Ջերմուկում ավարտվեց շախմատի «Գրան պրի» մրցաշարը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 24, 2009 14:30

_mar6145-1Վասիլի Իվանչուկի հաղթանակով ավարտվեց Ջերմուկում կայացած շախմատի «Գրան պրի» մրցաշարը:

Ուկրաինացի գրոսմաստերը մասնակիցներից միակն էր, ով չունեցավ ոչ մի  պարտություն: Նա 13 հնարավորից վաստակեց 8,5 միավոր: Իվանչուկից կեսական «քայլով» ետ մնացին և 2-3-րդ տեղերը բաժանեցին Լևոն Արոնյանը և Բորիս Գելֆանդը:

Արոնյանը տարավ 5 հաղթանակ, 6 հանդիպում ավարտեց խաղաղ արդյունքով և կրեց 2 պարտություն: Անհաջող հանդես եկավ մեր երկրի մյուս մասնակիցը` Վլադիմիր Հակոբյանը, ով այդպես էլ չկարողացավ ճաշակել հաղթանակի քաղցրությունը: Նա 10 պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց 3 պարտություն և վաստակած 5 միավորով Դմիտրի Յակովենկոյի հետ բաժանեց 11-12-րդ տեղերը:

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ջերմուկում ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված` ՖԻԴԵ-Ի «Գրան Պրի» «Ջերմուկ-2009» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը:

_mar6145-8Ողջունելով շախմատիստներին ու հանդիսության ներկաներին` նախագահ Սարգսյանն ասել է. «Այսօր մենք ավարտեցինք ՖԻԴԵ-Ի «Գրան պրի» մրցաշարի ջերմուկյան փուլը: Կյանքում նույնիսկ ամենահետաքրքիր ու հաճելի պահերն ունենում են իրենց ավարտը: Վստահ եմ, որ մասնագետները դեռևս տևական ժամանակ կվերլուծեն խաղացված պարտիաները, կտան իրենց գնահատականը, բայց առաջին տպավորությունն այնպիսին է, որ հետաքրքիր մրցաշար էր:
Մրցաշարը շախմատային տոն էր ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի շախմատասեր հասարակության համար:  Շնորհակալություն եմ հայտնում ՖԻԴԵ-ին, անձամբ պարոն Իլյումժինովին, այստեղ ներկա ՖԻԴԵ-ի ղեկավարությանը` համագործակցության համար:

Մեզ բոլորիս միավորել և միավորում է մի բան` սերը դեպի շախմատը, և այդ միավորումը միշտ էլ տալիս է ցանկալի արդյունք: Հրաժեշտից առաջ ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր ուժեղագույն գրոսմայստերներին, շախմատիստներին: Այն, ինչ նրանց չհաջողվեց իրականացնել Ջերմուկում, թող հաջողվի հետագայում: Վստահ եմ, ձեր լավագույն պարտիաները դեռևս առջևում են: Դուք պարտավոր եք ուրախացնել մեզ բոլորիս. ցուցադրել գեղեցիկ խաղ, որովհետեւ առանց գեղեցիկ շախմատի աշխարհում մի բան, այնուամենայնիվ, պակաս կլիներ. մենք հոգեպես ավելի աղքատ կլինեինք»:

Այնուհետև Հայաստանի նախագահը, Տիգրան Պետրոսյանի որդին` Վարդան Պետրոսյանը և ՖԻԴԵ-ի ղեկավարները հուշանվերներ ու պարգևներ են հանձնել ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին երեք մրցանակակիրներին:

_mar6145-7Հանդիսության մասնակիցները ջերմորեն շնորհավորել են «Գրան Պրի»-ի հաղթող Լևոն Արոնյանին: Ջերմուկի մրցաշարից հետո նա ընդհանուր արդյունքներով անհասանելի է դարձել մյուս մրցակիցների համար և իրավունք ստացել մասնակցել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:

Երկրի ղեկավարը ևս ջերմորեն շնորհավորել է Արոնյանին և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից նրան որպես պարգև հանձնել է Երևանի կենտրոնի նորակառույց շենքերից մեկում բնակարան ձեռք բերելու իրավունքը հաստատող սեփականության վկայական: Նախագահը համոզմունք է հայտնել, որ Լևոն Արոնյանի հաջողությունները դեռևս առջևում են:

Դիտվել է 1462 անգամ:
Print Friendly

Leave a Reply