 2011 15:19

Հայաստանում այս տարի ծիրանի բերքատվությունը կկազմի 25-30%, խնձորինը՝ 50%, իսկ դեղձինը մոտ 70%: Այս կանխատեսումներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:

Ըստ նրա`բացի այն, որ պատշաճ կերպով չիրականացվեցին բույսերի պաշտպանության և կրծողների դեմ պայքարի միջոցառումները, հակակարկտային կայանները նույնպես բարձր արդյունավետություն չապահովեցին:

«Խնդիրը նրանում է, որ ծրագիրը սկսելուց նախատեսվում էր հակակարկտային կայանների համար օգտագործել ացետիլին նյութի բազայի վրա հիմնված պարկուճներ, ինչի փոխարեն, ցավոք սրտի, օգտագործվում է բութան: Այս փոխարինված հումքով պարկուճներն էլ, ի զարմանս ինձ, ուղղակի անհետացել են»,- նշեց միավորման Բերբերյանը:

Անդրադառնալով ոռոգման ջրի խնդիրներին՝ Բերբերյանն ասաց, որ գյուղացու համար այն մատչելի դարձնելու միակ եղանակը միջնորդ կազմակերպությունների ծառայություններից հրաժարվելն է:

«Ոռոգան համակարգի համար պետությանը գյուղացու հետ կապող օղակ կարող է հանդիսանալ թեկուզ գյուղապետարանը: Թող գյուղապետարանը բաշխի և հաշվարկի ջուրը, այդ դեպքում, գյուղացու համար այն կարժենա ընդհամենը 4,5 դրամ»,- ասաց Բերբերյանը:

Մասնագետի պնդմամբ` բոլոր այս խնդիրներն ստեղծվում են համապատասխան մարմինների թերի աշխատելու հետևանքով:
«Նախագահի հրամանները այդպես էլ մնում են անկատար. հեռուստատեսությամբ հայտարարություններ են արվում և վերջ: Ժամանակն է, որ նախագահին առնթեր ստեղծվի մի լուրջ հանձնաժողով, որը կհետևի հանձնարարականների իրականացմանը»,- կարծիք հայտնեց Բերբերյանը:

 

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply