«Լճափնյա հանգստավայրեր Հայաստանում». ծրագրի հեղինակն ակնկալում է Հանրային խորհրդի աջակցությունը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 2, 2011 19:51

Այսօր Հանրային խորհրդում քննարկվեց «Լճափնյա հանգստավայրեր Հայաստանում» ծրագիրը, որը նախատեսում է ավարտին հասցնել Եղվարդի անավարտ ջրամբարի կառուցումը և դրա շրջակայքում հիմնել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիրներ, հանգստի, առողջապահության և ժամանցի կենտրոններ:

Ինչպես նշեց ծրագրի հեղինակ Արմեն Վարդանյանը, ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր, երկրի ՀՆԱ-ն կավելանա տարեկան ավելի քան հարյուր միլիոն դոլլարով, միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիր-հանգստավայրերի շնորհիվ հնարավոր կդառնա տարբեր միջազգային հյուրանոցային բրենդների մուտքը Հայաստան, կավելանա զբոսաշրջությունը և այլն: Սակայն ծրագրի ամենակարևոր կողմերից մեկը ջրամբարի կառուցումն է, որը բնական ռեսուրսներով ոչ հարուստ Հայաստանի համար ունի շատ կարևոր է` բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսության զարգացման, Սևանի ավազանի պահպանման տեսանկյունից:

Ծրագիրը կառավարելու առաջարկով հեղինակները դիմել են MGM Resorts ընկերությանը, որն էլ շուկայի նպատակային գնահատման համար դիմել է միջազգային հեղինակավոր «Դը Իննովեյշըն Գրուփ» կազմակերպությանը: Վերջինս, համապատասխան ուսումնասիրություններ կատարելով` պատասխանել է, որ «Լճափնյա հանգստավայրեր Հայաստանում» ծրագրի շուկայի ներուժը գերազանցում է միջազգային ասպարեզում նմանատիպ ծրագրերինը:

Մինչ օրս ծրագիը ներկայացվել է բազմաթիվ պետական և մասնավոր կառույցների ուշադրությանը` արժանանալով բարձր գնահատականի: Ցավոք, թերահավատությունը, թե հայ ներդրողները կմիավորվեն ու միահամուռ ուժերով կիրականացնեն ծրագիրը, խանգարել է գործին և գաղափարը թողել թղթին:

«Ծրագրի իրականացման համար կան բոլոր նախադրյալները, և դրան կարող է խոչընդոտել միայն ազգային համագործակցության ցածր մակարդակը»,-նշում է Վարդանյանը:

Նա համոզված է, որ կառավարության և ժողովրդի կողմից այս ծրագրին ռազմավարական գերակակայության աստիճան և նշանակություն տալով միայն հնարավոր կլինի այն իրագործել: Նա հույս ունի, որ Հանրային խորհուրդը կարող է ծրագիրը բարձր մակարդակով ներկայացնել ՀՀ ղեկավարության, ներդրողների և ժողովրդի ուշադրությանը և այն դարձնել հասարակական քննարկման առարկա, որն էլ կհանգեցնի ծրագրի շարունակական հղկմանն ու իրականացմանը:

Ինչ վերաբերում է ֆինանսական կողմին, ապա դրա ընդհանուր արժեքը կազմում է 300-350 միլիոն ԱՄՆ դոլար:

 

Դիտվել է 2385 անգամ:
Print Friendly

Leave a Reply