Վերակառուցվել եւ վերազինվել է Արցախի` Հայաստանի հետ սահմանային Աղավնո հսկիչ կետը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 6, 2011 12:43

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Հարությունյանն այսօր այցելեց Արցախի’ Հայաստանի հետ սահմանային Աղավնո հսկիչ կետ, որտեղ մասնակցեց վերակառուցված անցակետի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցն Արցախից, նախկին հարմարեցված շինության փոխարեն շահագործման հանձնվեց արդի չափանիշերին համապատասխան երկհարկանի շենք, որը վերազինվել է նաեւ ժամանակակից տեխնիկայով: Բացի շենքային պայմանների բարելավումից, լուսավորվել է նաեւ տարածքը, իսկ քաղաքացիների համար բարելավվել է կայանման կետը:

Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ Աղավնո հսկիչ կետի հիմնական գործառույթն ուղղված է ՀՀ-ից Արցախի տարածք եւ հակառակ ուղղությամբ ապրանքանյութական արժեքների ներմուծման ու արտահանման գործընթացի կարգավորմանը: Պետի տեղակալի խոսքով’ քանի որ հայկական երկու հանրապետությունները գտնվում են միեւնույն մաքսային դաշտում, Արցախի սահմանային կետերը մաքսատան գործառույթներ չեն կատարում: «Ներկայում Արցախում գործում է ՀՀ-ի հետ երկու սահմանային հսկիչ կետ, սակայն ներմուծվող եւ արտահանվող ապրանքանյութական արժեքների գրեթե 95 տոկոսը կատարվում է հենց Աղավնո անցակետով: Այդ հանգամանքը հաշվի առնելով’ բարեկարգման աշխատանքները սկսել ենք Աղավնոյից»,-ասաց Ա. Հարությունյանը: ԼՂՀ հարկային պետական ծառայության պետի տեղակալի խոսքով’ այն առաջին հերթին ուղղված է հսկիչ կետում սպասարկման որակի բարձրացմանը:

Ա. Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ ծրագիրը լինելու է շարունակական, եւ առաջիկայում վերակառուցվելու եւ վերազինվելու է նաեւ հանրապետության մյուս անցակետը:

 

Դիտվել է 1149 անգամ:
Print Friendly

Leave a Reply