Люблю отчизну я, но странною любовью. Կարեն Կարապետյան , Նարեկ Սարգսյան

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 3, 2011 22:13

Երբ Նարեկ Սարգսյանին նորից  գլխավոր ճարտարապետ նշանակելու շուրջ  ֆեյսբուքում սկսված բողոքին Կարեն Կարապետյանը պատասխանեց. “Նարեկ Սարգսյանը սիրում է Երևանը ոչ պակաս, քան մեզնից յուրաքանչյուրը, և կարծում եմ` մենք բոլորս պետք է իրեն քաջալերենք և բարենպաստ դաշտ ստեղծենք, որպեսզի նա հնարավորություն ունենա իր սերը քաղաքի նկատմամբ դրսևորելու”` ընթերցողը միանգամից  վեց ինֆորմացիա ստացավ. նախ, որ նարեկ Սարգսյանը սիրում է Երևանը, երկրորդ`մեզնից յուրաքանչյուրը սիրում է Երևանը, երրորդ` Նարեկ Սարգսյանը Երևանը մեզնից պակաս չի սիրում, չորրորդ`մենք պիտի քաջալերենք Նարեկ Սարգսյանին, հինգերորդ` Կարեն Կարապետյանը գոհ է Նարեկ Սարգսյանի աշխատանքից և գնահատում է նրան, վեցերորդ` Նարեկ Սարգսյանի սիրո արտահայտումը քաղաքի նկատմամբ` դեռ առջևում է: Բայց խնդիրը բոլորովին Նարեկ Սարգսյանը չի:

Այս վեց կետի մեջ կարևոր լուրն  այն էր, որ քաղաքապետը Երևանը սիրում է նույն սիրով, ինչ Նարեկ Սարգսյանը: Այստեղից բխող բոլոր հետևանքներով:

Հետևանքներից առաջինը իմ հին ծանոթներից մեկի`ճարտարապետ Անուշ Չուբարյանի, Նալբանդյան 104 հասցեում գտնվող, 1923թ-ին կառուցված պապենական տան օտարման մասին որոշումն էր: Տան հարևանությամբ`Նալբանդյան 106 հասցեում  արդեն քանդել էին հին մանկապարտեզը, շուքով տեղադրվել էր ցուցանակը քանդող ու կառուցող ընկերությունների մասին, քանդվող “անպաճույճ” ու սարքվող “շքեղ” շենքի նկարներով:

Ինչպես ասում է Անուշ Չուբարյանը, հայտնվում են ինչ-որ “ֆանտոմասային” մարդիկ` առանց անուն- ազգանուն, փաստաթուղթ ու ասում “հավաքեք փասափուսեքդ, ձեր համար ենք ասում”:

Իսկ փասա-փուսա ասելով ի նկատի ունեն տնամերձ այգին, որտեղ տեղադրված են Անուշ Չուբարյանի հոր`քանդայագործ, ակադեմիկոս Ղուկաս Չուբարյանի քանդակները:

Որպեսզի ավելի հստակ լինի քաղաքի հանդեպ քաղաքի տերերի տածած սիրո  տարօրինակությունը, հիշեցնենք, որ Չուբարյանին են պատկանում  օպերայի հրապարակի Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը, Մեսրոպ Մաշտոցի ու Գոշի արձանները` Մատենադարանի մոտ, Եղիշե Չարենցի արձանը` Չարենցի դպրոցի դիմաց, Թումանյանի կիսանդրին` Թումանյանի տուն-թանգարանի մոտ ու Դսեղում :

Ավելի տեսանելի դարձնելու համար խեղկատակությունը , հիշեցնենք, որ Անուշ Չուբարյանի պապը Գրիգոր Չուբարյանն էր, որ Դոնի Ռոստովից Հայաստան ներգաղթած այն մտավորականներից էր, որ գալիս էր փրկելու նոր երկիրը`Թամանյանի, Մարտիրոս Սարյանի հետ: Նա  Հայասատանի  առաջին  սահմանադրության հեղինակն է, ԵՊՀ իրավաբանության ամբիոնի հիմնադիրը, որին էլ պատկանել է այս տունը `սկզբում 1100 քառ. մ տարածքով, իսկ նրան ձերբակալելուց ու համակենտրոնացման ճամբար ճամփելուց հետո, մնացել է մոտ 200 քառ.մ տնամերձ այգին ու բնակարանը: Բայց սա 37 թ-ին, որի շուրջ ընդունված է սարսափել:

Հետագայում, ըստ ընդունված կարգի `Մոսկվայի պետական համալսարանից  հեռացվել է Ղուկաս Չուբարյանի քույրը, որպես ժողովրդի թշնամու զավակ, ապա 21 տարեկանում զոհվել է եղբայրը Հայրենական պատերազմում ու իր մահով փրկել ընտանիքի մնացած անդամներին բնաջնջումից:

1992-ին, երբ երբ երկիրը պատերազմի մեջ էր, ու ինչպես բնորոշ էր յուրաքանչյուր պարկեշտ ու բարոյական հայ ընտանիքի`Չուբարյանների տանը ևս քաղց էր, ցուրտ, աղքատություն, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայից զանգ է հնչում, ու առաջարկվում է  Ղուկաս Չուբարյանին ընդունել Ռուսաստանի քաղաքացիություն`բնակարանի, արվեստանոցի ու բարձր աշխատավարձի խոստումով: Քանի որ Չուբարյանը “յուրաքանչյուրիս նման չէր սիրում Երևանը”, այլ ավելի իսկական ու ավելի շատ`բնականաբար առանց մտածելու հրաժարվում է ու մնում իր Նալբանդյան 104 հասցեի տանը`քաղցելու ու մրսելու ,ինչպես իր հազարավոր հայրենակիցները: Պատերազմն անցնում է, ինչպես անցնում են բոլոր արհավիրքները, կյանքը շարունակություն է ունենում, մի օր կյանքից հեռանում է Ղուկաս Չուբարյանը շատ լուռ, և քանդակագործի մահվան մասին Հայաստանը տեղեկանում է միայն ռուսական “Կուլտուրա” և “Վեստի” ալիքներից : Հայաստանը լռում է:

Մահվանից քիչ առաջ Պետերբուրգից մի միստիկական զանգ վաթսուն տարի անց ընտանիքին տեղեկացնում է, որ Պետերբուրգում նոր, էլիտար շենքի կառուցման ժամանակ , պատահաբար գտնվել է Ղուկաս Չուբարյանի անհայտ կորած եղբոր աճյունը, որի անձը ճշտվել է շնորհիվ պահպանված զինվորական  մեդալիոնի , ուր խունացած թղթի վրա մնացել են անուն ազգանուն հայրանունը և հասցեն`Նալբանդյան 104:

Այս հասցեն կարծես միստիկական երանգ է ստանում:

Սկսած այն պահից, երբ պարզվում է , որ այս տարածքը ենթակա է քանդման` հետագա ավելի ժամանակակից կառուցապատման համար`հնարավոր չէ իմանալ` ով է լինելու դրա տերը և հանուն ում` Երևանի ամենահին և անվանի տներից մեկը, որ անկասկած այս քաղաքի կենսագրության մի լավ հատվածն է`ենթարկվել է օտարման: Արդյոք օտարման որոշում կայացրածներն իրոք հավատում են, որ սիրու՞մ են Երևանը և մենք`մեր կենդանու հեզություն հիշեցնող լռությամբ պիտի “քաջալերենք”, որ սրանք իրենց “ՍԵՐԸ” քաղաքի հանդեպ կարողանան դրսևորե՞լ:

Քանդեք ձեր հայրական տները, եթե կան այդպիսիք, ու մենք կքաջալերենք ձեր սերը նոր քաղաքի նկատմամբ: Կանե՞ք: Չեք անի, որովհետև հոգեկան հիվանդ չեք: Իսկ ի՞նչ է կոչվում ուրիշի հայրական տները քանդելու մոլագարությունը:

Մեր քաղաքում կենսագրություն ստեղծելու նոր հիվանդություն է նկատվում: Մարդիկ, որոնք առանձնապես չունեն պարծենալու դրվագ իրենց հակիրճ կենսագրություններում, կարողանում են հնարել այն ու որևէ անպետք հաղորդումով երկար ըմբոշխնել սեփական ձայնն ու երազած կենսագրությունը: Հենց դրանք էլ ահավոր անհանդուրժող են նրանց հանդեպ, ովքեր ակամա ունեցել են այդ կենսագրությունները:

Մենք`Երևանի այն քաղաքացիներս, որոնք “յուրաքանչյուրի” նման չենք սիրում քաղաքը, այլ մի քիչ ավելի իրական, պատրաստ ենք քաջալերելու պարոն քաղաքապետին հոգ տանել Նալբանդյան 104 հասցեն պահպանելու գործում, տուն, որի փողոց դուրս եկող անսովոր հին փայտե դռան զանգը դեռ մեխանիկական է`այդպիսիք էլ չկան` վերջին ահեղ կառուցապատումից հետո, կարող ենք մեր ուժերի ներածին չափով քաջալերել, որ փրկեք այդ տան տնամերձ այգում բաց երկնքի տակ գտնվող ակադեմիկոս Ղուկաս Չուբարյանի քանդակները:

Դարձեք այն քաղաքապետը, որը երկար, շատ երկար ընդմիջումից հետո կլինի այն քաղաքագլուխը, որ կսիրի հին քաղաքը, իսկ նոր կիբորգներ կառուցողները անչափ շատ են, նրանք չեն հիշվելու և չեն տարբերվելու միմյանցից ոչնչով, եթե նույնիսկ ամեն նորակառույցի վրա գրեն իրենց անունները, ինպես և անում են: Ի դեպ Ղուկաս Չուբարյանն իր գործերի վրա նույնիսկ իր անունը չէր թողնում:

Միայն այդ դեպքում շատ տարիներ հետո, գուցե մի լրագրող գրի Ձեր մասին, որ քաղաքը այլանդակ պլաստիկ վիրահատության ենթարկելու շրջանում դուք եղաք միակը, որ փորձեցիք շինարարական բոտոքսի ճիրաններից փրկել գոնե մի քանի  հին, կնճռոտած, բայց սեփական դիմագծով քաղաքային հին տուն: Փրկեք Ձեր անունը, այն ավելի թանկ պիտի լինի ձեզ համար, քան մի 18 հարկանի “էլիտար” շենք , ուր կգան ապրելու երբևէ գիրք չկարդացած տիկնայք ու պարոնայք, որոնց դեմքի կնճիռներից և ոչ մեկը առաջացած չի լինի  որևէ անանձնական  հոգսից, որոնք երբեք չեն հրաժարվի այլ երկրի քաղաքացիությունից, երբ սեփական երկիրը քաղցած կլինի, որոնց զավակները չեն պայքարի իրենց հայրական տների համար այնպես, ինչպես Անուշ Չուբարյանը 1923 թ-ին կառուցված իր պապենական տան համար, որովհետև հուշ չեն ունենալու իրենց էլիտարների հետ կապված`բացի ուղիղ ավտոկայանատեղի մտնող ահռելի մեքենաներով բերվող առատ սնունդը:

Ես քաջալերում եմ Ձեզ սիրել Երևանը, բայց ոչ տարօրինակ սիրով:

Այս քաղաքը իհարկե,գրաստի նման անլեզու է, բայց խոսողներ դեռ կան:

Լուսինե Հովհաննիսյան

 

zham.am

Դիտվել է 1562 անգամ:
Print Friendly

Leave a Reply