Պետական մանկատներն ունեն 34 շրջանավարտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 3, 2011 10:50

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող երեք մանկատներն այս տարի ունեն 34 շրջանավարտներ: Նշենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործում է 7 մանկատուն, որից 3-ն ունի շրջանավարտ: Նրանք ընդհանուր մրցույթով պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվում են վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախարարության կանանց ընտանիքի եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը, մանկատների շրջանավարտների կրթության հարցերով աշխատանքներ է իրականացնում Հայ օգնության միությունը (ՀՕՄ)’ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ֆինանսավորմամբ: Աշխատանքներ են տարվում նաեւ առողջապահության, իրավական, սոցիալական ուղղությամբ եւս:

ՀՕՄ-ի աշխատողները նախապես հանդիպում են շրջանավարտ երեխաների հետ, եւ հաշվի առնելով նրանց ունակությունները, ցանկությունը’ ներկայացնում են համապատասխան մասնագիտական եզրակացություն, ըստ որի’ նրանց ուղղորդում են տարբեր բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: Նշենք, որ ոչ պետական մանկատների շրջանավարտները, եթե նախարարությունում հաշվառված են որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա, ստանում են տեղեկանք, եւ ուսումնական հաստատություն ընդունվելու դեպքում վարձավճարը տրվում է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի շրջանակներում:

Լ. Հայրապետյանի խոսքով’ եթե մանկատան շրջանավարտները չեն ընդունվում ուսումնական հաստատություններ, ապա նրանց ուղղորդում են այլ ուսումնական կենտրոններ: Վարպետաց տներում, ավտոդպրոցներում, համակարգչային, անգլերենի ուսուցման կենտրոններում նրանք ձեռք են բերում գիտելիքներ’ այս կամ այն բնագավառում աշխատելու համար:

Հետադարձ կապն ապահովվում է նախորդ տարիների շահառուների հետ, ովքեր հաճախ այցելում են տարբեր խնդիրներով, հարցերով: Նրանց նույնպես փորձ է արվում աջակցություն ցուցաբերել:

Հայ օգնության միության երեւանյան գրասենյակի տնօրեն Աննա Մնացականյանը նշեց, որ այսօր արդիական խնդիր է մանկատան շրջանավարտների զբաղվածության հարցը: Ըստ նրա’ շատ գործատուներ պարզապես խուսափում են նրանց աշխատանքի վերցնելուց:

«Եթե մենք նախկինում երեխաներին կոչ էինք անում, որ աշխատանք փնտրելուց չթաքցնեին մանկատան շրջանավարտ լինելու փաստը, ապա այսօր հակառակ կարծիքի ենք: Այն թաքցնելու պարագայում ավելի հեշտ ենք երեխաներին աշխատանքի տեղավորում»,-նշեց Ա. Մնացականյանը:

 

Դիտվել է 867 անգամ:
Print Friendly

Leave a Reply