Սպանություն, ապա ինքնասպանություն գործած Սենիկ Մկրտչյանը Գյումրիում հայտնի հեղինակություն էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 4, 2011 17:26
Երեկ` հունիսի 3-ին Գյումրիում տեղի ունեցած սպանության և ինքնասպանության դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքում փաստով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրգործը հարուցվել է ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանություն) և 235 հոդված (Ապօրինի զենք պահելը, կրելը եւ օգտագործելը) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ժամը 16:30-ի սահմաններում Երեւանյան խճուղու մերձակայքում ինքնասպան էր եղել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ 47-ամյա Սենիկ Մկրտչյանը: Նա Ախուրյանի «Կուլակավան» կոչվող թաղամասի բնակիչ էր և Գյումրիում հայտնի «հեղինակություններից»: Սենիկ Մկրտչյանը նաև «Եվրո» տաքսի ծառայության սեփականատերն էր, Գյումրիում զբաղվում էր ոսկու առևտրով: Նախքան իր ինքնասպանությունը` Սենիկ Մկրտչյանը Շիրակի մարզի Արթիկի շրջանի Հոռոմ գյուղում հրազենով սպանել էր իր ընկերուհուն` 27-ամյա Մայա Մկրտչյանին` կրակելով նախ նրա ձեռքին, ապա գլխին:
Դեպքի վայրում հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ Սենիկ Մկրտչյանը սպանությունը կատարել է աղջկա մոր և քեռու աղջկա ներկայությամբ: Սպանությունից հետո նա նստել է իրեն պատկանող Nissan Armada 10 ԼԼ 670 համարանիշի ավտոմեքենան և վերադարձել Գյումրի, որտեղ էլ «Մեծ Անիվ» ավտոպահեստամասերի խանութի մոտակայքում ինքնասպանություն է գործել:
Նա սպանությունը կատարել է «Մակարով» տեսակի ատրճանակից, և ըստ որոշ տեղեկությունների, ատրճանակը եղել է համարակալված, հաշվեցուցակային, ինչը ոստիկանների մոտ զարմանք է հարուցել, թե ինչպես կարող էր հաշվեցուցակային ատրճանակը հայտնվել հայտնվել իրավապահ համակարգում երբեք չաշխատած անձի մոտ:
Զենքն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, քննիչի կողմից նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություն, որից հետո պարզ կլինի, թե ում է պատկանել «Մակարովը»:
Սենիկ Մկրտչյանին պատկանող Nissan Armada մեքենան տեղափոխվել է ոստիկանության տուգանային հրապարակ:






Facebook
Tweet This
Email This Post
