Ավազակային հարձակում «Լինսի» հիմնադրամի ծրագրի տնօրենի տան վրա. հանցագործները կապկպել են տանտերերին, ծեծել եւ պահանջել սեյֆը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 2, 2011 16:10

Ավանի Աճառյան 1-ին նրբանցքի տներից մեկում հունիսի 1-ի գիշերը ժամը 04:35-ի սահմաններում  5 անձանց կողմից ավազակային հարձակում է տեղի ունեցել «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրենի տան վրա:

Ինչպես news.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 29-ամյա Կարեն Բեզոյանը առավոտյան ժամը 06-ի սահմաններում ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ 5 դիմակավորված անձինք իրենց տան պատից ներս են ցատկել, որից հետո տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են լոգարանի պատուհանափեղկը, մուտք գործել բնակարան եւ զենքի սպառնալիքի տակ կապկպել տան բնակիչներ` թիվ 6 մսուր-մանկապարտեզի դաստիրակչուհի 54-ամյա Սերիկ Սողոյանին, «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանին, 24-ամյա Գեղանի Զուրաբյանին եւ 24-ամյա Մանե Սողոյանին:

Ավազակները տանը գտնվել են մեկ ժամից ավելի եւ ծեծի ու նվաստացումների միջոցով պահանջել տան ոսկյա եւ արծաթյա թանկարժեք իրեր ու գումար: Ավազակները նրանցից պահանջել են նաեւ հայտնել չհրկիզվող պահարանի տեղը: «Ցույց տվեք առաջին հարկի սեյֆը»,- ասել է նրանցից մեկը:

Բեզոյանը դիմադրել է եւ ասել, որ տանը հայտնաբերված ողջ ոսկեղենն ու գումարը արդեն տվել են եւ որեւէ սեյֆ չունեն: Երբ զինված հանցագործները շարունակել են ծեծը, Սենիկը ստիպված է եղել ցույց տալ սեյֆի տեղը: Հանցագործները չհրկիզվող պահարանը տեղադրել են տան բակում կայանված Բեզոյաններին պատկանող «Նիսսան Պատրոլ» մակնիշի 22 ՍՍ 221 համարանիշի մեքենայի բեռնախցիկում եւ հեռացել:

Ի դեպ, հանցագործներն պոկել եւ իրենց հետ տարել են նաեւ տան անվտանգության տեսախցիկների սերվերը:

Առավոտյան ժամը 9.30-ի սահմաններում առեւանգված ավտոմեքենան ոստիկանները հայտնաբերել են Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի 6/1 շենքի բակում: Մարմնական վնասվածքներով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել հայր եւ որդի Բեզոյանները:

Ընդհանուր առմամբ, Բեզոյանների տնից տարել են 180-ից 200 հազար ԱՄՆ դոլարի ոսկյա եւ արծաթյա զարդեր,  մոտ 60 հազար դոլար:

Դեպքի վայրում են եղել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը, Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, Նոր-Նորքի ոստիկանության պետ Մուշեղ Օհանյանն ու Ավանի ոստիկանության բաժանմունքի պետ Աշոտ Շամիրյանը:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր-Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 175 հոդվածի 2-ին մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով (ավազակային հարձակում), 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (ավտոմեքենայի տիրանալը, որը կատարվել է կյանքի համար վտանգավոր բռնության սպառնալիքով) եւ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք-զինամթերք կրելն ու օգտագործելը) հատկանիշներով:

news.am

Դիտվել է 2142 անգամ:
Print Friendly

Leave a Reply