Արսեն Բաբայան. «Համաներումը կիսով չափ կթեթեւացնի ՔԿՀ-ների գերբեռնվածությունը»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 2, 2011 15:41
Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցման խնդիրն, իրոք, գոյություն ունի եւ չի ժխտվում, սակայն երբեմն չափազանցվում են փաստերը, իբր’ դատապարտյալները հերթով են քնում. դա իրականությանը չի համապատասխանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը’ անդրադառնալով ՔԿՀ-ների գերբեռնվածության մասին տարածված լուրերին: Նրա խոսքով’Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում երկբնակեցման մասնավոր դեպքը չի կարող բնութագրական լինել ամբողջ համակարգի համար: Նշված ՔԿՀ-ում, ըստ Ա. Բաբայանի, կա գերբեռնվածություն մոտ 200 դատապարտյալի չափով. սահմանված 1200-ի փոխարեն այնտեղ 1400 դատապարտյալ կա:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Հասարակական դիտորդների խմբի նախագահ Արթուր Սաքունցը նշեց մի շարք այլ խնդիրներ, որոնք առկա են ՔԿՀ-ներում, ինչպես’ օդափոխության անբավարարություն, զբոսանքի կազմակերպման, ազատ ժամանցի,արտաքին կապի’ բջջայինների կիրառման հետ կապված խնդիրներ, դրանք, ըստ Սաքունցի, կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Արձագանքելով հնչած խնդիրներին’ Ա. Բաբայանը նշեց, որ մինչ օրս դժգոհություններ չեն եղել արտաքին կապից’ ոչ դատապարտյալների, ոչ նրանց հարազատների կողմից: Ա. Բաբայանի խոսքով’ զբոսանքի հետ կապված միայն մեկ մասնավոր դեպք է գրանցվել, երբ դատապարտյալը դժգոհում էր ցանկացած պահի զբոսնելու հնարավորություն չունենալուց: Բանախոսի խոսքով’ բջջային հեռախոսները շատ լուրջ խնդիր են, դրանց կիրառման կանխարգելման ուղղությամբ լուրջ քայլեր են արվում: Համապատասխան արդյունքների առկայության դեպքում’ դրանք կհրապարակվեն:
Ա. Բաբայանը ժխտեց նաեւ հնչած կարծիքը, թե դատապարտյալների առողջական դրությանը բավարար ուշադրություն չի դարձվում: Նա նշեց, որ բոլոր հիմնարկներում կան բուժծառայողներ, ովքեր իրավասու են որոշում կայացնելու’ դատապարտյալին տեղափոխելու հիվանդանոց: Բենզինի’ իբրեւ թմրամիջոցի, կիրառման խնդիրը, Ա. Բաբայանի համոզմամբ, մեր քրեակատարողական հիմնարկներում 99 տոկոսով վերացվել է:Ա. Սաքունցի խոսքին, թե 2010-ին ՔԿՀ-ներում գրանցված 35 ինքնասպանության դեպքերը ներկայացվել են իբրեւ դժբախտ պատահարներ, Ա. Բաբայանը հակադարձեց, թե բոլոր դեպքերի մասին հաղորդագրություն է տարածվել, եւ ճիշտ չէ, որ մշտապես իբրեւ դժբախտ պատահար են ներկայացվել: Բանախոսների համոզմամբ’ Հայաստանի ՔԿՀ-ներում դրությունն անհամեմատ լավ է, քան տարածաշրջանի մյուս երկրներում, թեեւ համեմատություն չի արվել, եւ իմաստ էլ չկա համեմատելու:
Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում ներկայում 5100 դատապարտյալ կա, որոնցից 140-ը’ կին, 17-ն’ անչափահաս, 20-ը’ նախնական կալանքի ենթարկված անչափահաս, 100-ը ցմահ ազատազրկվածներն են, մինչեւ 3 տարեկան երեխա ունեցող դատապարտյալ կանանց թիվը 3 է:
«Արմենպրես»-ի հարցին, թե կիրառվող համաներումը որքանով կթեթեւացնի մեր ՔԿՀ-ների գերբեռնվածությունը, Ա. Բաբայանը նշեց, որ ընդհանուր առմամբ հիմնարկները 800 հոգով են գերբեռնված: Վերջինիս խոսքով’ համաներումը կտարածվի մոտ 400 դատապարտյալի վրա, այսպիսով’ կիսով չափ կթեթեւանան ՔԿՀ-ները:






Facebook
Tweet This
Email This Post
