Կրկին տոմսերի խնդիր

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | June 3, 2011 6:32

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 4-ին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Մեր թիմն առաջին անգամ համեմատաբար հաջող է մեկնարկել այս ստուգատեսում, 2 միավորով է ետ մնում 10-ական միավոր վաստակած Սլովակիայի, Ռուսաստանի, Իռլանդիայի հավաքականներից և հնարավորություններ է պահպանում եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելու համար: Իսկ հույսերը կարող է ավելացնել առաջիկա խաղում հաջող մրցելույթը: Հիշեցնենք, որ երկու երկրների ազգային հավաքականների երևանյան հանդիպումում արձանագրվել էր գոլազուրկ ոչ-ոքի` 0:0:

Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այդ խաղից հետո մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է, որ չի ցանկացել չհաղթած թիմը պարգևավճար ստանա, բայց իր կամքին հակառակ քայլ է կատարել: Ինչ վերաբերում է, թե առաջիկա հանդիպման ինչպիսի՞ արդյունքը ֆեդերացիայի նախագահի սրտով կարող է լինել, դժվար է ենթադրել, սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները հնարավոր ամեն ինչ անելու են հաղթելու համար: Ի դեպ, թեև, որպես կանոն, այդ երկրի ազգային ընտրանին պաշտոնական կարևոր խաղերն անցկացնում է Մոսկվայում, սակայն ի սկզբանե հայտարարվում էր, որ այս անգամ մրցավայրը Ռուսաստանի մայրաքաղաքը չի լինելու: Հնարավոր է՝ պատճառն այն է, որ Մոսկվայում մեր հայրենակիցները շատ են, նրանց մեծ մասը կարող է այցելել մարզադաշտ, քաջալերել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին: Սկզբում խոսվում էր այն մասին, որ հանդիպումը կայանալու է Վլադիկավկազում, բայց հետո մրցավայր ընտրվեց Սանկտ Պետերբուրգի «Պետրովկի» մարզադաշտը, որն ունի ընդամենը 21.800 նստելատեղ: Ի դեպ, այդ մարզադաշտը քաջածանոթ է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն և պաշտպան Սարգիս Հովսեփյանին, ովքեր ժամանակին խաղացել են տեղի «Զենիթի» կազմում: Ըստ կանոնակարգի՝ հյուրերի թիմի երկրպագուներին պետք է տրամադրվի տոմսերի 10 տոկոսը: Այսինքն՝ Հայաստանի ներկայացուցիչներին կարող է բաժին հասնել 2100 տոմս:

Ի դեպ, հայ մարզասերներին հնարավորություն է տրվել տոմսեր ձեռք բերել Երևանում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Մարզադաշտի՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլասերների համար առանձնացված հատվածում տոմսն արժի 800 ռուբլի, իսկ արևմտյան տրիբունայում` 2300 ռուբլի: Սակայն սա մեդալի միայն մեկ երեսն է: Գոյություն ունի նաև սև շուկա: Մասնավորապես, ինտերնետային կայքում առաջարկվող ամենաէժան տոմսն արժի 3500 ռուբլի, սովորական տրիբունաներում` 850 ռուբլի: Իսկ VIP նստելատեղերի տոմսերի արժեքը հասնում է 25000 ռուբլու, որը հավասար է 863 դոլարի: Այսինքն՝ ինչպես երկու երկրների ազգային հավաքականների երևանյան, այնպես էլ պատասխան հանդիպման ժամանակ տոմսերի դեֆիցիտ է: Ի դեպ, խաղը Ռուսաստանում հեռարձակվելու է ռուսական առաջին հեռուստաալիքով:

Գրավախաղերի կազմակերպիչներն էլ գրեթե անհավանական են համարում Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ այն գնահատելով 13,0 գործակցով: Իսկ ահա, Ռուսաստանի հավաքականի հաղթանակի գործակիցն է 1,20: Ընդ որում, քանի որ արտասահմանյան մի շարք երկրներում ազգային առաջնություններն ավարտած Ռուսաստանի հավաքականի մի շարք լեգեոնականներ պարապուրդի մատնված են եղել, մինչդեռ Հայաստանի հավաքականի լեգեոնականներն այդպիսի խնդիր չեն ունեցել:

 

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply