Ի՞նչ արժե լողավազան այցելելը Երեւանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 5, 2011 13:55
Երեւանում մեկ անգամ լողավազան այցելելն արժե 2-ից 6 հազար դրամ: Սա է ցույց տալիս NEWS.am-ի անցկացրած հետազոտությունը Երեւանում գործող լողավազանների շրջանում:
Երեւանում գործում են մեկ տասնյակից ավելի լողավազաններ, ըստ որում` դրանց մի մասը գործում է հյուրանոցային համալիրներում: Հյուրանոցների լողավազաններում մեկանգամյա այցելությունը արժե 5-ից 6 հազար դրամ, ինչպես օրինակ` «Անի պլազայում», «Էրեբունի պլազայում» եւ այլն, ընդ որում` գնի մեջ մտնում են նաեւ այլ ծառայություններ` ֆիտնես, սաունա, ջակուզի եւ այլն: «Անի պլազայում» լողավազան այցելելու համար աբոնեմենտը` նախատեսված 1-3 անձերի համար, 1 ամսվա ընթացքում 9 ժամ լողանալու համար արժե 22-ից 396 հազար դրամ: Աշխատանքային օրերին մինչեւ ժամը 16-ը «Էրեբունի պլազայում» լոզավազանից օգտվելն արժե 3 հազար դրամ:
ՀԱԹ-ում գտնվող «Արվասար» կենտրոնի լողավազանում 1,5 ժամ լողանալու համար պետք է վճարել 2 հազար դրամ, իսկ ամսական 12 պարապմունքի համար` 14 հազար դրամ, «Հայաստան» առեւտրի կենտրոնի լողավազանում 2 ժամ լողալու համար պետք է վճարել 2500 դրամ, որի մեջ մտնում է նաեւ սաունան, իսկ ամսական 12 այցելության համար` 25 հազար դրամ: «Արարատ» հյուրանոցի լողավազանում մարզչի օգնությամբ մեկ անգամ լողանալու համար պետք է վճարել 2 հազար դրամ, աբոնեմենտը 20 հազար դրամ է, ուսանողների համար` 15 հազար դրամ:
«Ակվատեկ» սպորտային-վերականգնողական եւ ժամանցային կենտրոնում մինչեւ մեկ մետր հասակ ունեցող անձանց համար լողավազանի մեկանգամյա այցելությունը անվճար է, մինչեւ 1, 40սմ` 3 հազար դրամ, իսկ ավելի հասակ ունեցողներինը` 5 հազար դրամ, այդ գնի մեջ մտնում է նաեւ ջակուզին եւ ատրիակցիոնները: Շաբաթ եւ կիրակի օրերին լողավազան մեկանգամյա այցելությունը արժե 6 հազար դրամ: Կարմիր Խաչի «Cross» լողավազանից օգտվելու համար անհրաժեշտ է աբոնիմենտ վերցնել, որը 12 այցելության համար արժե 18-ից 37 հազար դրամ, դրա մեջ մտնում է նաեւ սաունան եւ մարզասրահը:
«Գոլդ Ջիմ» լողավազանից մեզ գների հետ կապված տվյալներ չասացին` նշելով, որ անպայման պետք է գալ եւ տեղում ծանոթանալ, ըստ որում` նրանց խոսքով` այդպես է նաեւ քաղաքացիների դեպքում: «Ակվալենդ» կենտրոնից եւս մեզ գների մասին տեղեկություն չտրամադրեցին:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
