Կմաքրեն Սևանա լճի 600 հա ափամերձ անտառատարածքները

Օրվա լուր | | August 24, 2009 13:06

sevan2ՀՀ պետբյուջեի և Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի կողմից հատկացված 257 մլն դրամի շրջանակներում առաջիկա օրերին շինմրցույթում հաղթած կազմակերպությունները կսկսեն մաքրել Սևանա լճի ջրի տակ անցնող շուրջ 600 հա անտառատարածքները:

ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը «Արմենպրես»-ին ասել է, որ գումարի շրջանակներում (ՀՀ ԳԱԱ մասնագետների քարտեզագրումից և գույքագրումից հետո) զուգահեռաբար կվերականգնվեն լճի ավազանի գյուղատնտեսական, բնապահպանական հողերը, էրոզիայի ենթարկված անտառատարածքները:

Ըստ Զիրոյանի`կկարգավորվեն «Սևան» ազգային պարկի բնական պաշարները, կիրականացվի անտառային ռեսուրսների հաշվառում: Գումարի շրջանակներում կբարեկարգվեն նաև Սևանա լճի ջրահավաք ավազանում գործող աղբավայրերը, կստեղծվեն նորերը: Կնորմավորվեն նաև ավազանի տարածքի արտահոսքերն ու արտանետումները:

Զիրոյանը նշել է նաև, որ Սևանա լճի անտառատարածքների էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու նպատակով «Սևան» ազգային պարկում արդեն իրականացվել է ծառատունկ, որի շրջանակներում պարկի աշխատակիցները վեց հա-ի վրա տնկել են սալորենու, բալենու, ծիրանենու և խնձորենու 6.000-ից ավելի ծառ:

ՀՀ պետբյուջեի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հատկացրած 198 մլն դրամի շրջանակներում (լճի հայելու նիշի 6 մետր բարձրանալու հետ կապված) «Սևան» ազգային պարկում 2005-2008 թթ. մաքրվել են ջրի տակ անցնող 405 հա անտառատարածքներ և հիմնվել նորերը:

Միջոցառումները նախատեսում են ավարտել տարեվերջին:

Դիտվել է 1548 անգամ:
Print Friendly

Leave a Reply