Հայ հնագետի բացառիկ պեղումները եգիպտական Լուքսորում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | June 5, 2011 21:49

«ԻԿՕՄՕՍ-Հայաստան» կազմակերպության անդամ, կահիրեաբնակ հնագետ-եգիպտագետ Հուրիկ Սուռուզյանը հայտնել է նոր մանրամասներ փարավոնների 18-րդ դինաստիայի փարավոն Ամենհոթեպ III-ի (Ք. ա. 1390-1352թթ.) թաղման տաճարի պեղումների վերաբերյալ, որոնք ընթանում են Լուքսորի արեւմտյան մասում: Հնագիտական արշավախմբի խնդիրն ինչպես տաճարի, այնպես էլ պեղումներով բացված նոր գտածոների վերականգնումն ու պահպանությունն է:

«ԻԿՕՄՕՍ-Հայաստան»-ի փոխանցմամբ, արշավախումբը հայտնաբերել է Ամենհոթեպ III-ի ալեբաստրե (հատիկավոր գիպս) արձանը (կոլոս)` թաղման տաճարի 3-րդ հենասյան մոտ` Կոմ էլ-Հեթաննում: Արձանից երեւում է, որ Ամենհոթեփ III-ը նստած է եւ կրում է Նեմեսի գլխազարդ, կարճ ծալավոր շրջազգեստ եւ ունի թագավորական մորուք:

Եգիպտոսի Հնությունների հարցերով պետական նախարար Զահի Հավասը հայտարարել է, որ արձանը Մեմնոնի կոլոսի հյուսիսային զույգն է եւ հնարավոր է, որ այս 2 արձաններն էլ փլուզվել են երկրաշարժից, սակայն դրանց մնացորդները դեռ տեսանելի են Նեղոսի ողողատների հնագիտական շերտերում: Երկու արձանների գահերից մեկի հետնամասը հայտնաբերվել էր դեռեւս նախորդ պեղումների ժամանակ եւ դրա մասնակի տեսքը հրատարակվել է: Պեղումներով հետզհետե հայտնաբերվող մյուս մասերը հետագայում թույլ կտան ամբողջացնել արձանը եւ մոտ ապագայում արձանը կվերականգվի իր սկզբնական տեղում: Զ. Հավասը Ամենհոթեպ III-ի դեմքը նկարագրել է որպես թագավորական դիմանկարների գլուխգործոց. այն ունի նշաձեւ աչքեր` շեշտված կոսմետիկ միջոցներով, կարճ քիթ եւ լայն շուրթերով մեծ բերան` սահմանագծված սուր եզրերով: Արձանը շատ լավ է պահպանված եւ ունի 1,2 մ բարձրություն: Չնայած մեծ չափերին` դեմքը համաչափ եւ չափազանց լավ է քանդակված:

Հնագիտական արշավախմբի ղեկավար պատմական գիտությունների դոկտոր Հուրիկ Սուրոզյանը գտածոն գնահատում է առանձնակի կարեւոր` եգիպտական արվեստի եւ քանդակագործության, ինչպես նաև տաճարի պատմության տեսանկյունից: Կոլոսը եզակի է որպես քանդակի բացառիկ օրինակ է` կատարված ալեբաստրով` Միջին Եգիպտոսում հայտնի Հաթնուբի քարհանքի քարով, որը շատ հազվադեպ է օգտագործվում արձաններ կերտելիս: Կոմ Էլ-Հեթաննից գտնված զույգ արձանները եզակի են իրենց լավ պահպանվածության եւ չափերի առումով եւս:

Տաճարի մեծ բակի կենտրոնական մասի քարտեզագրման եւ մաքրման ժամանակ, որտեղ պեղվել են հատվածներ նախնական սալահատակից, Հ. Սուրուզյանի արշավախումբը հայտնաբերել է աստվածության գլուխը` քանդակված գրանիտ-դիորիտե ժայռակտորի մեջ: Գլուխը ունի 28,5 սմ բարձրություն եւ ներկայացնում է տղամարդ աստծուն, որը կրում է զոլավոր կեղծամ: Հյուսած մորուքի մի մասը պահպանվում է ծնոտի տակ:

Տաճարի մեծ դահլիճում եւս հայտնաբերվել է Ամենհոթեպ III-ի կարմիր կոթողը, որը վերականգնվել է արշավախմբի կողմից` ամբողջացնելով հայտնաբերված 27 մեծ ու փոքր բեկորները: Վերականգնված կոթողն ունի մոտ 7,40 մ բարձրություն, որը կազմում է նախնական կոթողի բարձրության 4/5-րդ մասը:

Կոթողի վերականգնված մասը ներկայացնում է 2 տեսարան` Ամենհոթեպ III-ին եւ նրա կնոջը` թագուհուն` Տիեին, որոնք Ամոն-Ռա եւ Սոկար աստվածներին նվիրատվություններ են անում: Կոթողի մնացած մասը զարդարված է 25 տող հիերոգլիֆներով, ուր թվարկում են Ամենհոթեպ III-ի կողմից Թեμեի մեծ աստվածներին նվիրված տաճարները:

Նշենք, որ Հուրիկ Սուրուզյանի արշավախումբը հնագիտական ուսումնասիրություններ է կատարում Ք.Ա. 21-11դարերին Եգիպտոսի մայրաքաղաք հռչակված Թեբեի այն մասում, որը գտնվում է այժմյան Լուքսոր քաղաքի արեւմտյան մասում:

 

NEWS.am

 

Դիտվել է 3034 անգամ:
Print Friendly

Leave a Reply