Նովրուզ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 9, 2011 6:00

Հայ և պարսիկ ժողովուրդները բազմաթիվ ընդհանրություններ ունեն: Դեռ վաղնջական ժամանակներից որպես եղբայրական երկու ժողովուրդներ ապրելով կողք կողքի`  կենցաղում, ազգային սովորույթներում և նիստուկացում,  մշակույթների շփման արդյունքում շատ նմանություններ են ձեռք բերել: Դրանցից մեկն էլ նոր տարին գարնանային գիշերահավասարի օրը նշելն է: ԹեԲ հայերը, թեԲ պարսիկներն այդ օրը նշել են որպես ամանոր: Եթե քրիստոնեության օրոք հայերի մոտ այդ օրը, որ նշվում էր որպես Վահագն աստծո ծննդյան օր, կորցրեց իր նշանակությունը, ապա իսլամը ոչ միայն պահպանեց պարսիկների մոտ նոր տարին, այլև նոր շուք ու նշանակություն հաղորդեց դրան:

Ինչպես նշվեց, Նովրուզն իրանցիների նոր տարին է և այն եզակի հնագույն տոներից, որ իսլամի օրոք պահպանվել է: Բառը պարսկերեն նշանակում է նոր օր: Այն նշվում է նաև որպես գարնան տոն: Համաձայն ավանդույթի` այն առաջին անգամ նշել է Պարսկաստանի առասպելական թագավոր Ջամշիդը:

Դեռևս զրադաշտական Իրանում, ինչպես և դրանից առաջ, Նովրուզը իսկական համաժողովրդական տոնախմբություն էր: Տոնը, որպես կանոն, ղեկավարում էին Սասանյան արքաները: Տաճարներում քրմերը տոնախմբություն էին կազմակերպում, զոհաբերություն կատարում, հնչում էր երգն ու պարը…

Իսլամի մուտքով տոնակատարությունը պետականորեն այլևս չէր նշվում, բայց այն շարունակում էր մնալ ժողովրդի սիրած տոներից մեկը: Սակայն երկու դար անց Նովրուզի տոնն այնքան մեծ ժողովրդականություն է վայելում, որ այն անգամ սկսում են նշել արաբները, թյուրքերը: Նովրուզը դարձյալ դասվեց պետական տոների շարքն ու այն նշում էին անգամ Բաղդադի արքունիքում:

Իրանական շարժական տոմարով նախկինում տոնը նշվել է տարբեր օրերի: Տոնի` մարտի 21-ին նշելու սկիզբը դրվել է ԺԱ դարում` շնորհիվ նաև անվանի բանաստեղծ և քնարերգու Օմար Խայամի: Վերջինս սելջուկյան սուլթան Մելիքշահի հրամանով մշակում է նոր` արեգակնային հիջրայի տոմարը, որով նոր տարին համընկնում է մարտի 21-ին:

Նովրուզի նախապատրաստումը սկսվում է նախորդ չորեքշաբթի օրվանից: Այդ օրը մթնշաղին հրապարակներում ու փողոցներում մարդիկ խմբվում են խարույկների շուրջը, երգ ու պարի ուղեկցությամբ թռչում կրակի վրայով (սա ձեզ չի՞ հիշեցնում մեկ այլ տոնակատարություն:)

Վերջում խարույկների մոխիրը հավաքում են և լցնում տների պատերի տակ, որպեսզի եկող տարին բարեբեր ու հաջողակ լինի:

Հայկական սովորույթների հետ ևս մեկ նմանություն. չարը խափանելու համար Նովրուզի գիշերը կուժ են ջարդում կամ նետում տան տանիքից: Չարխափան այլ միջոցներ էլ են կիրառվում. կաթսաներին հարվածում են շերեփով, թմբուկ են զարկում, որի բարձր ձայնից չարքերը հեռանում են տան շրջակայքից:

Նովրուզի ժամանակ տարածված են գուշակություններն ու հմայությունները: Մասնավորապես, գուշակություններ են անում մոխիրով, թռչունների թռիչքով…

Ամենատարածվածը, թերևս, գուշակությունն է  հագուստով կամ թաշկինակով: Քարկապ են գցում թաշկինակը կամ հագուստը և, երազանք պահելով, մտերիմներին խնդրում բացել կապը: Եթե այն հեշտ է բացվում` երազանքը կիրականանա: Տարածված գուշակություն է նաև թխվածքի մեջ որևէ մետաղադրամ դնելը և նրա միջոցով հաջողակին ու բախտավորին գտնելը:

Տոնի ժամանակ տարածված է բարեգործություն կատարելու և ողորմություն բաժանելու սովորույթը: Հայերի նման պարսիկներն էլ ամանորին փոխադարձ այցելություններ են կատարում,  հյուրասիրություններ կազմակերպում:

Նայած ազգագավառների` Նովրուզի սեղանները պիտի զարդարված լինեն պարսկերեն որևէ տառով սկսվող ուտեստներով: Սա ընդամենը ծիսական բնույթ ունի, և ամեն դեպքում Նովրուզի սեղաններն աչքի են ընկնում առատությամբ ու ճոխությամբ: Սեղաններին դրվում է նաև ծլարձակած ցորեն` ինչպես հայկական սեղաններին Զատկի ժամանակ:

Ինչպես Հայաստանում, պարսիկներն էլ ամանորը դիմավորում են սեղանի շուրջը` ողջ գերդաստանով հավաքված:

Կեսգիշերից սկսվում են այցելությունները հարազատներին ու ընկերներին: Նախ այցելում են ամենապատվարժան, հարգված մարդկանց, տոհմի նահապետին կամ ավագին:

Տոնակատարությունը շարունակվում է ամբողջ 13 օր: Վերջին օրը պարսիկները դարձյալ առատ սեղաններ են գցում և ուրախ տրամադրությամբ ավարտում Նովրուզը:

Վահե Անթանեսյան

 

Դիտվել է 2025 անգամ:
Print Friendly

Leave a Reply