ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւան կայցելեն հունիսի 9-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 6, 2011 12:38

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) Երեւան կայցելեն հունիսի 9-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, միջնորդները հանդիպումներ կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Նշենք, որ համանախագահների այցը նպատակ ունի նախապատրաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում Կազանում հունիսի վերջին: Հանդիպման մասին վկայակոչել են Մինսկի խմբում համանախագահող երկրների’ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Նիկոլա Սարկոզին եւ Բարաք Օբաման’ Դովիլում մայիսի 26-ին «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում արված հայտարարության մեջ: Նրանք կոչ են արել «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին’ հունիսին ծրագրված հանդիպմանն ավարտին հասցնել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ»:

«Հիմնարար սկզբունքների վերջնական տարբերակը, որը քննարկվել է Սոչիում մարտի 5-ին, արդար եւ հավասարակշիռ հիմք է հանդիսանում համընդունելի խաղաղ կարգավորման նախապատրաստման համար»,-նշվել է համատեղ հայտարարության մեջ:

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ’ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան նախատեսված է այսօր: Ծրագրվում է այց նաեւ Ստեփանակերտ:

 

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply