Հայաստանի գիտավարչական համակարգը` գիտակործանիչ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | | June 3, 2011 20:26

Ինչպիսի՞ն պետք է լինի գիտության ֆինանսավորումը, և ինչպե՞ս պետք է հատկացված միջոցները ռացիոնալ օգտագործվեն. սրանք վերջին շրջանում ամենաակտիվ քննարկվող հարցերն են:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշում է, որ Հայաստանն աշխարհի այն երկրներից է, որտեղ ամենից քիչ է գիտության ֆինանսավորումը. ՀՆԱ-ի 0,24%-ը, ինչը տարեկան կազմում է 23-24 մլն դոլար: Համեմատության համար` ԵՄ երկրները գիտությանն են հատկացնում ՀՆԱ-ի 1,86%-ը, Իսրայելը` 5, ԱՄՆ-ն 2,5-3%-ը:  Ադրբեջանում այս տարի գիտությանը հատկացվել է 114 մլն դոլար, իսկ Ղազախստանում` 384 մլն:

ԳԱԱ նախագահը նշում է, որ արևմտյան երկրներում տարեկան մեկ գիտահետազոտողի  համար հատկացվում է 110-150 հազար եվրո, մինչդեռ Հայաստանում մեկ գիտահետազոտողի տարեկան աշխատավարձը կազմում է 1 մլն դրամ: Գիտությանը հատկացվող ֆինանսավորման 75%-ը աշխատավարձերն են, մնացած 25%-ն է միայն հատկացվում  գիտահետազոտական բազայի զարգացմանը և պահպանմանը: Նրա խոսքով` սա աննորմալ վիճակ է, հարաբերակցությունը պետք է լինի 50/50:

ՀԽ գիտության,  կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերով  հանձնաժողովի անդամ Էդիկ Ղազարյանը հանձնաժողովի` գիտության խնդիրներին նվիրված  նիստում ասաց, որ Հայաստանում «գիտնականից ցածր աշխատավարձ ստացող չկա, ծաղրի առարկա ենք դարձել»: Նրա խոսքով` գիտություն չունեցող երկրին սպառնում է գաղութացումը,  և Հայաստանն այդ ուղին է բռնել:

Գիտնականները քննարկեցին նաև փորձագիտական խմբերի արդյունավետությունը: Մարտիրոսյանն ասում է, որ Հայաստանը փոքր երկիր է, և եթե նույնիսկ աշխատության հեղինակն անհայտ լինի, մի քանի տող կարդալուց հետո պարզ կլինի, թե ով է հեղինակը. նման պայմաններում անկախ փորձաքննություն չի կարող լինել:

Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնի տնօրեն Սիներիկ  Հայրապետյանը ներկայիս գիտավարչական համակարգը բնորոշեց որպես «գիտակործանիչ». «Գիտությունը կործանվում է, իսկ դա XXI դարում ազգային դավաճանություն է»: Ըստ  նրա` նույն պետական մարմինը չի կարող  լինել և՛ փորձագիտական մարմին, և՛ բաշխել ֆինանսական միջոցները, և՛ ընդունել հաշվետվություններն ու վերահսկել աշխատանքի արդյունավետությունը: ԳԱԱ-ն պետք է լինի բարձրագույն փորձագիտական մարմին. «Ես քեզ` դու ինձ սկզբունքով փորձաքննություն չեն անում, միջազգային ստանդարտներ կան դրա համար»:

Էդիկ Ղազարյանն առաջարկեց երեք հիմնական սկզբունք  աշխատանքները գնահատելու համար. վերջին 5 տարվա ընթացքում տպագրված աշխատանքների ցուցակ, ազդեցության բարձր գործակից ունեցող ամսագրերում տպագրված աշխատանքներ, դրան արված հղումների ինդեքս: Առաջարկված քայլերի իրականացման  համար էլ փորձագիտական հանձնաժողովներ պետք չեն, դա տեխնիկական աշխատանք է, որ պետք է կատարի համակարգիչը:

Կարծիք հնչեց նաև, որ ԳԱԱ կազմը ևս պետք է ձևավորվի ըստ գիտնականների վարկանիշների, այլապես գիտնականներ կան, որոնց «հետքն անգամ գիտությունում չի երևում»:

Անկախ փորձաքննության անհրաժեշտության հարցը բարձրացրել է նաև «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը, որի ներկայացուցիչների խոսքով` այնպես, ինչպես հիմա է Հայաստանում փորձագիտություն իրականացվում, օբյեկտիվ արդյունք չի կարող լինել: Ոլորտի մասնագետներն այնքան քիչ են, որ բոլորը միմյանց ճանաչում են, ու շահերի բախումն անխուսափելի է: Խնդրի լուծման համար նախաձեռնությունն առաջարկում է փորձագետներ ընտրել «1+2» տարբերակով` մեկ հայաստանյան փորձագետ և երկու օտարերկրյա: Այս առաջարկը, սակայն, չի կարող իրագործվել, քանի դեռ չկա համապատասխան օրենսդրական դաշտ, այն է` չի ընդունվել օրենք անկախ փորձաքննության մասին, և չի լուծվել ֆինանսավորման հարցը. օտարեկրյա փորձագետներ ներգրավելու համար դրամական միջոցներ են անհրաժեշտ:

Նախաձեռնության անդամները նաև նշում են, որ միայն անկախ փորձագիտության հարցը լուծելով` գիտության խնդիրները չեն լուծվի, հարկավոր է ձեռնարկել փաթեթային գործողություններ` կտրուկ ավելացնել գիտության ֆինանսավորումը, երիտասարդներին ներգրավել գիտությունում. « Ժամանակն է սթափվել, քանի որ հիմա անհեռանկարային ուղիով ենք գնում»:

ԳԱԱ նախագահի կարծիքով  էլ ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը կարևոր խնդիր է, սակայն նախ պետք է լուծել գիտության ֆինանսավորման հարցը, աշխատակիցների սոցիալական վիճակը բարելավել, նոր միայն մտածել մյուս խնդիրների լուծման մասին. «Այժմ ֆինանսավորումն այնքան քիչ է, որ ինչպես էլ բաժանվի, դժգոհողներ կլինեն»: Իսկ գումարների արդյունավետ օգտագործման համար նա առաջարկում է փորձագիտական մարմնից զատ կիրառել նաև մոնիթորինգի մեխանիզմներ, որի միջոցով հետագա ֆինանսավորում կհատկացվի միայն առավել արդյունավետ ծրագրերին:

 

 

Դիտվել է 1297 անգամ:
Print Friendly

Leave a Reply