Գերմանիայի դեսպանի, ՀԱԿ-ի հանրահավաքի և դիվանագիտական վարքականոնի մասին
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 6, 2011 14:35
“Դեսպանի պարտականությունն է հետևել ներքաղաքական իրադարձություններին”,-“Անկախի” հետ զրույցում նշեց Հայաստանում Գերմանիայի դեսպանատան մամուլի բաժնի աշխատակից Սյուզաննա Ղազարյանը` պարզաբանելով մամուլում տարածված տեղեկատվությունը:
yerkir.am-ը հունիսի 3-ին հրապարակված “Ընդդիմադիր” դեսպանը” հոդվածում նշել էր, որ “Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանը «արմատական» ընդդիմության հանրահավաքներին ոչ միայն պարտաճանաչ մասնակցում է, այլև կազմակերպիչների հետ հարթակ է բարձրանում` խախտելով վերոհիշյալ էթիկայի բոլոր գրված ու չգրված կանոնները,”, որով, ըստ թերթի, նա “կոպտորեն միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին, ավելին` հստակ դիրքորոշվել է իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում` հօգուտ վերջինի”:
Անկախը փորձեց հասկանալ, թե արդյոք նպատակահարմա՞ր է ներքաղաքական իրադարձություններին հետևել` հարթակում գտնվելով: Դեսպանատնից փաստը բացատրեցին ավելի լավ տեսադաշտ ունենալու հանգամանքով:
Իսկ դեսպանը քաղաքական կողմնորոշում ունի՞, թե՞ ոչ: Պատասխանեցին, որ դեսպանը իրեն չի նույնականացնում ՀԱԿ-ին:
Քանի որ, ինչպես դեսպանատան աշխատակիցը նշեց, դեսպանի պարտականությունների մեջ է մտնում ներքաղաքական իրադաձություններին հետևելը, ապա ենթադրվում է, որ Գերմանիայի դեսպանը իշխանության հանրահավաքներին նույնպես մասնակցում է:
Դեսպանատնից բացատրեցին, որ դեսպանը շատ հանդիպումներ է ունենում` չնշելով գեթ մեկ օրինակ, որ նա մասնակցել է իշխանության կամ ոչ ՀԱԿ-ի հանրահավաքի:
Դիվանագիտության փորձագետը, որը չցանկացավ անունը նշել, “Անկախի” հետ զրույցում ասաց, որ դիվանագիտական վարքականոնը չգրված օրենք է ենթադրում, և դա դրսևորվում է յուրաքանչյուր դիվանագետի արժեքային մոտեցումներով:
Այդուամենայնիվ, աղբյուրը նշեց, որ դիվանագիտական պրակտիկայում ընդունված չէ համակրանք արտահայտել այս կամ այն քաղաքական ուժի առնչությամբ: Այլ երկրում այդպիսի բան դեսպանը իրեն թույլ չէր տա. մասնակցել քաղաքական ակտիվ միջոցառման, լինի դա հանրահավաք, թե այլ ձևաչափի հանդիպում:
Այսինքն` այդ դեպքում դեսպանն ինքն իրեն չի ներկայացնում, այլ ներկայանում է որպես հավատարմագրող պետության ղեկավարի` Գերմանիայի իշխանության, ներկայացուցիչ` Alter ego (“այլ ես”):
Իսկ եթե հանրահավաքի ժամանակ բռնության հնարավորություն լինի՞. շատ մեծ միջազգային սկանդալ կլինի: Այս և այլ հիմնախնդիրներից խուսափելու համար դեսպանները, ըստ փորձագետի, որպես կանոն, չեն մասնակցում հանրահավաքներին, առավել ևս կանգնում հարթակում ընդդիմության ղեկավարության հետ:
Նա, այնուամենայնիվ, նշեց, որ Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թ. Վիեննայի կոնվենցիայի համաձայն` դեսպաններն ազատ տեղաշարժվելու իրավունք ունեն, եթե խոսքն արգելված գոտիների մասին չէ, իսկ հանրահավաքը արգելված գոտի չի եղել:
Սակայն, եթե խոսքը դեսպանի անձնական նախաձեռնության մասին չէ, այսինքն ,եթե նա հանրահավաքի է գնացել ոչ որպես անձ (Հանս-Յոխեն Շմիդտ), այլ որպես դեսպան, ապա ենթադրվում է, որ ՀՀ ԱԳՆ-ն պետք է ապահովեր պրոտոկոլային սպասարկում:
Դեսպանատնից իրազեկում են համապատասխան նոտայով, և պրոտոկոլային սպասարկում է իրականացվում (օրինակ` ուղեկցում են դեսպանին):
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ զրույցում պարզվեց, որ Պետական արարողակարգի վարչությունը չի սպասարկում դեսպանի նմանօրինակ հանդիպումները:
ՀՀ ԱԳՆ “Պետական արարողակարգի ծառայություն” գործակալության կանոնադրության համաձայն` գոծակալության գործառույթները ներառում են.
– Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումների արարողակարգի ապահովումը. (թ)
– Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների հետ ընթացիկ աշխատանքների, գույքի օգտագործման, դիվանագիտական անձնակազմի անձեռնմխելիության և արտոնությունների հետ կապված հարցերի կարգավորումը. (ժգ)
– օտարերկրյա պետությունների արտաքին հարաբերությունների գերատեսչությունների, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներով չնախատեսված այլ մակարդակի և մասնագիտական փորձագիտական պատվիրակությունների այցերի ու նրանց մասնակցությամբ միջոցառումների նախապատրաստման և իրականացման աշխատանքների ընդհանուր համակարգումը. (ժե) և այլն:






Facebook
Tweet This
Email This Post
