Ինչպես փրկել Երևանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 3, 2011 20:00

Վերջին օրերին քաղաքաշինության և ճարտարապետության մասին այնքան է խոսվում, որ թվում է, թե այս երկրում քննարկելու ուրիշ բան չի մնացել։ Իրականում դա շատ երկար ու հետևողական, սկզբնական շրջանում անարդյունավետ թվացող գործընթացի արդյունք է, որը սկիզբ է առել դեռևս 2000-ականների սկզբին: Վերջին շրջանում բուռն քննարկվում են քանդակագործ Չուբարյանի տան բակում կառուցվող բազմահարկ բնակելի շենքն ու Կաթողիկե եկեղեցու մոտ կառուցվող Ս. Աննա եկեղեցին, որոնց ավելի ուշ ավելացավ նաև կառավարության շենքի աշտարակի դարակազմիկ գաղափարը:

Այդ ամենի գագաթնակետը դարձան Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանի հրաժարականն ու նոր գլխավոր ճարտարապետի՝ Նարեկ Սարգսյանի նշանակումը, որն այդ նույն պաշտոնն էր զբաղեցնում նաև նախկինում (1999-2004 թթ.)։ Երևանի նոր գլխավոր ճարտարապետ նշանակված Նարեկ Սարգսյանի վերադարձը քաղաքապետարան անակնկալի բերեց բոլորին` «փչացնելով» երևանցիների ու ճարտարապետական հանրույթի բարձր տրամադրությունը, որոնք պատրաստվում էին տոնել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի` «Մոսվկա» կինոթատրոնի ամառային դահլիճը երիտասարդական կենտրոնի վերածելու մասին հայտարարությունը։

Հետևանքները երկար սպասեցնել չտվեցին: Քաղաքապետի ֆեյսբուքում հիմնականում դրական ու երբեմն նույնիսկ պետական պաշտոնյայի հասցեին ոչ հատուկ հիացական գրառումներին հաջորդեցին ծայրահեղ բացասական, անգամ վիրավորական արտահայտություններ։ Ֆեյսբուքում կրքերն այնքան թեժացան, որ քաղաքապետը հատուկ գրառում կատարեց նույն օրը` մասնավորապես ասելով. «Վստահ եմ, որ ժամանակը և կատարվող աշխատանքը ցույց կտան, որ գլխավոր ճարտարապետի նշանակման իմ որոշումը ողջամիտ էր ու նպատակային։ Նարեկ Սարգսյանը սիրում է Երևանը ոչ պակաս, քան մեզանից յուրաքանչյուրը, և կարծում եմ` բոլորս պետք է քաջալերենք նրան և բարենպաստ դաշտ ստեղծենք, որպեսզի հնարավորություն ունենա դրսևորելու իր սերը քաղաքի նկատմամբ: Եվ այս ամենը, կրկնում եմ, պետք է կատարվի ձեր կողմից վերահսկվող դաշտում: Առաջարկում եմ ձեզ քննարկումները հետաձգել մի քանի ամսով և արդեն հիմնվել կատարված աշխատանքների վրա»:

Չնայած այս հայտարարությունից հետո կրքերը դեռ բորբոքվում էին, ամեն դեպքում Երևանով ու հատկապես նրա պատմական կերպարով մտահոգ մի խումբ քաղաքացիների սա համոզիչ թվաց: Անհավատները հարցում կազմակերպեցին Ֆեյսբուքի շրջանակում, որի մոտ 2000 հարցվածների 90%-ը դեմ էր Նարեկ Սարգսյանի գլխավոր ճարտարապետ նշանակվելուն (մայիսի 28-ի տվյալներով): Նշանակմանը կողմ քվեարկածների հիմնական մասը կա՛մ Սարգսյանի հարազատներն էին, կա՛մ ինչ-որ կերպ կապ ունեին նրա հետ: Հավանաբար,  սրանց մեջ կլինեն նաև անձինք, ովքեր իրականում գոհ են Երևանում իրականացված կառուցապատումներից:

Ինչևէ, լցվելով հավատով առ քաղաքապետը, հասարակությունը սպասելու է մի քանի ամիս` տեսնելու նորանշանակ գլխավոր ճարտարապետից տրամագծորեն տարբեր մոտեցումներ:

Ինչպես առիթ եմ ունեցել ասելու նաև նախկինում, Նարեկ Սարգսյանը, որ իմ կարծիքով (և կարծում եմ` ոչ միայն իմ) Երևանի քաղաքաշինության ոլորտում մի շարք խոշոր անհաջող ծրագրերի կնքահայրն  է, ինչպես նաև  ճարտարապետի հասարակական դերին մեծագույն հարված հասցրած անձնավորություն, այլևս չի ունենալու նախկին «համարձակ» գաղափարներն իրականացնելու  երբեմնի ազատությունը: Այսօր և՛ հասարակությունը, և՛ ճարտարապետական հանրույթը, և՛ քաղաքային իշխանությունները շատ ավելի հասուն են և կազմակերպված: Այսուհանդերձ, կան մի շարք կարևոր քայլեր, որոնք կարող են վերարժևորել ու ավելի վերահսկելի դարձնել գլխավոր ճարտարապետի դերը որոշումների կայացման գործընթացում:

Առհասարակ գլխավոր ճարտարապետի ինստիտուտը բավական ժամանակավրեպ հասկացություն է: Որպես ժամանակավոր, անցումային պաշտոն` այն հասկանալի կլիներ, եթե նախկինում կամ գոնե ապագայում ստեղծվեին քաղաքային միջավայրերի կառավարման համար անհրաժեշտ նորմատիվային ու ծրագրային փաստաթղթերի փաթեթներ, և դրանց ընթերցման կարողություն ունեցող անձինք միայն իրականացնեին համապատասխան որոշումների ընդունման գործընթացները:

Սակայն, հասկանալի պատճառներով, թե՛ նախկին գլխավոր ճարտարապետները, թե՛ այդպիսի լիազորություններ ունեցող անձինք անցյալում նման նախաձեռնությամբ հանդես չեն եկել։ Նախկին 10 տարիների ընթացքում մշակվել են թե՛ Երևանի գլխավոր հատակագիծը, թե՛ մի շարք համայնքների գոտիավորման հատակագծերը։ Սակայն դրանք դեռևս շատ հեռու են քաղաքի կառավարիչների  կողմից ճիշտ որոշումներ կայացնելու համար պիտանի լինելուց։ Անձամբ ծանոթ եմ դրանցից մի քանիսին, որոնցում ամրագրվել են նախկին` արդեն կատարված սխալները, և  ընձեռվել են բազմաթիվ հնարավորություններ ապագայում նման սխալները կրկնելու համար: Դրանցից մեկը հենց քանդակագործ Չուբարյանի տան հարակից բակի թնջուկն է, որտեղ ,փաստորեն, քաղաքային մշակույթի տրամաբանական պահպանության ոգուն հակառակ առաջարկ է արված, իսկ ներկա կառուցապատողը, անցնելով նաև գոտիավորման հատակագծի հեղինակներին ջանասիրաբար ցանկանում է այն ամբողջովին կառուցապատել (ըստ գոտիավորման նախագծի` այն Նալբանդյան փողոցին հարող հատվածում պետք է պահպաներ առկա երկհարկանի շինությունն ու վերածեր այն մշակութային շինության)։ Այսինքն` նույնիսկ ոչ ամբողջական և ինչ-որ  չափով արդիականությունը կորցրած փաստաթղթերի կիրարկման համար արդեն կան մի շարք խոչընդոտներ, որոնք հիմնականում պայմանավորված են պետական կառավարչական մարմիններում առկա մի շարք խնդիրներով։

Ելնելով վերոնշյալից` կարելի է ասել, որ այսօր Երևանին վերաբերող քաղաքաշինական բոլոր ծրագրային փաստաթղթերն ու նախագծերը վերանայելու և լայն քննարկման առարկա դարձնելու հրատապ կարիք կա: Մինչ այդ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել կամ առհասարակ դադարեցնել որևէ նոր նախաձեռնություն` բացառելու համար նախկին սխալների կրկնությունը։

Առաջարկում եմ, օգտագործելով այդ դադարը, նաև հաշվի առնելով ներկա գլխավոր ճարտարապետի նկատմամբ հասարակության վերաբերմունքը, հատուկ ուշադրություն դարձնել Երևանի քաղաքապետարանի կազմում գործող քաղաքաշինության խորհրդի կազմի ընտրությանը և նրան տրվող լիազորություններին: Նրանում անպայման պետք է արտացոլվի ճարտարապետական հանրույթը՝ հանձինս այս պահին ամենաներկայացուցչական մարմնի՝ Հայաստանի ճարտարապետների միության անդամների, նաև ոլորտի մի շարք այլ հաստատությունների պատասխանատու ներկայացուցիչների: Բացի այդ, կարևոր է քաղաքաշինության խորհրդի քննությանը ներկայացնել ոչ միայն որոշակի նախագծեր, այլև բոլոր ծրագրային փաստաթղթերը, ինչպես նաև մի շարք ընթացակարգեր (քանդման թույլտվության ընթացակարգը և այլն)։ Որպես քաղաքաշինական և ճարտարապետական գործընթացներում հասարակության մասնակցության կողմնակից` կարծում եմ` նպատակահարմար է քաղաքաշինության խորհրդի կազմում ներգրավել նաև քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Նման փորձ արվել է Երվանդ Զախարյանի պաշտոնավարման ընթացքում, երբ քաղաքաշինության խորհրդի նիստերին մասնակցում էին Կարինե Դանիելյանը («Հանուն կայուն զարգացման» ՀԿ) և Սոնա Այվազյանը («Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ՀԿ):

Նմանատիպ բազմաթիվ առաջարկություններ կարելի է ներկայացնել, որոնք կմեղմեն Երևանի գլխավոր ճարտարապետի նշանակման առնչությամբ առաջացած լարվածությունը։ Իհարկե, սրա մասին իմաստ ունի խոսել միայն այն դեպքում, եթե խնդիրներին նորովի մոտենալու ու թափանցիկ աշխատելու մասին հայտարարությունները համապատասխանում են իրականությանը։ Միանձնյա, պետական պաշտոնյաների կաբինետներում որոշումներ կայացնելու վտանգների չեզոքացման համար անհրաժեշտ է վերահսկողական և խորհրդատվական մեխանիզմներ մշակել, որոք կօգնեն Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին հավատարիմ մնալու իր որդեգրած գործելաոճին և մինչև որոշումներ կայացնելը ստանալու բազմակողմանի ու ամբողջական պատկերացում խնդրի վերաբերյալ։

Այս ամենն անհրաժեշտ է ընդունել որպես ելակետ, քանի որ քաղաքաշինությունը սխալներ չի սիրում,  մանավանդ որ Երևանում վաղուց արդեն սպառել ենք սխալվելու  հնարավորության պաշարները: Իսկ եթե մեզ համար կարևոր է «փրկել» Երևանը գլխավոր ճարտարապետի միաձնյա կառուցապատումից, որը կարծում է, թե «Երևանը գյուղաքաղաք է և պատմաճարտարապետական առումով լուրջ արժեք չներկայացնող», անհրաժեշտ է հենց այսօր գործի անցնել («Առավոտ» օրաթերթ, 17.12.2004 թ.):

Կարծում եմ` մի քանի ամիս սպասելու կարիք չկա։ Մի քանի շաբաթն էլ բավարար է` գտնելու անհրաժեշտ  մասնագիտական արժանիքներ ու քաղաքացիական դիրքորոշում ունեցող 20 քաղաքացու` ներգրավելու համար այս գործընթացներում ու  բացելու Երևանի քաղաքաշինական խնդիրներին նորովի մոտենալու մի նոր էջ:

 

Սարհատ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ճարտարապետ, քաղաքաշինարար

 

www.sarhat.am

 

Դիտվել է 1675 անգամ:
Print Friendly

Leave a Reply