Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում են գտնվում Նուբարաշենի երկու տասնյակից ավելի բնակիչներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 4, 2011 16:55

ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը 1in.am-ի մեզ հետ զրույցում հաստատել է, որ ջրի թունավորման հետևանքով այս պահին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում են գտնվում Նուբարաշենի երկու տասնյակից ավելի բնակիչներ։

«Երեկ, ժամը 20։00-ից սկսվել է բնակիչների հոսքը, մինչև այսօր առավոտյան 11։30-ը։ Մի քանի ժամ է՝ արդեն հոսք չկա»,- տեղեկացնում է Արա Ասոյանը։

Ըստ նրա՝ 26 դիմողներից 6-ը մեծահասակներ են, 20-ը երեխաներ, այդ թվում՝ մեկ ամսական երեխա։ Բոլորի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության, մահացության դեպքեր չկան:

Գլխավոր համաճարակաբանը նշում է, որ շուրջ 16-ժամյա բուժման ընթացքում դրական տեղաշարժ կա, թունավորվածների ինքնազգացողությունը լավացել է։

«Վարակը, միանշանակ տարածվել է ջրի միջոցով, բայց թե երբ է ջուրն աղտոտվել, ինչ կերպ՝ չեմ կարող նշել»,- ասել է Արա Ասոյանը։

Ջրի աղտոտման պատճառների վերաբերյալ 1in.am-ը խոսել է նաև համապատասխան այլ մասնագետների հետ: Վերջիններս միանշանակ նշել են, որ ջրի աղտոտումը հիմնականում տեղի է ունենում ցանցի մաշվածության հետևանքով։ Այս դեպքում չի բացառվում, որ խմելու ջրերին կարող էին խառնվել նաև կոյուղաջրեր։

Ըստ մասնագետների՝ Երևան քաղաքի ջրային համակարգն այսօր բավականին մաշված վիճակում է, վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվում, և նման թունավորումներ ու վթարներ կարող են տեղի ունենալ ցանկացած պահի, ցանկացած բնակավայրում։

 

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply