Իտալիայի կառավարության նվերը` Հայաստանին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 3, 2011 13:41

Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին իտալական կառավարության անունից այսօր Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությանը նվիրեց «Ռենո» մակնիշի մեքենա, որը կօգնի հեշտացնել այս տարվա հոկտեմբերին Հայաստանում մարդահամարի իրականացման գործընթացը: Ինչպես նշեց Հայաստանում Իտալիայի դեսպանը’ մեքենան նախատեսված է հեռավոր շրջաններ այցելությունների համար:

«Իտալիայի կառավարությունն ուրախ է, որ կարող է ներդրում ունենալ Հայաստանում 2011թվականին իրականացվելիք մարդահամարի գործընթացում: Ընդհանրապես քաղաքացիները սխալ պատկերացում ունեն վիճակագրությունների իրականացման նշանակության մասին. դրանք առավել քան կարեւոր են’ թե’ պատմական փաստերի արձանագրման, թե’ հետագայում այդ քաղաքացիներին ավելի կանոնակարգված օգնություն ցուցաբերելու համար»,- նշեց Բ. Սկապինին’ հավելելով, որ Իտալիայի կառավարության աջակցությունը շատ համեստ է, սակայն այն միշտ պատրաստ է լինել իր հայ գործընկերների կողքին:

Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը, ընդունելով Իտալիայի կառավարության նվերը, շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը, ինչպես նաեւ Իտալիայի կառավարությանն ու ժողովրդին. «Սա համեստ ներդրում անվանել չի կարելի, քանի որ ամեն մի աջակցություն ավելի քան թանկ է մեզ համար»,- նշեց Ս. Մնացականյանը:

 

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply