Պետք է ստեղծել հայի բրենդ` համաշխարհային բեմի վրա դեր ունենալու համար

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 4, 2011 15:00

1967 թվական, Խորհրդային Հայաստան: Թերլեմեզյանում սովորող 19-ամյա երիտասարդը բանտարկյալի զգացողություն ուներ. այն, ինչ տեսնում ու վերցնում էր խորհրդային մշակույթից, այլևս չէր գոհացնում, այն, ինչի ձգտում էր` հնարավոր չէր հասնել. համաշխարհային արվեստի դռները փակ էին ու անհասանելի: Որոշումը կայացած էր` փախուստ Հայաստանից…

Փախուստ Հայաստանից. հինգ հոգուց երկուսն անցան սահմանը, երկուսը սպանվեցին

1969 թվական, Սան Ֆրանցիսկո: Զատիկյանը, դառը փորձությունների ենթարկվելով, հայտնվեց ազատ մշակութային սահմաններ ունեցող երկրում, որտեղ շուտով դարձավ հռչակավոր քանդակագործ Բենջամինո Բուֆանոյի օգնականը: 1974 թվականին նա տեղափոխվեց Նյու Յորք և սկսեց համագործակցել մեկ այլ նշանավոր քանդակագործի` Ռիչարդ Սերայի հետ: Շատ բան տեսավ ու սովորեց: 1975 թվականից նա սկսեց ստեղծել արվեստի իր յուրօրինակ գործերը:

Զատիկյանը սկսեց ոսկեպատել տարածություններ, ստեղծել ոսկեպատ առարկաներ, ոսկեպատ քանդակներ: Ոսկին դարձավ նրա արվեստի գերիշխող մոտիվը, որը խորհրդանշում է լույս ու ջերմություն: 1975 թվականին նա ոսկեպատեց Նյու Յորքի արվեստագետների միության մուտքը: Դա իր չափսերով աննախադեպ էր: Այդ աշխատանքն այնքան գեղեցիկ ու տպավորիչ էր, որ մնաց շուրջ 5 տարի: 1978 թվականին Զատիկյանին հրավիրեցին Թեհրան, որտեղ ժամանակակից թանգարանի համար 1000 ոսկեպատ աղյուսներ պատրաստեց: Աշխատանքը ցուցադրվեց, սակայն շուտով Իրանում հեղափոխություն սկսվեց, և Զատիկյանը մի կերպ հասցրեց այնտեղից փախչել: Հետագայում պարզվեց, որ այդ 1000 ոսկեպատ աղյուսները պատվիրատուն վաճառել է` մեկ հատը 1000 դոլարով, մինչդեռ Զատիկյանին ասել էր, թե դրանք գողացել են:

Զատիկյանի աշխատանքները յուրօրինակ են. ճիշտ է` դրանք բխում են հին եգիպտական, ասորական, պարսկական, հելլենիստական մշակույթից, սակայն հայ արվեստագետը դրանց լրիվ նոր շունչ ու կերպարանք է հաղորդել:

Նրա կարծիքով` արվեստագետի համար ամենադժվարը առանձնանալն է, ինքնատիպ լինելը: Նա արվեստի մեջ սկսեց առանձնանալ նախ ոսկեպատման իր աննախադեպ տարածություններով, որոնք, ինչպես ինքն է ասում, բխեցին ոչ թե նոր բան ստեղծելու մոլուցքից, այլ իր կյանքի պատմությունից, կուտակված զգացմունքների հսկայական հորձանուտից: Ոսկեպատելով այդ տարածությունները` նա ուզում էր լուսավորել, ջերմացնել, վերափոխել աշխարհը: Իսկ նրա ոսկեպատ ֆիգուրները միանգամայն նոր ուղղություն մտցրին մարմնական արվեստի մեջ: Քանդակագործն արձանները պատրաստում է կավից, ապա որոշ աշխատանքներ կատարելուց հետո ոսկե բարակ թիթեղները ջրով փակցնում կավին: Խոնավ կավը ոսկին ներծծում է: Չորանալուց հետո մնում է հատուկ փայլուն քարերով արձանները փայլեցնել, որը կարող է մի քանի օր տևել: Աշխատանքը բարդ է ու երկարատև, սակայն արդյունքն անգնահատելի է:

Զատիկյանի աշխատանքները ցուցադրվել են մի քանի տասնյակ ցուցահանդեսներում` անհատական և խմբային` շատ բարձր գնահատվելով աշխարհի տարբեր արվեստագետների և արվեստաբանների կողմից:

2008-ին Նյու Յորքում տեղի ունեցած անհատական ցուցահանդեսի ժամանակ, երբ Զատիկյանի աշխատանքները դիտելու էին եկել նյույորքյան ժամանակակից մշակութային սերուցքը ներկայացնող շուրջ 500 արվեստագետներ, նրա ոսկեպատ արձանները գնահատվեցին իբրև մարմնական արվեստի միանգամայն նոր տեսակ:

«Դա իմ ամենամեծ ձեռքբերումն է,- խոստովանում է Զատիկյանը,- դրանից հետո ինչ էլ ստեղծեմ, որտեղ էլ իմ աշխատանքները ցուցադրվեն, մարդիկ կճանաչեն, որ դա իմն է: Ես`որպես ժամանակակից արվեստագետ, իմ ողջ ուժն ու կարողությունը տվել եմ, որպեսզի հեղաշրջում անեմ, ազատագրվեմ արդեն իսկ եղած արվեստի տեսակներից: Որովհետև եթե ուզում ես ինչ-որ կաթիլ ավելացնել արվեստի պատմության մեջ, ապա պետք է լրիվ այլ անկյունից նայես: Կարծում եմ` ես դրան հասել եմ»:

Զատիկյանը նաև զարդեր է պատրաստում. «Աղջիկս բալետի պարուհի է և ինձ շատ խնդրեց, որ իր համար ինքնատիպ զարդեր պատրաստեմ: Երբ այդ զարդերը տեսել էին նրա վրա, շատ էին հավանել և ցանկացել էին անպայման ունենալ: Ընթացքում աղջիկս մի քանիսը վաճառել էր»,- պատմում է նա:

Այդպես, Զատիկյանի պատրաստած զարդերը հասել էին ամերիկյան հայտնի մարդկանց, այդ թվում նաև` աշխարհահռչակ Լեդի Գագային. «Բայց դա իմ նպատակը չէ, ես դրանով չեմ ուզում ներկայանալ, իմ արվեստը լրիվ այլ բան է»,- ասում է նա:

Բացի ոսկեպատ քանդակներից և տարածություններ ոսկեպատելուց, Զատիկյանը նաև արվեստի այլ յուրօրինակ գործերի հեղինակ է: 1995-2004 թվականների ընթացքում նա ստեղծել է հսկայական կտավներ` վերցված 7-13-րդ դարերի հայ մանրանկարչությունից: Նա ամբողջական պատկերից վերցրել ու առանձնացրել է հատվածներ` պարզեցնելով կերպարը և  նորովի ներկայացնելով միջնադարյան այդ հոյակապ գործերը:

Նրա վերջին ծրագիրը, որը կոչվում է «Քարավան. հազարամյակի տեսիլքներ», ներկայացնում է 6 պատկեր` կրկին վերցված միջնադարյան հայ մանրանկարչությունից: Այս պատկերներն իրենց չափսերով իսկապես աննախադեպ են և մի ամբողջ պատ կարող են զարդարել: Հսկայական պաստառները բարձելով բեռնատարների վրա` Զատիկյանը պտտվել է ողջ Լոս Անջելեսում և 7 օր շարունակ ցուցադրել դրանք ժողովրդին:

Այժմ Զատիկյանն ուզում է, որպեսզի իր արվեստին ծանոթանան նաև Հայաստանում: «Ես նույն ձևով, ինչպես Լոս Անջելեսում, ուզում եմ շրջել Հայաստանով մեկ և այս հսկայական պատկերները ցուցադրել հասարակ ժողովրդին` գյուղացուն, երեխային, բոլորին»,- ասում է նա:

Այս պաստառները նրա նախորդ կտավներից տարբերվում են նրանով, որ այստեղ վառ գույների փոխարեն գերիշխում են երկու գույն` ոսկեգույնն ու մուգ շագանակագույնը: Իսկ ոսկեգույնը ոչ թե սովորական ներկ է, այլ ոսկեպատ կտորների միաձուլում:

«Փախուստից» հետո Զատիկյանը հայրենիքում է երկրորդ անգամ: Մի քանի օր Հայաստանում անցկացնելուց հետո նկատել է, որ մարդիկ շատ են տրտնջում. «Ես հասկանում եմ մարդկանց բողոքի պատճառը, բայց մարդիկ պետք է նաև հասկանան, որ մենք ո’չ քաղաքական ուժ ենք աշխարհի մեջ, ո’չ տնտեսական, ո’չ էլ մարդահամար ենք: Եթե ուժ պիտի դառնանք, ապա միայն մեր մշակույթի շնորհիվ»:

Ըստ Զատիկյանի` աշխարհի երեսին իր գոյությունը պահելու համար Աստված հային արարել է մեծ տաղանդով, սակայն այդ տաղանդը հայերը չեն կարողանում օգտագործել և հզորանալ. «Օրինակ` երբ արաբական երկիր ես գնում, միանգամից զգում ես նրանց մշակույթը, զգում ես, որ ամեն բանի մեջ իրենցը կա, բայց երբ Հայաստան ես գալիս, խարակտեր չկա,- ասում է Զատիկյանը: – Մեր մասին գիտեն, բայց չգիտեն` ինչով: Եթե ուզում ենք աշխարհին ներկայանալ, պետք է մեր բրենդը ստեղծենք` հայի բրենդը»:

 

Դիտվել է 1432 անգամ:
Print Friendly

Leave a Reply