«Ձայն համշենականի» խմբագիրը երազում է թանգարան հիմնել ու վիրավորվում է անտարբերությունից
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | June 3, 2011 15:00
«Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանն իր գործունեության համար 2010 թ. արժանացավ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարած «Աշխարհի հետ մեր ինքնությամբ. Հայաստանը համայն հայության հայրենիքն է» թեմայով մրցույթի «Պարբերական մամուլ» անվանակարգի բարձրագույն մրցանակին: Սա արդեն նրա երրորդ մրցանակն է:
Մասնագիտությամբ բանասեր Սերգեյ Վարդանյանը մի շարք գրքերի և բանահյուսական ժողովածուների հեղինակ է: Այժմ աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության բաժնում: Արդեն տասնյակ տարիներ զբաղվում է տարբեր երկրներում ապրող համշենցիների խնդիրներով: Դեռ խորհրդային տարիներին, երբ Հայաստանի մամուլը խիստ գրաքննության պայմաններում շատ հազվադեպ էր անդրադառնում այլ պետություններում բնակվող հայերի կյանքին, Սերգեյ Վարդանյանը առաջինը բարձրաձայնեց նրանց խնդիրների մասին: Ու այսօր էլ շարունակում է նույն գործը «Ձայն համշենական» ամսաթերթի էջերում: Ներկայացնում ենք մեր զրույցը Սերգեյ Վարդանյանի հետ:
– Պարոն Վարդանյան, ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց Ձեր ծանոթությունը համշենահայերի հետ:
1969 թ. դպրոցն ավարտելու կապակցությամբ մորս հետ ինքնաթիռով մեկնեցինք Սոչի: Այդ օրերին Սոչիի օդակայանի մոտակա հայկական Մոլդովկա գյուղի 2000-ից ավելի հայերին հուզում էր հայկական դպրոց բացել-չբացելու խնդիրը: Ինչո՞ւ էին այս հայերն ապրում այստեղ, եր՞բ էին եկել, որտեղի՞ց, ինչո՞ւ էին խոսում այդ բարբառով: Չգիտեի: Երևանում փորձեցի տարբեր գրքերում գտնել այդ հարցերի պատասխանները: Չգտա: 1970-ին լուր ստացա, որ Մոլդովկայում հայկական դպրոց է բացվել: Սակայն տեղական իշխանությունները, որոնք լծվել էին մեկ միասնական խորհրդային ազգ ստեղծելու գործին, 1974 թ. ուստարվա սկզբին տրակտորով քանդեցին դպրոցը:
Արդեն 1981 թ. որպես լրագրող եղա այդ գյուղում, գրեցի այդ դպրոցի մասին, շրջագայեցի Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի և Աբխազիայի բազմաթիվ հայկական գյուղերում: Ասեմ, որ 1979 թ. մարդահամարի տվյալներով Աբխազիայում ապրում էր 73,350, իսկ Կրասնոդարի երկրամասում` 120.799 հայ, թեև բոլորն էլ պնդում էին, որ հայերի թիվը շատ ավելի էր: Նրանց մեծ մասը խոսում էր հայերենի մի բարբառով, որը գիտական գրականության մեջ կոչվում էր Համշենի բարբառ: Նրանք XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին գաղթել էին Տրապիզոնի վիլայեթից, Աբխազիայում և Կրասնոդարի երկրամասում բազմաթիվ գյուղեր էին հիմնել, եկեղեցիներ ու դպրոցներ կառուցել, բայց խորհրդային տարիներին բոլոր եկեղեցիները քանդվել էին կամ գոցվել: Կրասնոդարի երկրամասում 1950-ական թթ. հետո 30 տարվա ընթացքում փակվել էին 140 հայկական դպրոցներից 136-ը և 1981 թ. գործում էին 4-ը, իսկ Աբխազիայի 128 հայկական դպրոցներից մնացել էր միայն կեսը: Պատճառներից մեկն էլ հայ ուսուցիչների պակասն էր:
Իմ ճամփորդության մասին գրեցի ընդարձակ ուղեգրություն, որից 1982 թ. «Գարուն» ամսագրում տպագրվեց մի հատված` «Համշենցիները` ծանոթ և անծանոթ» վերնագրով: Իհարկե, խիստ գրաքննության պայմաններում անհնար էր բացեիբաց խոսել այդ վայրերի հայերի խնդիրների մասին: Բայց նույնիսկ այդ վիճակով հոդվածը մեծ աղմուկ հանեց, այն արտատպեցին սփյուռքի մի շարք թերթեր: Պարզվեց, որ թեև ամեն տարի հազարավոր հայեր էին հանգստանում Սև ծովի ափերին, նրանց համար այնտեղի հայության անցյալն ու ներկան շատ բանով անծանոթ էին: Ընթերցողների բուռն արձագանքը պատճառ դարձավ, որ Հայաստանի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարությունը հոդվածը քննարկեր Ռուսաստանի և Վրաստանի (որի կազմում էր Աբխազիան) համապատասխան նախարարությունների հետ, և որոշվեց, որ այդուհետ ուսուցիչներ պատրաստելու համար պետականորեն Հայաստանի մանկավարժական բուհերում հատուկ տեղեր հատկացվեն Ռուսաստանի և Աբխազիայի հայկական դպրոցների շրջանավարտներին:
– Այժմ ինչքա՞ն է դպրոցների ու հայ աշակերտների թիվն այդ դպրոցներում, և ինչո՞վ է դա պայմանավորված:
Այսօր Կրասնոդարի երկրամասում մնացել է ընդամենը մեկ հայկական դպրոց Ադլեր քաղաքում, շուրջ 10 ռուսական դպրոցներ (այդ թվում` Մոլդովկայի), որոնց աշակերտների մեծ մասը հայեր են, ունեն հայկական բաժիններ, որոնցում մեկ-երկու առարկա հայերեն է դասավանդվում: Կան նաև մի շարք կիրակնօրյա դպրոցներ: Իսկ Աբխազիայում, որտեղից վրաց-աբխազական պատերազմի պատճառով շատ հայեր արտագաղթել են և 2003 թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 44869 հայ, 2009-10 ուստարում գործում էր 32 հայկական դպրոց` շատ չնչին քանակի` բոլորն իրար հետ 1972 աշակերտով: Եթե խորհրդային տարիներին Ռուսաստանում տարվում էր հայկական դպրոցները փակելու քաղաքականություն, ապա այսօր և՛ Աբխազիայում և՛ Կրասնոդարի երկրամասում հայերն իրենք են իրենց զավակներին ռուսական դպրոց տալիս: Անչափ ցավալի է, որ Հայաստանից նոր արտագաղթածներից շատերն իրենց երեխաներին նույնիսկ հայկական կիրակնօրյա դպրոցներ չեն տալիս` ասելով, թե հայերենն իրենց պետք չէ, իրենք, միևնույն է, այլևս Հայաստան չեն վերադառնալու: Մարդիկ հայրենիքից հեռանում են ոչ թե կարոտի արցունքներն աչքերին, այլ զզված, դուռը շրխկացնելով, առանց հետ նայելու, իսկ դա մեծ ազգային ողբերգություն է, և մենք պարտավոր ենք խորը վերլուծություններ անել: Փաստորեն, նրանք հեռանում են ոչ միայն հայրենիքից, այլև ազգությունից:
– Խնդրում եմ պատմեք նաև Միջին Ասիայի իսլամադավան համշենցիների մասին: Ինչպե՞ս կարողացաք կապեր հաստատել նրանց հետ:
Կարդացել էի, որ XVIII դարի սկզբին Տրապիզոնի վիլայեթի Սև գետ (Կարա դերե) և Համշեն գավառների հայերի մի մասը բռնի մահմեդականացվել էր, մի մասն էլ` գաղթել այլ գավառներ: Աջարիայի հինգ-վեց գյուղերում ապրող 1385 մահմեդական համշենահայերին 1944 թ. Ստալինի հրամանով աքսորել էին Ղազախստան և Ղրղզստան, բայց ո՞ր քաղաք ու գյուղ` ոչ ոք չգիտեր: Ես մի քանի տարի նրանց որոնում էի և ահա 1984 թ. Կրասնոդարի իմ ծանոթներից լուր ստացա, որ իրենց մոտ` Ապշերոնի շրջան, Ղրղզստանի Կըզըլ-Կիյա փոքր քաղաքից բնակության են եկել մի քանի տասնյակ կրոնափոխ համշենահայերի ընտանիքներ: Իսկույն ինքնաթիռով մեկնեցի Ղրղզստան: Կըզըլ-Կիյայում գտա նրանց: Եղա Օշի մարզի համշենցիների մի քանի գյուղերում ու մեկնեցի Ղազախստանի համշենահայերի մոտ: 1987 թ. կրկին եղա այդ հանրապետություններում: Իմ հաշվարկներով այն օրերին Միջին Ասիայում շուրջ 3 հազար մահմեդական համշենցի կար: Նրանցից գրառեցի հեքիաթներ և երգեր, նաև հնարավորության սահմաններում ուսումնասիրեցի բարբառը և հավաքված նյութը 1989 թ. հրապարակեցի «Ձայն համշենական» ժողովածուի երրորդ հատորում, իսկ ավելի ընդարձակ տարբերակը` «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը (նյութեր և ուսումնասիրություններ)» վերնագրով, 2009 թ. հրատարակեց Երևանի պետական համալսարանը:
1980-ական թվականներից սկսած` Միջին Ասիայի կրոնափոխ համշենահայերը տեղափոխվում են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս, որտեղ 2002 թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 274,566 հայ (ըստ ոչ պաշտոնական աղբյուրների` շուրջ կես միլիոն), որի զգալի մասը քրիստոնյա համշենահայեր են: Ըստ նույն մարդահամարի` Կրասնոդարի երկրամասում կար 1019 մահմեդական համշենցի (խեմշիլ), այս դեպքում ևս իրական թիվն ավելին է, քանի որ Ռուսաստանում գրանցման դժվարություններ կան:
– Եթե չեմ սխալվում, Դուք դեռ խորհրդային տարիներին փորձել եք աջակցել նրանց վերաբնակեցմանը Հայաստանում: Կպատմե՞ք այդ մասին:
– Այո, 1984-ին Ղրղզստանի և Ղազաստանի համշենահայերն ինձ խնդրեցին աջակցել, որ Հայաստան տեղափոխվեն: Որոշվեց, որ հաջորդ տարի ամռանը նրանց պատվիրակությունը գա Հայաստան` պայմաններին ծանոթանալու: Ինչ-ինչ պատճառներով դեկտեմբերին Ղազախստանից եկավ երկու հոգի, և այդ ցուրտ ձմռանն այցելեցինք մի քանի շրջաններ: Դիմեցի գրող Սերո Խանզադյանին, և նրա հետ քանիցս գնացինք Մինիստրների խորհուրդ: Պարզ էր, որ խորհրդային տարիներին նման հարցեր կարող էին լուծվել միայն ամենաբարձր մակարդակով, Հայաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի փոխգործակցությամբ և Մոսկվայի համաձայնությամբ:
Հյուրերս մեկնեցին, բայց ես շարունակում էի դռներ բախել, տեղափոխության համար հարմար գյուղեր փնտրել: Շատ բան անել չէի կարող, նույնիսկ շրջաններ գնալու համար մեքենա չունեի և խնդրում էի ընկերներիս , օրինակ` Բաղրամյանի շրջան գնալու համար խնդրեցի այն ժամանակ ԵՊՀ դասախոս Վազգեն Մանուկյանին (հետագայում` վարչապետ, այժմ` Հանրային խորհրդի նախագահ), նրա մեքենայով գնացինք Բաղրամյան, հանդիպեցինք շրջկոմի առաջին քարտուղար Մինասյանին, որը խոստացավ ամեն ինչում աջակցել ապագա վերաբնակիչներին: Բայց շրջանը, ինչպես գիտեք, առ այսօր բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի: Ես եկա այն համոզման, որ ճիշտը քրիստոնյա համշենահայերի հետ միասին նրանց Լոռու տարածաշրջանում բնակեցնելն է: Այդ նպատակով Աբխազիայում և Կրասնոդարի երկրամասում ցուցակագրեցի քրիստոնյա համշենահայերի շուրջ հարյուր ընտանիք, որոնք համաձայնվել էին Հայաստան տեղափոխվել: Ինչևէ, Ղազախստանից 1988-ին ևս ներկայացուցիչ եկավ, բայց արդեն սկսվել էր արցախյան շարժումը, հետո էլ երկրաշարժը, պատերազմն ու մութ տարիները կասեցրին հարցի լուծումը: Հենց անցած 20-ամյակի ընթացքում էլ նրանք զանգվածաբար տեղափոխվեցին Կրասնոդարի, Ռոստովի և Վորոնեժի մարզեր:
– Վերջերս մամուլում տեղեկատվություն տարածվեց, թե Ղրղզստանից իսլամադավան համշենցիների 200 ընտանիք է պատրաստվում տեղափոխվել Արցախ: Որքանո՞վ էր հավաստի այդ լուրը:
– Ասեմ, որ Ղրղզստանում կրոնափոխ համշենահայերի հենց 200 ընտանիք է սփռված և, բնականաբար, բոլորը մեկ մարդու պես չեն կարող տեղափոխվել: Մեկ մասն ազգականներ ունի Ռուսաստանի նշված մարզերում, և դժվար կլինի ընտրել, թե ուր գնալ: Այս ապրիլի վերջին Կըզըլ-Կիյայից եկել էր իմ հին ծանոթ Ռուսլան Կարաբաջակովը, որը «Հոմշեցիք» ՀԿ-ի նախագահն է: Ցանկանում էր ծանոթանալ Հայաստանում անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություններին, որպեսզի որոշ անհատներ և ընտանիքներ վերաբնակվեն այստեղ, քանզի համշենահայերը Ղրղզստանում իրենց երեխաների ապագան չեն տեսնում: Նա պայմանները հավանեց և վերադարձավ: Եկեք առանց ավելորդ աղմուկի սպասենք արդյունքներին:
– Դուք հրատարակում եք նաև «Ձայն համշենական» ամսաթերթը , ե՞րբ է այն սկսել տպագրվել ու ի՞նչ նպատակով:
– Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ն, որը հիմնադրվել է 1992 թ., 2004 թ. որոշեց հիմնել մի հայերեն թերթ, որն անվճար բաժանվի Կրասնոդարի երկրամասի և Աբխազիայի հայերին: Թեև ծագումով վանեցի եմ, հիմնադրման օրվանից անընդմեջ ընտրվում եմ այդ կազմակերպության փոխնախագահ: Խորհրդի որոշմամբ համատեղությամբ դարձա նաև «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիրը (ամսաթերթի կայքը` www.dzaynhamshenakan.org): Ֆինանսական պատճառներով տպագրվում է երկու ամիսը մեկ անգամ` 8 էջով և 1000 օրինակով: Պաշտոնս կոչվում է գլխավոր խմբագիր, բայց ես թերթի միակ աշխատողն եմ: Խմբագրությունը գտնվում է իմ բնակարանում, ու թերթն էլ ծնվում է իմ հին 10-ամյա համակարգչի վերջին ճիգերի շնորհիվ: Թերթում հաճախ տպագրում եմ Կրասնոդարի երկրամասի և Աբխազիայի հայկական դպրոցների ուսուցիչների նյութերը: Բայց թերթը հիմնականում գիտական ուղղվածություն ունի, և հոդվածները նվիրված են ընդհանրապես Տրապիզոնի վիլայեթի հայերին կամ նրանց սերունդներին, նաև քրիստոնյա և իսլամ համշենահայերի պատմությանը, բանահյուսությանը, ազգագրությանը, պարարվեստին, երգարվեստին, բարբառին և այլն: Հեղինակներն աշխատում են Հայաստանի կամ արտասահմանյան համալսարաններում և գիտական հիմնարկներում: Թեև նրանք հոնորար չեն ստանում, իմ խնդրանքով գրում են, քանզի շատերն իմ գործընկերներն են:
– Այսինքն` բավական լուրջ ֆինանսական խնդիրներ ունեք, որոնք խանգարում են Ձեր աշխատանքին:
– Այո, տարիների իմ երազանքն է, որ կարողանամ թերթի հեղինակներին վճարել: Երազում եմ նաև խմբագրատուն ունենալ, մեկ-երկու սենյակ, գոնե մեկ աշխատակից: Ասեմ, որ տարբեր երկրներ գնացող-եկողների հետ թերթեր ուղարկելն էլ ժամանակ ու եռանդ է խլում: Երազում եմ նաև համշենահայերին (քրիստոնյա և իսլամ) նվիրված թանգարան հիմնել: Տարիների ընթացքում ձեռք եմ բերել այդ թեմային առնչվող բազմաթիվ գրքեր, ամսագրեր, թերթեր, եզակի լուսանկարներ, ցեղասպանությունից վերապրածների ձեռագիր հուշագրություններ, տարբեր իրեր, քարտեզներ և ինձ այժմ շատ է անհանգստացնում դրանց հետագա ճակատագիրը: Ապշում և վիրավորվում եմ, երբ Ռուսաստանի մեր հայրենակից մեծահարուստները շոուբիզնեսի առանց այդ էլ հարուստ ներկայացուցիչներին, երգիչ-երգչուհիներին, երաժիշտներին փողեր են շռայլում, տուն ու թանկարժեք մեքենաներ նվիրում, իսկ ազգային այս շատ կարևոր գործին ոչնչով չեն օգնում:
Հ.Գ. Սերգեյ Վարդանյանն իր ուսումնասիրություններում անդրադարձել է նաև Թուրքիայի Արդվին և Ռիզե նահանգների համշենցիներին: Վերջերս նա մի փոքր խմբի հետ այցելել է Թուրքիա, ուր հավաքել է բանահյուսական ու բարբառագիտական արժեքավոր նյութեր: Այդ այցելության մասին մենք արդեն խոսել ենք «Անկախի» նախորդ համարում թուրքագետ Լուսինե Սահակյանի հետ հարցազրույցի շրջանակներում:
Հարցազրույցը վարեց Աստղիկ Խաչատրյանը






Facebook
Tweet This
Email This Post
