Պանրային մտածելակերպը ոչնչացնում է «Մարդկության հուշարձան»-ը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 4, 2011 16:46
Կարսի քաղաքապետարանը շարունակում է հայ-թուրքական բարեկամությանը նվիրված «Մարդկության հուշարձան»-ի քանդման աշխատանքները` միաժամանակ որոշելով քաղաքում տեղադրել Կարսում հայտնի «Քաշար» պանրի արձանը:
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Կարսի քաղաքապետարանը հաղորդագրություններ է ուղարկել Միացյալ նկարիչների և քանդակագործների միությանն ու համալսարանների գեղեցիկ արվեստների ֆակուլտետներին՝ հայտնելով, որ պատրաստվում են Կարսում տեղադրել պանրի և մեղրի արձաններ։ «Պանրի արձանը կունենա 1,5 մետր բարձրություն և 2,1 մետր լայնություն։ Մեղրի արձանի բարձրությունը կլինի 3,3, լայնությունը՝ 1 մետր։
Haberturk-ի հետ զրույցում Կարսի քաղաքապետը նշել է, թե «Քաշար» պանրի եւ մեղրի արձանները կտեղադրեն քաղաքի մուտքի երկու կողմերում։ «Տեսնողները կասեն, որ «Քաշար» պանիրն ու մեղրը Կարսում հայտնի են։ Քաղաքը ներկայացնող սննդամթերքը օգուտ կտա եւ Կարսի արտադրանքի համար նոր շուկաներ կապահովի»,- ասել է Նեվզաթ Բոզքուշը։
Կարսի Մարդկության հուշարձանի հեղինակ, հայտնի քանդակագործ Մեհմեդ Աքսոյը պանրի արձան տեղադրելու հետ կապված հայտարարել է. «Սա պանրային մտածելակերպ է։ Հուշարձանը քանդող մտածողությունն է ցույց տալիս։ Մտածում են, թե արձանը ուտելու-խմելու պես մի բան է»,- ասել է թուրք քանդակագործը։
Հիշեցնենք, որ կոթողը հեղինակած քանդակագործ Մեհմեթ Աքսոյի փաստաբանները հայց էին ներկայացրել Կարսի քաղաքապետարանի` հուշարձանն ապամոնտաժելու մասին ընդունած որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով: Էրզրումի վարչական դատարանը որոշում էր կայացրել ժամանակավորապես հետաձգել ապամոնտաժումը: Սակայն Կարսի քաղաքապետարանը բողոքարկել էր այդ որոշումը, և դատարանը, բավարարելով բողոքը, թույլ էր տվել ապամոնտաժել «Մարդկության հուշարձանը»:
Հայաստանի սահմանից 40կմ հեռավորության վրա գտնվող այդ հուշարձանի նախնական անվանումը եղել է «Հայաստանի հետ բարեկամության և հաշտության հուշարձան», իսկ հետո, կտրուկ արձագանքներ ստանալու հետևանքով անվանափոխվել է «մարդկայնության հուշարձանի»: Հունվարի սկզբին Կարս կատարած այցելության ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ հուշարձանն անվանել էր անճոռնի ու հարկ համարել ապամոնտաժել այն:






Facebook
Tweet This
Email This Post
