Ավանդների դիմաց փոխհատուցման ցուցակներում ընդգրկվել է շուրջ 38 հազար մարդ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 3, 2011 13:29

ՀԽՍՀ խնայբանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ցուցակներում ընդգրկվել է 37 հազար 947 մարդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության մեթոդական օգնության բաժնի պետ Արմեն Մարգարյանը, ընդհանուր առմամբ ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունի շուրջ 62 հազար քաղաքացի:

2006թ-ի ապրիլի 12-ից մայիսի 12-ն ընկած ժամակահատվածում սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններն իրականացրել են փոխհատուցման իրավունք ունեցող անձանց հաշվառում: Հետեւաբար, 2006թ. մայիսի 12-ից հետո փոխհատուցման իրավունք ունեցող անձի, ինչպես նաեւ արդեն հաշվառված անձի նոր ավանդային գրքույկի հաշվառում չի իրականացվում:

Ընդհանուր առմամբ փոխհատուցում ստանալու իրավունք ունեն միայն 2005 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2006 թվականի ապրիլի 1-ն անընդմեջ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների անդամները, որոնք, ըստ առաջնահերթության, ընդգրկված են հետեւյալ սոցիալական խմբերում’ 70 տարին լրացած եւ դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներ, մինչեւ 70 տարեկան կենսաթոշակառուներ, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ, ՀՀ պաշտպանության 1990-1994 թվականների ընթացքում մարտական գործողություններին մասնակցած անձինք եւ նրանց ընտանիքի անդամները, դրա հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք եւ նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ զոհվածների ընտանիքի անդամները, առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամները:

Փոխհատուցում կտրվի նաեւ ՀՀ պաշտպանության 1990-94 թվականների ընթացքում մարտական գործողություններից տուժած սահմանամերձ բնակավայրերի, երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակիչներին եւ բազմազավակ ծնողներին, ինչպես նաեւ այդ ծնողների երեխաներին:

Նշենք, որ 2008թ-ին փոխհատուցման համար հատկացվել էր շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, 2009թ-ի բյուջեով’ մոտ 1 մլրդ 600 մլն դրամ, 2010թ-ի համար նախատեսված է եղել շուրջ 1 մլրդ 700 մլն դրամ: Ընթացիկ տարվա համար բյուջեով հատկացվել է նույնքան գումար:

 

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply