Մեկնաբանում է փոխվարչապետը. Էդվարդ Բեզոյանի ունեցվածքը «Լինսի» հիմնադրամի միջոցների հաշվին չի ձեւավորվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 3, 2011 15:21

Հայաստանի փոխվարչապետ, «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը news.am-ի խնդրանքով մեկնաբանել է մամուլի հրապարակումները, ըստ որոնց Էդվարդ Բեզոյանը «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհաշինության» ծրագրի ղեկավարման տարիներին է կուտակել իր կարողություններն ու ունեցվածքը: Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 2-ին Բեզոյանն ու իր ընտանիքի անդամները ավազակային հարձակման են ենթարկվել:

Ի պատասխան Արմեն Գեւորգյանն ասել է. «Նախ` ցավ եմ հայտնում կատարվածի առնչությամբ: Նման երեւույթները դատապարտելի են, եւ հույս ունեմ, որ իրավասու մարմինները կբացահայտեն հանցագործությունը: Իմ զորակացությունն եմ հայտնում Էդվարդ Բեզոյանին եւ նրա ընտանիքին ու մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Ինչ վերաբերում է պրն Բեզոյանի կարողություններին եւ ունեցվածքին, ապա կարող ենք նշել, որ մեր ունեցած տեղեկություններով, դրանք «Լինսի» հիմնադրամի  միջոցների հաշվին չեն ձեւավորվել:

«Լինսի» հիմնադրամի կողմից Հայաստանում ծրագրերի իրականացումից անկախ` պրն Բեզոյանը եւ նրա ընտանիքի անդամները հանդիսանում են նախագծային եւ շինարարական խոշոր մասնավոր ընկերությունների հիմնական սեփականատերեր, որոնցից որոշները գործունեություն են ծավալում 1990-ականների սկզբներից: Այդ ընկերություններից ակտիվ մասնակցություն են  ունեցել նաեւ <Հայաստան> համահայկական հիմնադրամի միջոցներով Գորիս- Ստեփանակերտ մայրուղու կառուցման ծրագրին եւ այսօր էլ շարունակում են  մասնակցել  իրականացվող մի շարք ճանապարհաշինական ծրագրերի:

Ուստի ակնարկները, թե նա իր կարողությունները կուտակել է «Լինսի» հիմնադրամի միջոցների հաշվին, ընդամենը հերյուրանք են եւ ողջ ծրագրի վրա ստվեր գցելու փորձ:

Մարդկայնորեն անթույլատրելի է նաեւ, որ նման  ցավալի դեպքերն օգտագործվում են հայրենանվեր ծրագրերի շահարկման եւ վարկաբեկման նպատակով:

Օգտվելով առիթից` ցանականում եմ մեկ անգամ եւս հավաստիացնել, որ «Լինսի» հիմնադրամի միջոցներով  ծրագրերն իրականացվել եւ իրականացվում են նպատակային եւ առավելագույնս արդյունավետ»:

Ավելի վաղ news.am-ը հայտնել էր, որ Ավանի Աճառյան 1-ին նրբանցքի տներից մեկում հունիսի 1-ի գիշերը ժամը 04:35-ի սահմաններում  5 անձանց կողմից ավազակային հարձակում է տեղի ունեցել «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրենի տան վրա:

Դիմակավորված անձինք տան պատից ներս են ցատկել, որից հետո տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են լոգարանի պատուհանափեղկը, մուտք գործել բնակարան եւ զենքի սպառնալիքի տակ կապկպել տան բնակիչներ` թիվ 6 մսուր-մանկապարտեզի դաստիրակչուհի 54-ամյա Սերիկ Սողոյանին, «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանին, 24-ամյա Գեղանի Զուրաբյանին եւ 24-ամյա Մանե Սողոյանին:

Ավազակները տանը գտնվել են մեկ ժամից ավելի եւ ծեծի ու նվաստացումների միջոցով պահանջել տան ոսկյա եւ արծաթյա թանկարժեք իրեր ու գումար: Ավազակները նրանցից պահանջել են նաեւ հայտնել չհրկիզվող պահարանի տեղը: «Ցույց տվեք առաջին հարկի սեյֆը»,- ասել է նրանցից մեկը:

Բեզոյանը դիմադրել է եւ ասել, որ տանը հայտնաբերված ողջ ոսկեղենն ու գումարը արդեն տվել են եւ որեւէ սեյֆ չունեն: Երբ զինված հանցագործները շարունակել են ծեծը, Սենիկը ստիպված է եղել ցույց տալ սեյֆի տեղը: Հանցագործները չհրկիզվող պահարանը տեղադրել են տան բակում կայանված Բեզոյաններին պատկանող «Նիսսան Պատրոլ» մակնիշի 22 ՍՍ 221 համարանիշի մեքենայի բեռնախցիկում եւ հեռացել:

Ի դեպ, հանցագործներն պոկել եւ իրենց հետ տարել են նաեւ տան անվտանգության տեսախցիկների սերվերը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

news.am


 

Դիտվել է 1539 անգամ:
Print Friendly

Leave a Reply