Մինչ գիշերօթիկի տզերն առաջին կարգի պատիժն էին իրականացնում փոքրերի դեմ, դաստիարակները հանգիստ սրճում էին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | June 5, 2011 6:30
«Հունիսի 1-10-ը գիշերօթիկ դպրոցում սպասողական շրջան է: Ամեն րոպե պատրաստ են քեզ ասել. «պատրաստվիր, մայրդ եկել է»: Խոսքը, սակայն, ոչ ծնողազուրկ երեխանների մասին է, իսկ ծնողից զրկված երեխանները նայում են ամեն գնացողի ետևից ու երանի տալիս:
Այդ օրերին իմ միակ զբաղմունքն էր առավոտից երեկո որպես դիտակետ ծառայող լուսամուտից դուրս նայելը: Եթե ավտոբուս էր երևում մայրուղու վրա, մտքում աղաչում էի, որ մյուսների նման իմ մայրն էլ գար, որ աշխարհի երեսին անտեսված ու մենակ չզգայի, կյանքն անտանելի չհամարեի, ու ողջ գույների ներկապնակն հասանելի լիներ նաև ինձ:
Թե´ առավոտ, թե´ երեկո սա իմ միակ երազանքն էր` աղոթքի պես կրկնվող նույն խոսքերով. «Աստված ջան, ընենց արա, որ էս կեղտոտ ամառը շուտ անցնի: Դու չես պատկերացնում, թե ինչ ահավոր ա ըստեղ մնալը, սա իսկական դժոխք ա, որովհետև վաղվանից քննություններից ազատվում են մեծերը, ու մենք դառնում ենք դրանց պարապ վախտի խաղալիքը: Ով ոնց ուզում, ընենց խաղացնում ա` հատկապես դաշտում…»:
Ես խորշում էի «խաղացնել դաշտում» արտահայտությունից, որովհետև դա նշանակում էր երեխաներին հավաքել դպրոցի ետնամասում գտնվող քարքարոտ, փշածածկ վայրը, որը չգիտես ինչու` ֆուտբոլի դաշտ էին անվանում, շարել իրարից 1 մետր հեռավորութամբ, ստիպել կիսապպզած, ձեռքերը հորիզոնական տարածած անթարթ նայել արևին: Հանդգնողին, հրամանը չկատարողին սպասվում էր 1-ին կարգի պատիժ:
Ի՞նչ է իրենից ներկայացնում 1-ին կարգի պատիժը: Նախ, առաջին կարգի պատժի տարատեսակներ գոյություն ունեին, բայց սա այն տարատեսակն է, երբ «ապստամբին» կանգնեցնում են կենտրոնում, իսկ շրջան կազմած համադասարանցիներին ստիպում, օղակը նեղացնելով, մոտենալ կենտրոնում կանգնածին: Հենց որ մոտենում էին, լսվում էր հրամանը` «խփե՛լ», ու համադասարանցիների անհամաչափ հարվածների տակ զոհը գալարվում էր:
Օրենքում գործում էր մի կետ, որ եթե չես խփում, տուզերն են քեզ խփում: Իսկ նրանք, ովքեր ջանասիրաբար կատարում էին տուզերի հրամանը, նրանց մեկժամյա ընդմիջում էր տրվում:
Ընթերցողը կասի` իսկ ո՞ւր էին օրվա հերթապահ դաստիարակ կոչվածները: Ասեմ. տզերի խնդրանքով կամ իրենց ցանկությամբ հավաքվել էին սրճելու: Սրճում էին հանգիստ, դանդաղ, առանց շտապելու` հուսալով, որ երեխաներն ապահով ձեռքերում են: Անհանգստության, տագնապի նշանները երևան էին գալիս, երբ մոտենում էր ընթրիքը, նրանց մոտալուտ հերթափոխություն կոչված ազատությունը կամ տնօրենի անակնկալ այցը: Իսկ պատժվողը ոչինչ անել չէր կարող, չէր կարող բողոքել, ոչինչ արժեր համարձակությունդ և դեռ ավելին` կլսեիր դաստիարակի կոպիտ կշտամբանքը. «Լա´վ ա արել, ուրեմն մի զիբիլ կերել եք, ուրեմն արժանի եք: Որ խելոք մնաք, խի՞ պտի խփեն, ընենց որ, ռադ էղեք խումբ»:
Եթե այս կոպիտ պատասխանով վերջանար, լավ էր, որովհետև հաճախ դասատուն ինքն էր հարվածում` ցանկանալով լռեցնել խոսքդ:
Կար և վատագույն տարբերակ` տեղեկացնել ավագներին: Վերջիններս դա անհետևանք չեին թողնի: Նախ կկիրառվեր այն պատիժը, որի մասին խոսեցինք, հետո նոր միայն կքննարկվեր մատնիչին մեկօրյա սովի մատնելուն հարցը:
Սով…Մի ամբողջ օր փորձում ես ընկերներիցդ կես պատառ հաց աղերսել, բայց մերժում ես ստանում, քանի որ նրանք քաջ գիտակցում են, որ մեծահոգության արդյունքը նույն իրավիճակում հայտնվելն է: Լավ գիտեն, որ սովի մատնվածին բոլորի հետ միասին իջեցնում են ճաշարան, կանգնեցնում դեմքով դեպի ճաշողները` մինչ ավարտը, ապա բոլորի հետ միասին վերադարձնում խումբ: Հազարից մեկը, որ կհանդգներ հարձակվել սեղանին դրված ուտելիքի վրա, հետո սարսափելի փորձության կենթարկվեր:
Մինչ դաստիարակը, «սրճելու ուղեգիր» ստանացած, գնում էր կոլեգաների մոտ, երեխաների հետ մնացած տուզը, սենյակի կենտրոնը ազատելով, դնում էր մի սեղան, վրան` աթոռ: Աթոռի վրա նստեցնում էր սովյալին ու թռնելու պարանով կապում սեղանի ոտքերից մեկին: Պարանի մի ծայրը տուզի ձեռքին էր: Այս ներկայացումը տեղի էր ունենում հեռուստացույցի բարձրացված ձայնի ներքո, որպեսզի աղմուկը խլանար: Տուզն իր ձեռքի պարանը ձգում էր` հեռանալով սեղանից առնվազն երկու երեք մետր: Ձգված պարանը ողջ ուժով քաշելուց հետո աթոռին նստածը հայտնվում էր աննկարագրելի դիրքում: Արյուն տեսնելով` դադարեցվում էր «զվարճանքը», իսկ կոտրվածքի դեպքում` և´ զվարճանքը և´ թե սովը: Ավելին, որպես լռելու երաշխիք` առաջարկվում էր երկու բաժին ճաշ:
Ամառը, այս ամենից բացի, ուներ մի լավ կողմ: Կարող է ցանկացած օր, առավոտյան կողմ գալ տնօրենն ու հայտարարել մանկական ճամբար մեկնելու մասին: Ա´յ սա հրաշք էր: Լուրն ուրախացնում էր թե´ փոքրերի, թե´ մեծերին:
Այստեղ խաղացողները նույնն էին, բայց խաղն ուրիշ էր` քողարկված դաժանությունը հանդիսատեսին ներկայացնել որպես բարի վերաբերմունք, քաղցրություն…»:
Աշոտ Գրիգորյան
Նուբարաշենի հատուկ դպրոցի նախկին սան






Facebook
Tweet This
Email This Post
