Կվերապատրաստվեն թանգարանային շուրջ 100 աշխատակիցներ
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | June 6, 2011 10:22
Ընթացիկ տարում թանգարանային աշխատակիցների համար կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ: Աշխատանքներն իրականացվում են «Մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ վերաորակավորման համալիր» ծրագրի շրջանակներում:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակութի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Նորա Դայանը, նախատեսվում է դասընթացներում ընդգրկել մարզերի ու Երեւանի թանգարանների շուրջ 100 աշխատակիցների:
Դասընթացների թեմաները տարբեր են լինելու’ առարկաների պահպանություն եւ հաշվառում, թանգարանային մարքեթինգ եւ այլն: Ն. Դայանը նշեց, որ մինչ դասընթացները, աշխատանքներ են տարվում թանգարանների հետ, եւ դիտարկելով եղած բացերը’ ըստ դրանց էլ կազմվում են թեմաները: Այս տարի նախատեսվում է, որ Հայաստանից մի քանի նկարների վերականգնողներ կվերապատրաստվեն Ռուսաստանում: Ըստ վարչության պետի’ այս տարի վերապատրաստման դասընթացներում կընդգրկվեն ոչ միայն նախարարության ենթակայության ներքո գործող թանգարանների աշխատակիցները:
Նախորդ տարի նույնպես իրականացվել են թանգարանային վերապատրաստման դասընթացներ: Ընդհանուր առմամբ վերապատրաստվել է շուրջ 110 աշխատակից: Հայաստանից նաեւ աշխատողներ են վերապատրաստվել Կազանում, Մինսկում եւ Վարշավայում:
Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո գործում է շուրջ 60 թանգարան, իսկ ընդհանուր առմամբ’ 110:






Facebook
Tweet This
Email This Post
