Ռեկե՞տ, թե՞ իրականություն. անհատ ավտոներկրողները խուսափում են հարկային դաշտից

Հարցազրույց | | June 10, 2011 12:34

«Անկախի» հարցերին պատասխանում է «Ավտոներկրողների միավորում» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը

Ինչպե՞ս է կանոնակարգվում մեքենա ներկրող ֆիզիկական անձի ծավալած գործունեությունը:

– Այս դաշտում խառնաշփոթ վիճակ է: 2008 թ. փոփոխված հարկային օրենսդրությամբ, եթե մեկ օրացուցային տարվա  ընթացքում ֆիզիկական անձը ներկրում է երկրորդ մեքենան, ապա դա, մաքսազերծման գումարից բացի, ենթակա է լրացուցիչ հարկման: Համարվում է, որ առաջին մեքենան բերել ես քեզ համար, միգուցե դուրդ չի եկել, վաճառում ես, բայց նույն տարվա մեջ երկու-երեք անգամ բերելու դեպքում անձը պետք է  ներկայանա հարկային տեսչություն և  հաշվետվություն ներկայացնի: Մարդիկ խուսափում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ) ձևակերպվելուց, որովհետև հարկերը շատ են. 20 տոկոս շահութահարկ, 20 տոկոս ԱԱՀ, արտասահմանում ձեռք բերած մեքենայի 10 տոկոս եկամտահարկ, դրա համար էլ բոլորը ձգտում են հարկային դաշտից հեռու մնալ:

Ներկրող կազմակերպությունների, օրինակ` «Միցուբիշի մոթորսի» կամ «Տոյոտայի» կարգի կազմակերպությունների համար, որոնք տարվա կտրվածքով ներկրում են հարյուր և ավելի մեքենա, միգուցե ձեռնտու է այդ հարկատեսակներով հարկ տալը, բայց ֆիզիկական անձի համար, որ տարին մեկ-երկու մեքենա պետք է բերի, ձեռնտու չէ:

Բայց եթե մարդը թեկուզ 2 մեքենա է բերում վաճառելու համար և շահույթ է ստանում, ուրեմն պետք է հարկ վճարի, չէ՞:

– Ներկրողներից ոչ ոք էլ չի ընդդիմանում հարկերը վճարելուն, պարզապես  նրանց պարտադրում են դառնալ ԱՁ կամ ՍՊԸ, որի դեպքում հաշվապահ պետք է պահի, ծավալած գործունեության համար հաշվետվություն տա և այլն, իսկ քանի որ  քանակը շատ մեծ չէ, տարեկան մի քանի ավտո է, դա ի՞նչ իմաստ ունի:

Մարդիկ հարկերին դեմ չեն,  նրանք ոչ թե ուզում են հարկեր չմուծեն, այլ ուզում են, որ ֆիզիկական անձի համար  հստակ հարկատեսակ և չափ սահմանվի, օրինակ` սկզբնական շրջանում ինչ-որ հաստատագրված վճար, որ բոլոր ֆիզիկական անձինք գան հարկային դաշտ: Մեր անկախության 17 տարիների ընթացքում անհատ տաքսիներն աշխատել են ապօրինի: 2009-ից հետո նրանք մտան հարկային դաշտ, վատ է՞:

Բացի այդ, ցանկացած ավտոներկրող ուշ թե շուտ ձգտում է հարկային դաշտում լինել, որպեսզի իր բիզնեսը զարգացնի: Եթե որպես ներկրող կամ շահույթ հետապնդող չես երևում որևէ տեղ, ոչ մի բանկ էլ քեզ չի աջակցի, վարկ չի տա, որ բիզնեսդ զարգացնես: Հետևաբար նրանք ուզում են հարկ վճարել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ֆիզիկական անձանց համար սահմանված հարկատեսակը որևէ կերպ սահմանված չէ:

Հարկային տեսչությունը վեճ է սկսում այդ ֆիզիկական անձանց հետ, որոնք ամեն  կերպ ձգտում են ապացուցել, որ  մեքենան բերել են վարելու համար, բայց հետո դուր չի եկել, վաճառել են, ու  հնարավոր չէ ապացուցել, որ ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում:

Ոչ ոքի համար պարզ չէ, թե ինչ հարկատեսակով պետք է հարկվի ֆիզիկական անձը կամ ինչ տոկոսով: Այդ մասին տարբեր հարկային տեսչություններում տարբեր բաներ են ասում: Մի տեղ ասում են` ԱՁ պետք է դառնալ, մյուս տեղում էլ, թե որպես ֆիզիկական անձ` կարող ես հարկ տալ, բայց թե ինչքան, պարզ չէ:

Ենթադրենք մարդը ավտոմեքենա է ներկրել, որն արժի մոտ 5000 դոլար: Մաքսազերծելուց հետո ինչքա՞ն է դա արժենում:

-Մինչև 2005 թ. արտադրության, այսինքն`  5 տարեկան մեքենայից գանձվում է 32, մինչև 10 տարեկան մեքենայից`  34, իսկ  10-15 տարեկանից` մեքենայի արժեքի 42 տոկոսը: Այս գումարի մեջ մտնում է պետտուրքը, բնապահպանության վճարը և ԱԱՀ-ն:

Ինչքան շատ է մեքենայի մաշվածությունը, այնքան բարձր է մաքսազերծման գինը. դա արված է նրա համար, որ հնարավորինս քիչ մաշված մեքենա ներկրվի: Ընդ որում, տոկոսը հաշվվում է այսպես կոչված հսկիչ գնից, որը որոշում են մաքսային կոմիտեի ստորաբաժանումներում: Նրանք դա որոշում են ինքնուրույն, և  նրանց հետաքրիքր չէ, թե արտասահմանում ինչ գնով ես ձեռք բերել մեքենան: Նրանք ֆիքսված գին ունեն, որից էլ հաշվում են համապատասխան տոկոսները:

Բայց, մարդիկ, փաստորեն, մեքենա ներկրում են: Ինչպե՞ս են դա անում:

-Իհարկե անում են: Անում են լիազորագրերով` իրենց բարեկամների կամ ծանոթների անունով: Հարյուրավոր ներկրողներ այսօր լիազորագրով են մեքենա բերում: Պարզ չէ,՞ որ նրանք, տեսնելով այս իրավիճակը, կյանքում  հարկային դաշտ չեն մտնի և հնարավորինս  կխուսափեն:

Փոխանակ  հարկային մարմիններն ինչ-որ հարկային քաղաքականություն տանեն ու մտածեն, թե ոնց իրավիճակը փոխեն, զբաղված են այն ֆիզիկական անձանց փնտրելով, որոնք բերել և վաճառել  են երկրորդ մեքենան: Դուք չեք կարող գտնել մի ֆիզիկական անձ, որն իր կամքով գնացած և հարկային մարմիններին հաշվետվություն ներկայացրած լինի, որովհետև հարկային մարմինները դա չեն ցանկանում: Նրանք չեն ուզում, որ դու գնաս և հարկային հաշվետվություն ներկայացնես,  քանի որ չգիտեն, թե ինչ պետք է անել, նրանք ուզում են ֆիզիկական անձին բռնել և ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար 50 տոկոսով տուգանել:

Բայց ֆիզիկական անձը, որ տարվա մեջ մեկ կամ երկու մեքենա է ներկրել, որից եկած զուտ շահույթը մոտ 10 տոկոս է, ասենք` գնել է 5000 դոլարով մի մեքենա, մաքսազերծումից հետո վճարել է մոտ 2000 դոլար ու վաճառել է  ենթադրենք 7500-8000 դոլարով, բռնում ու տուգանում են 50 տոկոսով, այսինքն` տվյալ դեպքում գանձում են 3500 դոլար:

Քանի՞ ֆիզիկական անձ կա Հայաստանում, որ զբաղված է մեքենա ներկրելով:

– Ոչ ոք չգիտի այդ թիվը, բայց մոտավորապես կլինի  մոտ 500-1000 անհատ ավտոներկրող: Վերջերս ճանապարհային ոստիկանության միջոցով մաքսայինը ստուգումներ է արել և հայտնաբերել մոտ 30 ներկրող, որոնք վերջին երեք տարվա ընթացքում մեկից ավելի մեքենա են բերել և վաճառել: Այդ մարդիկ հրավիրվում են հարկային տեսչություն և տուգանվում: Նրանց գործերը գնում են հետաքննչական վարչություն, այնուհետև դատարան: Այդ անձինք ամեն ինչ անում են, որ մի կերպ դուրս գան ստեղծված իրավիճակից: Նրանք սնանկ կճանաչեն իրենց, բայց ոչ մի կոպեկ պետությանը հարկ չեն տա:

Կոռուպցիոն ռիսկերն էլ այստեղ մեծ են. մարդու գործը գնում է հետաքննչական բաժին, իսկ այդ ընթացքում քաղաքացին մտածում է, թե ոնց մի բան անի, որ գումարը քչացնի, կամ «ջրի», ո՞վ գիտի, թե այդ օղակների մեջ ով կամ ինչքան է փող աշխատում: Մարդը սնանկ է ճանաչվում, բայց նրանից, միևնույն է, այդ փողերը կքամեն, իսկ պետությունն էլ կմնա դատարկ տեղը: Հարկայինը ցույց է տալիս, որ գործ է անում. 30 հոգի է գտել, բայց դուք մտածեք, թե ոնց  մնացած 970-ին բերեք հարկային դաշտ, որոնք լիազորագրով են մեքենա բերում:

Փոխանակ մարդկանց հրավիրեն ու ամեն կերպ օգնեն, որ հաշվետվություն տան, զբաղված են մարդ բռնելով, որոնք խուսափում են իրենց մոտ գնալուց միայն այն պատճառով, որ հարկային դաշտն այդ ոլորտում սահմանված չէ:

Ծիծաղելին որն է. ակտի մեջ գրում  են` խուսափել է ԱՁ գրանցվելուց, արտոնագիր չունի, բայց հարկայինի պետը տեղյակ չէ, որ այդ ոլորտում արտոնագիր չկա, հետո օրենքն ասում է, որ ֆիզիկական անձից պետք է գանձվի ինչ-որ հարկատեսակ, ուրեմն գանձեք ֆիզիկական անձից, ինչո՞ւ եք գրում, որ խուսափել է ԱՁ դառնալ:

Հարգելի պետություն, եկեք նստենք ու ինչ-որ հարկատեսակ սահմանենք, որպեսզի մարդիկ հարկային դաշտից չխուսափեն: Չէ՞ որ լիազորագիրն էլ փող արժե, օրինակ` մոտ 50 դոլար, իսկ եթե այդ լիազորագիրը ծանոթի անունով է, ո՞վ գիտի, որ նրան էլ մաղարիչի կարգով մի 100 դոլար էլ չի տալիս: Հարգելի պետություն, դու վերցրու այդ փողը:

Մեր բոլորը տղաները տեսնելով, թե ինչ վիճակ է, հասկացան, որ պետությունը ռեկետով է զբաղված, ոչ թե հարկահավաքությամբ: Ու նրանք շարունակում են լիազորագրերով մեքենաներ բերել:

Տեսնո՞ւմ եք հարցի լուծումը:

– Մեր կարծիքով` ճիշտ կլինի սահմանել հաստատագրված վճար և ուժեղացնել  հարկային հսկողությունը, որպեսզի բոլոր ներկրողներին բերեն հարկային դաշտ:

Մենք նորմալ ավտոշուկա էլ չունենք, սանհանգուց չկա, փողոցային իրավիճակ է, փոխանակ մտածեն` կարգին շուկա կառուցեն կամ մարդկանց հետ աշխատեն, մտածում են` ոնց անեն, որ մարդկանց տուգանեն:

 

 

 

Դիտվել է 2679 անգամ:
Print Friendly

Leave a Reply