Պարսկաստան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 7, 2011 15:45

Պարսիկները հազարամյակներ ի վեր հայերի հարևաններն ու իսկական բարեկամներն են եղել, և այսօր էլ մեր պետությունների միջև բարիդրացիական հարաբերություններ են հաստատված: Թեև հայ-պարսկական հարաբերությունները միշտ էլ բազմաբնույթ ու բազմաշերտ են եղել, այսօր հայ ժողովուրդը քիչ բան գիտի Պարսկաստանի պատմության, մշակույթի մասին: Ցավոք, այսօր Իրանի մասին խոսելիս շատերի մեջ զուգորդվում են նախևառաջ իսլամը և Երևան հաճախող պարսիկ զբոսաշրջիկներն ու առևտրականները:

Մինչդեռ պարսիկները համաշխարհային քաղաքակրթության կերտողներից են և հարուստ մշակույթով, ավանդույթներով միշտ էլ առաջատար դեր են կատարել տարածաշրջանում:

Ներկայացնում ենք անտիկ դարաշրջանի հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելլինոսի ուղեգրությունից հատվածներ, որ շատ բանով լույս է սփռում Պարսկաստանի անցյալի ու նրա հարուստ մշակույթի վրա:

Ամմիանոս Մարկելլինոսը ծնվել է 4-րդ դարում` Անտիոք քաղաքում: Երիտասարդ տարիքում զինվորական է եղել, ծառայել է հռոմեական լեգեոններում, ապա թողնելով զինվորական ծառայությունը` զբաղվել է գիտությամբ: Նա իր ՙԳործք՚ աշխատության մեջ անդրադարձել է ժամանակի բոլոր ազգերին, տրամադրել եզակի ու հետաքրքրական նյութեր նրանց մշակույթի ու կենցաղի մասին:

ՙԱյդ թագավորությունը (Պարսկաստանը), որ նախկինում ունեցել է չնչին տարածք և կոչվել տարբեր անուններով, բաժին հասավ Արշակին: Նա ստորին ծագում ունեցող մարդ էր: Պատանի ժամանակ եղել էր ավազակների պարագլուխ, բայց իր ձգտմամբ աստիճանաբար բարձրացավ և նշանավորեց իր անունը փայլուն արարքներով: Մի շարք փառավոր և համարձակ քաջագործություններից հետո նա հաղթեց Ալեքսանդրի հաջորդ Սելևկոս Նիկատորին…

Բոլոր հարևան մարզերը նա հնազանդեցրեց ուժով, արդարությամբ կամ իր անվան հանդեպ ունեցած երկյուղով: Պարսկաստանը ծածկեց քաղաքներով, ամրոցներով և ամրություններով, այն դարձրեց ահարկու հարևան ժողովուրդների համար…

Արշակի հետնորդները, ի տարբերություն մյուսների, առավելություն ունեն գերագույն իշխանությունը ժառանգելու հարցում: Եվ ցանկացած երկպառակության ժամանակ յուրաքանչյուր պարսիկ զինվոր կամ մասնավոր անձ երկնչում էր Արշակունուն ձեռքով հարվածելուց, որովհետև դա սրբապղծություն էր:

Պարսկաստանի ինչպես բնակչությամբ, այնպես էլ տարածքով և հողի բերրիությամբ առաջին նահանգը Ասորեստանն է… Պտղատու ծառերից և հացազգիներից բացի այստեղ կա նաև նավթ` Սոսինգիտես կոչվող լճի մոտ: Այս լիճը կլանում է Տիգրիսը, որը հետո մի երկար տարածություն հոսում է գետնի տակով և նորից դուրս գալիս երկրի երես: Այնտեղ կա նաև թանձր ասֆալտ` ձյութի նման: Այն նման է նաև նավթի: Եթե նրա հանքին թռչուն նստի, որքան էլ փոքր լինի, ապա կորցնում է թռչելու հատկությունը և ընկղմվում է նրա մեջ ու սուզվում: Եթե այդ հեղուկը բոցավառվում է, ապա մարդկային բանականությունն այն հանգցնելու ոչ մի միջոց չի կարող գտնել, բացի վրան հող լցնելուց:

Այդ տեղանքում հողի մակերևույթի վրա կա մի ճեղքվածք, որից դուրս է գալիս մահաբեր ոգին` իր ժանտահոտով սպանելով յուրաքանչյուր կենդանի էակի, որ գտնվում է մոտակայքում: Եթե այդ վարակը, որ դուրս է գալիս մի խոր հորից, ելներ ավելի լայն խառնարանից, ապա մինչև վերև հասնելը այն իր չարաղետությամբ անմարդաբնակ կդարձներ հարևան հողերը:

Ասորեստանում կան շատ քաղաքներ: Նրանցից նշանավոր են Ապամեան կամ Մեսենան, Տերեդոնը, Ապոլոնիան, Վաղարշավանը և դրանց նման շատերը: Բայց ամենանշանավորները և բոլորին հայտնի են հետևյալ երեք քաղաքները. Բաբելոնը, որի պարիսպները Շամիրամն ամրացրել է ասֆալտով, իսկ միջնաբերդը կառուցել է հնագույն թագավոր Բելը: Տիզբոնը, որը հին ժամանակներում շինել է Վարդանը, իսկ ավելի ուշ Բակուր թագավորը զորեղացրել է բնակչության թվով, կառուցել պարիսպներ, տվել հունական անվանում և դարձրել լավագույն օրինակ պարսից քաղաքների համար: Վերջապես Սելևկիան` Սելևկոս Նիկատորի փայլուն ստեղծագործությունը:

…Այդ երկրում պատրաստվում է մարտական յուղը: Եթե այն քսվի նետին և արձակվելով թույլ ձգված նետից դիպչի որևէ իրի, ապա կայրվի ուժեղ կրակով: Արագ սլանալու դեպքում կրակը հանգչում է: Եթե ցանկանաս կրակը հանգցնել ջրով, ապա կրակն ավելի կբոցավառվի, և չկա հանգցնելու այլ միջոց, բացի հողով ծածկելը: Դա պատրաստվում է հետևյալ կերպ. այդ գործի մասնագետները սովորական յուղը թրմում են հատուկ խոտի մեջ և թողնում, որ սառչի: Երբ այն թանձրանում է, դարձնում են ավելի խիտ` նրան խառնելով մի բնական մթերք, որ նման է թանձր յուղի: Այդ մթերքից կա Պարսկաստանում, և ինչպես ասացինք, բնիկների լեզվով կոչվում է նավթ:

…Այս երկրի բնակիչները վայրենի են և ռազմատենչ: Պատերազմները և կռիվները այնքան նրանց սրտով են, որ իրենց մոտ երջանիկ է համարվում նա, ով ընկնում է մարտում: Իսկ եթե մահանում են սեփական մահով, ապա նրանց տանում են հայհոյանքով` որպես այլանդակի և վախկոտի:

…Այդ (Պարսկաստանի) տարբեր ժողովուրդների բազմությունը զանազանվում է նաև կազմվածքով: Ժողովուրդների մարմնի կազմվածքի և բարքերի ընդհանուր նկարագիրը տալու համար պետք է ասել, որ նրանք մեծ մասամբ ունեն նիհար կազմվածք, գունատ, դեղնավուն մաշկ, սևահեր են, աչքերով նման են այծի, հոնքերը կիսաշրջանաձև են և սերտաճած, մորուքը` բարետես, իսկ գլխի մազերը` երկար: Նրանք բոլորն էլ առանց տարբերության, նույնիսկ խնջույքներին և տոն օրերին հայտնվում են կողքից կախված թրով:

Նրանց մեծ մասն անձնատուր է լինում սիրային անչափավորությունների և հազիվ է բավարարվում բազմաթիվ հարճերով: Արվամոլություն նրանք չգիտեն: Յուրաքանչյուրն իր միջոցներին համապատասխան կնքում է շատ կամ քիչ թվով ամուսնություններ: Ուստի նրանց մոտ սերը, բաժանվելով տարփանքի տարբեր առարկաների միջև, շուտ հանգչում է: Պաճուճագեղ խնջույքներից, պերճանքից և հատկապես հարբեցողությունից նրանք խուսափում են, ինչպես վարակից:

Միայն թագավորական սեղանի համար նրանց մոտ գոյություն ունի որոշակի ժամ, իսկ մնացած մարդկանց ժամանակը որոշում է սեփական ստամոքսը, և նրա պահանջով յուրաքանչյուրն ուտում է այն, ինչ ընկնում է ձեռքը: Կշտանալուց հետո ոչ ոք չի ծանրացնում իրեն ավելորդ կերակուրներով:

Հիացմունքի են արժանի նրանց չափավորությունն ու զգուշավորությունը: Այսպես, թշնամու հողով, պարտեզներով ու խաղողի այգիներով անցնելիս նրանց մոտ երբեք ինչ-որ բանից օգտվելու և որևէ բանի ձեռք տալու ցանկություն չի առաջանում` վախենալով թունավորվելուց կամ կախարդվելուց:

Դժվար է տեսնել, որ պարսիկը կանգ առնի միզելու կամ, մի կողմ քաշվելով, նստի բնական կարիքի համար:  Նրանք չափազանց զգուշորեն թաքուն են պահում այդ և այլ անպարկեշտ գործողությունները:

Նրանք այնքան արագաշարժ են և ցուցաբերում են մարմնի այնպիսի թեթևություն ու դյուրաշարժություն, որ նրանց տղամարդկանց կարելի է համարել կանացիակերպ: Բայց նրանք հոյակապ զինվորներ են, ավելի շուտ` խորամանկ, քան քաջ և առավել վտանգավոր են հեռվից: Նրանք թշնամու հասցեին ասում են շատ ավելորդ խոսքեր, վայրենի և կատաղի բացականչում են, անտանելի և զզվելի ճոռոմախոսում: Նրանք խստասիրտ են երջանկության և դժբախտության ժամանակ, խորամանկ, հպարտ և այնքան դաժան, որ իրենք են որոշում ստրուկների և ստորին դիրք ունեցողների ապրելու և մեռնելու իրավունքը: Նրանք ողջ մարդուն մորթազերծ են անում` ամբողջովին կամ մաս-մաս: Սեղանի մոտ կանգնած կամ սպասարկող ստրուկին արգելվում է բերանը բացել, որևէ բառ արտասանել կամ թքել: Ուստի երբ կաշին փռված է նստելատեղերին` ճաշի համար, ապա բոլորի շուրթերը սեղմված են:

Նրանց օրենքները չափազանց խիստ են: Իրենց դաժանությամբ առանձնանում են անբարեհույսների և դասալիքների դեմ ընդունված որոշումները: Սարսափելի են և մյուսները, որոնց համաձայն մեկի պատճառով խորտակվում է ողջ տոհմը:

Դատավոր են ընտրվում հմուտ և ազնիվ մարդիկ, որոնք քիչ են զգում ուրիշների խորհուրդների կարիքը: Ուստի նրանք ծիծաղում են մեր սովորույթի վրա, որ երբեմն անգետ դատավորի հետևում տեղավորվում են ճարպիկ հռետորներ և իրավունքի գիտակներ: Իսկ այն, որ դատավորը իբր թե պետք է նստի ամբաստանյալին անօրինական դատած դատավորի կաշվի վրա, կամ հին ժամանակների հորինվածք է,  կամ էլ նախկինում գործած այդ սովորույթը այժմ չի գործում:

Պարսիկների ռազմակառքը, նրանց կարգապահությունը, մշտական մարզումներն ու սպառազինման ձևերը, որ հաճախ է սարսափեցրել մեզ, նրանց դարձնում է ահարկու նույնիսկ մեծ բանակների համար: Նրանք իրենց հույսը ամենաշատը դնում են հեծելազորի քաջության վրա, որտեղ ծառայում է նրանց ողջ ազնվականությունը: Հետևակայինները, լինելով գումակայիններ, զինված են մումիլլիոնների (գլադիատորների) նման: Նրանց ողջ զանգվածը հետևում է հեծելազորին և կարծես թե դատապարտված է հավերժական ստրկության` երբեք չպարգևատրվելով ոԲչ նվերով, ոԲչ որևէ նպաստով: Այդքան համարձակ և ռազմական դժվարություններին սովոր ժողովուրդը նրանցից զատ, ոմանց ինքը նվաճել է, կարող էր իր լծի տակ պահել բազմաթիվ ցեղեր, եթե նրան ուժասպառ չանեին ներքին երկպառակություններն ու արտաքին պատերազմները:

Նրանք մեծ մասամբ հագնում են վառ և գունագեղ հագուստներ, և թեև առջևից ու կողքերից դրանք քամուց ծածանվում են, բայց կրունկից մինչև գլխի գագաթը մարմնի վրա չկա ոչ մի չծածկած տեղ: Ոսկե ապարանջաններ և մանյակներ, ինչպես նաև թանկարժեք քարեր և հատկապես մարգարիտ կրելը, որը նրանց մոտ շատ է, պարսիկները սովորել են լիդիացիներից` Կրեսոսի օրոք նրանց նվաճելուց հետո:

Վահե Անթանեսյան

 

Դիտվել է 4014 անգամ:
Print Friendly

Leave a Reply