Հայաստանի հոկեյիստները խորթ զավակի դերում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | August 23, 2009 15:12

hokey2010-ի ապրիլի 12-18-ը Երևանի մարզահամերգային համալիրում կանցկացվի տափօղակով հոկեյի C խմբի աշխարհի առաջնությունը (աշխարհի առաջնության երեք խմբեր կան` A, B, C, որոնցից ամենաուժեղը A խումբն է): Սա օրերս հաստատված հաճելի նորություն է Հայաստանի հոկեյի սիրահարների համար:
Այսուհանդերձ, առայժմ մեծ հարցական է, թե ինչպես պետք է կարգավորվի մարզաբազայի վարձակալության հարցը: Բանն այն է, որ ՄՀՀ-ի մեկ օրվա շահագործման ծախսը 9 մլն դրամ է: Դժվար է ասել, թե դրա տակից ինչպես են դուրս գալու հոկեյի մեր երկրի ներկայացուցիչները:
Տափօղակով հոկեյի ՀՀ ֆեդերացիան ներկայումս էլ ֆինանսական անելանելի վիճակում է: Այս կազմակերպությունն ունի 0-ական բյուջե:

Թեև հոկեյն օլիմպիական մարզաձև է, սակայն մեր երկրում այն խորթ զավակի դերում է: Փոխարենը, այդպես էլ առեղծված է մնում, թե ինչպես են հաջողացնում տարբեր, այդ թվում մի շարք ոչ օլիմպիական մարզաձևերի ներկայացուցիչներ (սամբո, ակրոբատիկա, կարատե, ուշու, քիկբոքսինգ) պետությունից, որպես աջակցություն, ֆինանսավորում ստանալ, իսկ օլիմպիական մարզաձևեր համարվող հոկեյի, նաև թենիսի ֆեդերացիաների համար այդպես էլ փող չի մնում: Ընդ որում, հոկեյի Հայաստանի` տարբեր տարիքային խմբերի հավաքականները ոչ միայն աշխարհի առաջնության մրցաշարերի են մասնակցում, այլև հաղթում են այս մարզաձեւում ուժեղ երկրների, մի քանիսն անգամ հաղթել են Թուրքիայի հավաքականներին:

Այսուհանդերձ, մեր երկրի հոկեյիստները ցայսօր Հայաստանի պետական մարզական կառույցի` ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարների կողմից ոչ միայն ֆինանսական, այլև ընդհանրապես ուշադրության, խրախուսանքի չեն արժանացել: Ի դեպ, 2006-ին և 2008-ին հոկեյի Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներն Իսլանդիայում և Սերբիայում կայացած C խմբի աշխարհի առաջնության մրցաշարերում բրոնզե մեդալակիր են դարձել: Տափօղակով հոկեյի Հայաստանի ֆեդերացիան հիմնվել է 1999-ին: 2003-ից սկսած անցկացվում են Հայաստանի առաջնություններ: Ընդ որում, մարզաձևի ներկայացուցիչներին միշտ էլ խանգարել են սուղ պայմանները: Տարիներ ի վեր միակ մարզաբազան եղել է Երևանի Շենգավիթ համայնքի գեղասահքի դպրոցի սահադաշտը, որն իր չափերով միջազգային չափանիշներով նախատեսվածից փոքր է, իսկ վերջին մեկ տարում այն ընդհանրապես չի գործել:

hokey1Առայժմ աղոտ հեռանկար էլ չկա, որ սահադաշտը մոտ ապագայում կծառայի նպատակին: Պարզ չէ, թե ինչ է լինելու դրա ճակատագիրը: Այն քարուքանդ է, իսկ վերանորոգումը լուրջ ծախսեր է պահանջում: Այդ է պատճառը, որ Հայաստանի վերջին առաջնությունն այդպես էլ չի հաջողվել անցկացնել: Հուլիսի սկզբից մոտ մեկ ամիս Երեւանում էր հոկեյի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, իտալական ծագումով ամերիկացի Դուգլաս Դիչիզարին: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը նրա հետ հանդիպան ժամանակ, լրագրողների ներկայությամբ, ամենայն հավանականությամբ քաղաքավարությունից ելնելով` հայտնեց, որ պետության կողմից հնարավորն արվելու է այս մարզաձևը զարգացնելու համար: Սակայն «Անկախի» լրագրողի հարցին, թե քանի որ տափօղակով հոկեյի ՀՀ ֆեդերացիան նախկինում պետության կողմից չի ֆինանսավորվել, հույս կա, որ այդ բացը հաջորդ տարի լրացվի, նա կոնկրետ ոչինչ չասաց: Նախարարը չնշեց, որ նախկին տարիների պատմությունը չի կրկնվի, եւ տափօղակով հոկեյի ֆեդերացիան 2010-ին աջակցության կարգով կֆինանսավորվի, որպեսզի մեր երկրների ներկայացուցիչները կազմակերպչական, նախապատրաստական առումներով չխայտառակվեն աշխարհի առաջնությունում: Իսկ ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիչիզարին, ով ոստիկան է եւ նաեւ որպես մարզիչ աշխատում է հոկեյի «Կալիֆորնիա Գոլդեն Դեւիս» ակումբում, որքան էլ տարօրինակ է, լավատես է: Մարզիչը նշեց, որ իր տրամադրության տակ ունի Հայաստանի հավաքականի շուրջ 6 տասնյակ թեկնածուներ, ովքեր հանդես են գալիս ոչ միայն Հայաստանի, այլեւ արտասահմանյան թիմերում: Նա վստահեցրեց, որ իր սաները երեւանյան ստուգատեսում կկարողանան շրջանցել Հարավաֆրիկյան Հանրապետության, Հյուսիսային Կորեայի, Մոնղոլիայի ներկայացուցիչներին, խմբում կզբաղեցնեն 1-ին տեղը եւ հաջորդ տարի արդեն կխաղան աշխարհի առաջնության B խմբում:

Դիտվել է 1728 անգամ:
Print Friendly

Leave a Reply