Ադրբեջանի նախագահն ասել է, որ Էդվարդ Մարգարովին ներկայացնելու կարիք չկա

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | August 23, 2009 15:16
Էդվարդ Մարգարով

Փառաբանված «Արարատ» ֆուտբոլային թիմի ռմբարկու Էդվարդ Մարգարովը ներկայումս մայրաքաղաքի «Կիլիկիա» շտաբում է: Նա հուլիսին հանրային դիվանագիտության՝ հայ ադրբեջանական մտավորականների պատվիրակության կազմում այցելել է Բաքու, որտեղ ծնվել է, ճանաչում ձեռք բերել: Այնպես որ, հանրածանոթ խաղացողի հետ զրույցի ժամանակ շոշափվեցին ոչ միայն ֆուտբոլային թեմաներ:

Փառաբանված «Արարատ» ֆուտբոլային թիմի ռմբարկու Էդվարդ Մարգարովը ներկայումս մայրաքաղաքի «Կիլիկիա» թիմի շտաբում է: Նա հուլիսին հանրային դիվանագիտության` հայ-ադրբեջանական մտավորականների պատվիրակության կազմում այցելել է Բաքու, որտեղ ծնվել է, ճանաչում ձեռք բերել: Այնպես որ, հանրածանոթ խաղացողի հետ զրույցի ժամանակ շոշափվեցին ոչ միայն ֆուտբոլային թեմաներ:
– Այժմ «Կիիկիայում» դուք ի՞նչ կարգավիճակ ունեք:
– Ինձ այդ ակումբի նախագահ Աշոտ Աղաբաբյանն աշխատանքի է հրավիրել` որպես մարզիչ: Սակայն, ըստ նոր կարգի, պահանջվում է մարզչական արտոնագիր, որը ես չունեմ. համապատասխան քննություն չեմ հանձնել: Պաշտոնապես ինձ իրավունք չի վերապահվում մարզիչ աշխատել: Այդ է պատճառը, որ ես կատարում եմ խորհրդատուի պարտականություն: «Կիլիկիայում» կա մարզչական շտաբ, և անհրաժեշտ աշխատանքը կատարվում է համատեղ:
– «Կիլիկիան» ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում նախավերջին տեղում է, ո՞րն է դրա պատճառը:
– Խաղացողները երիտասարդ են, ժամանակ է անհրաժեշտ, որ նրանք իրենց դրսևորեն: Միանգամից հնարավոր չէ լավ թիմ ստեղծել: Իհարկե, կարելի է այլ երկրներից ֆուտբոլիստներ հրավիրել և թիմն ուժեղացնել: Նրանք 1-2 տարի կխաղան և կհեռանան, բայց այդ ընթացքում կկորցնենք մեր երիտասարդ ֆուտբոլիստներին:
– Սակայն «Կիլիկիան» ունի՞ ֆուտբոլի դպրոց:
– Կա այդպիսի դուստր մի կառույց, և մտածում ենք դպրոց ստեղծելու մասին: Թեև թիմը սեփական մարզադաշտ ունի, բայց ֆուտբոլի դպրոցի համար այնպիսի պայմաններից, ինչպիսիք ունեն «Փյունիկը», «Բանանցը», «Միկան», առայժմ զուրկ ենք:
– Բայց «Կիլիկիան» անգամ թիմ չունի Հայաստանի առաջին խմբի առաջնությունում(Բարձրագույն խմբի շատ թիմերի փոխարինողների թիմերը խաղում են առաջին խմբում):
– Այսուհանդերձ, մեր ակումբի ներկայացուցիչները հանդես են գալիս տարբեր տարիքային խմբերի Հայաստանի պատանեկան առաջնություններում:
– Ձեր թիմի ո՞ր օղակներում խաղացողների խնդիրներ կան:
– Դրանք շատ են գրեթե բոլոր օղակներում:
– Վերջերս տրանսֆերային պատուհան էր բացվել: «Կիլիկիայից» մի խումբ ֆուտբոլիստներ են հեռացել, սակայն փորձառու խաղացող միայն Սարգիս Մովսիսյանն է եկել: Նա էլ ձեր թիմի խաղացողն էր, որ «Արարատից» վերադարձավ: Իսկ ինչո՞ւ «Կիլիկիայի» կազմը չի ուժեղացվում:
– Դա փոքր-ինչ բարդ խնդիր է, և ես չէի ցանկանա այդ մասին խոսել:
– Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը նորմա՞լ է անցնում:
– Կարծում եմ` այո:
– Այսուհանդերձ, երբեմն-երբեմն տարաբնույթ հակամարտություններ են առաջանում:
– Աշխատում եմ դրանցից հեռու մնալ:
– «Արարատի» ձեր նախկին խաղընկերներից միայն մի քանիսն են հայկական ֆուտբոլում մնացել: Ինչո՞վ է դա պայմանավորված:
– Պարտադիր չէ, որ ով լավ ֆուտբոլ է խաղացել, հետո մարզիչ աշխատի: Հնարավոր է, որ նրանցից ոմանք իրենց բիզնեսն ունեն:
– Հայկական ակումբներն անկարող են մասնակցել եվրոպական գավաթային մրցաշարերին, ազգային հավաքականը ձախողվել է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Ո՞վ է մեղավոր:
– Դժվարանում եմ ասել: Կրկին ֆուտբոլային երկիր դառնալու համար պետք է մանկապատանեկան ֆուտբոլի դպրոցներ ստեղծենք:
– Հուլիսի սկզբին դուք Բաքվում էիք հայտնվել, ինչպե՞ս դա ստացվեց:
– Ինձ հեռախոսով զանգահարեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը և հարցրեց, թե կարո՞ղ եմ Հայաստանի պատվիրակության կազմում մեկնել Բաքու: Ես նրան ասացի, որ ոչ մի խնդիր չկա: Մեր պատվիրակությունը բաղկացած էր 10 մարդուց էր, և նրանք տարբեր բնագավառներ էին ներկայացնում:
– Հայաստանից ուղևորվեցիք ինքնաթիռո՞վ
– Առավոտյան հավաքվեցինք Երևանի փոքր օդանավակայանում, ապա ուղղաթիռով մեկնեցինք Ստեփանակերտ: Այնտեղ մեզ միացան Ադրբեջանի ներկայացուցիչները: Նրանք եկել էին ավտոմեքենայով: Միասին հանդիպեցինք Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին: Նրա, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների ժամանակ մեր շոշափած թեման այն էր, որ ոչ խաղաղություն է, ոչ պատերազմ անհասկանալի իրավիճակ է, և պետք է փորձենք երկու երկրների ժողովուրդների միջև կապեր հաստատել: Ադրբեջանցիների հետ միասին եկանք Երևան, հանդիպեցինք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Հետո արդեն «Զվարթնոց» օդանավակայանից «Յակ 40» ինքնաթիռով մեկնեցինք Բաքու: Ստեփանակերտում, Երևանում, Բաքվում ընդունելությունները, ճաշկերույթները, շրջագայությունները բարձր մակարդակով էին: Այնպես որ, ոչ մի խնդիր չառաջացավ:
– Հետաքրքիր է, ինչպե՞ս անցավ Հայաստանի պատվիրակության ընդունելությունը Բաքվում:
– Քաղաքը դիտելուց հետո, մենք հանդիպեցինք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ի դեպ, երբ սկսեցին ներկայացնել հավաքվածներին, և հերթը հասավ ինձ, Ալիևն ընդհատեց, ասելով, որ Մարգարովին ծանոթացնելու կարիք չկա, քանի որ նա երկու հանրապետությունների համար լեգենդար ֆուտբոլիստ է: Ալիևը նշեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին խոսել են այն մասին, որ Մարգարովն անպայման լինի երկու երկրների ներկայացուցիչների այդ հանձնաժողովի կազմում:
– Ադրբեջանի նախագահի հետ նախկինում հանդիպե՞լ էիք:
– Ոչ, ես Իլհամ Ալիևի հետ չեմ շփվել, սակայն առիթներ եմ ունեցել հանդիպելու նրա հորը` Հեյդար Ալիևին: Ինչևէ, երեք երկրների նախագահների հետ հանդիպումները հաճելի էին:
– Նրանց հետ ի՞նչ լեզվով էիք խոսում:
– Ռուսերեն:
– Դուք ադրբեջաներեն գիտե՞ք:
– Ադրբեջաներեն ես գիտեմ, սակայն ոչ այնքան լավ:
– Հայերե՞ն եք լավ խոսում, թե՞ ադրբեջաներեն:
– Իհարկե հայերեն:
– Ադրբեջանում որևէ հյուրանոցում իջևանե՞լ էիք:
– Դրա համար ժամանակ չկար: Երեք երկրների նախագահների հետ հանդիպման համար նախատեսված էր մեկ օր:
– Բաքվում ձեր նախկին թիմի`«Նեֆթյանիկի» խաղընկերներին հանդիպեցի՞ք:
– Այո, նրանցից մի քանիսը եկել էին ինձ տեսնելու: Անվանիներից նշեմ Կազբեկ Տուաևին, Վալերի Գաջիևին: Ռեստորանում կայացած մեր մտերմական հանդիպման ժամանակ ներկա էին նաև այն տարիների մի խումբ ֆուտբոլասերներ: Բոլորն էլ արդեն տարիքներն առած մարդիկ են:
– Խոսակցությունը միայն ֆուտբոլի՞ն էր վերաբերում, թե այն նաև քաղաքականության կողմն էր շրջվում:
– Լինում էր, սակայն քաղաքական թեմաները փորձում էինք սահուն շրջանցել:
– Երկար ժամանակ դուք Բաքվում եք ապրել: Ձեր տունը տեսնելու ցանկություն չունեցա՞ք:
– Ինձ ցույց տվեցին իմ հայրական տունը, նաև այն տունը, որում բնակվել էի մինչև Երևան տեղափոխվելս: Ես ծնվել և մեծացել եմ Զավակզալնայա թաղամասում, որտեղ հայերն էին ապրում: Հետո եմ միայն տեղափոխվել քաղաքի կենտրոն` Պուշկինի փողոց:
– Եղա՞ք ձեր տներում:
– Ոչ, այնտեղ մարդիկ են ապրում, պարզապես անհարմար էր:
– Բաքուն շա՞տ էր փոխվել:
– Այո, այն ավելի գեղեցիկ էր դարձել, քան առաջ էր: Նախկինում Բաքուն մի փոքր մռայլ, ծխով պատված քաղաք էր: Այժմ այն դարձել է եվրաարաբական ոճի:
– Ի՞նչ եք կարծում երկու երկրների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը որևէ արդյունքի կհասնի՞:
– Գտնում եմ` արդյունք կլինի: Իսկ ամեն բան պետք է վճռեն երկու երկրների նախագահները: Պարզապես, նրանք չպետք է ձգձգեն իրենց երկխոսությունը:
– Այժմ շատ է խոսվում պատերազմը վերսկսելու վտանգի մասին:
– Ես քաղաքագետ, դիվանագետ չեմ, սակայն կարծում եմ, որ պատերազմ չի լինի, որովհետև դա կողմերից ոչ մեկի համար էլ ձեռնտու չէ: Գործնականում պատերազմում հաղթողներ չեն լինում, միայն կորուստներ են:
– Դուք ֆուտբոլի մարդ եք, պատրա՞ստ եք քաղաքականության մեջ մտնել:
– Իհարկե, միայն թե կարողանանք կնճռոտ հարցերը լուծել:
– Հանձնաժողովի հաջորդ քայլը ո՞րն է լինելու: Այն գործելո՞ւ է:
– Եթե այն չի աշխատելու, ապա իմաստ չկա, որ կրկին հանդիպենք: Պայմանավորվել ենք առանձին ծրագրեր կազմել: Ադրբեջանցիները և մենք այն կարծիքին ենք, որ դրանք պետք է լինեն մշկույթի և սպորտի վրա հիմնված: Երկու երկրներում էլ այդ բնագավառներում ընդհանրությունները շատ են, մշակույթը և սպորտը ժողովրդականություն են վայելում:

Դիտվել է 1562 անգամ:
Print Friendly

Leave a Reply