Մոսկվայից հետո` Անկարայում
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | June 8, 2011 15:27
Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ցոլակ Անանիկյանն այլևս բռնցքամարտի Հայաստանի հավաքականում չէ, իսկ Եվրոպայի չեմպիոն Էդիկ Համբարձումյանը թեև հնարավոր է, որ կրկին վերադառնա թիմ, այդուհանդերձ, չի մասնակցի Անկարայում հունիսի 14-25-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որը շատ կարևոր է սեպտեմբերին Բաքվում անցկացվելիք 2012-ի օլիմպիական խաղերի համար վարկանիշային աշխարհի առաջնությունից առաջ: Պրոֆեսիոնալ ռինգում է որոշել բախտ որոնել մեր տիտղոսակիրներից Ազատ Հովհաննիսյանը: Այդուհանդերձ, կատարվածից թևաթափ չէ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, ով անթաքույց պատասխանեց իրեն ուղղված հարցերին:
– Այժմ ինչո՞վ է զբաղված Հայաստանի ընտրանին:
– Մայիսի 29-ից ուսումնամարզական հավաք ենք սկսել Արարատի «Այգ» մարզաբազայում: Այն կշարունակվի մինչև հունիսի 12-ը: Արարատն ենք ընտրել մարզավայր, քանի որ Թուրքիայում նույն կլիմայական պայմաններն են լինելու: Արվում է հնարավորը, որպեսզի Եվրոպայի առաջնությանը լավ մասնակցենք:
– Անկարայի ռինգում բոլոր քաշային կարգերում Հայաստանը բռնցքամարտիկներ կունենա՞:
– Հավանաբար` ո՛չ: Մասնակիցներ չենք ունենա միայն բարձր՝ մինչ 81 կգ, 91 կգ, գերծանրքաշային կարգերում: 81 կգ քաշային կարգում հույսեր էր ներշնչում Անանիկյանը: Մարդիկ կան, ովքեր մտքափոխ են արել Ցոլակին, որ կարողությունները փորձի պրոֆեսիոնալների մրցումներում: Ինչևէ, նրանից հետ է վերցվել Հայաստանի քաղաքացիության անձնագիրը` Անանիկյանը Վրաստանից է: Այդ քաշային կարգում նրան փոխարինող առայժմ չունենք: Ազատ Դավթյանն է հանդես գալիս, բայց նա դեռ չի հասունացել միջազգային մրցումների մասնակցելու համար: Աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը 75 կգ քաշային է, սակայն նպատակ կա նրան հնարավորություն տալ հետագայում 81 կգ քաշային կարգում հանդես գալ:
– Ի՞նչ վիճակում է Հակոբյանն այս մրցաշրջանում ԱԻԲԱ–ի հովանու ներքո անցկացված պրոֆեսիոնալների մրցումներում նոկաուտով պարտվելուց հետո:
– Անդրանիկը թյուրիմացաբար պայմանագիր էր կնքել և ստիպված քաշ էր գցել, դարձել 72 կգ: Դա էր անհաջողության պատճառը: Նա մասնակցել է նաև Ծաղկաձորում, Աբովյանում կազմակերպված ուսումնամարզական հավաքներին: Ծրագրված է, որ Հակոբյանը ռինգ դուրս կգա հուլիսի 5-11-ը կայանալիք Հայաստանի առաջնությունում, ապա հանդես կգա աշխարհի առաջնությունում: 91 կգ քաշային կարգում ուժեղ բռնցքամարտիկ չունենք, իսկ գերծանրքաշային կարգում Ուկրաինայից հրավիրել ենք Արմեն Սիմոնյանին: Բայց նա ընդամենը 19 տարեկան է, չի հասցրել թրծվել` Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Մյուս 7 քաշային կարգերում հանդես գալու համար պատրաստվում են ՝ Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Դերենիկ Գիժլարյանը, Նարեկ Աբգարյանը (երկուսն էլ` 52 կգ), Հովհաննես Բաչկովը (56 կգ), Վլադիմիր Սարուխանյանը, Արա Պուլուզյանը (երկուսն էլ` 60 կգ), 2010-ի Եվրոպայի չեմպիոն Հրաչյա Ջավախյանը (64 կգ), որին կարող են փոխարինել նաև Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Վլադիմիր Հայրապետյանը, Արթուր Քիրաջյանը, Սամվել Սաթևոսյանը (69 կգ), Արթուր Խաչատրյանը (75 կգ): Վերջին քաշային կարգում նախապատրաստվում են նաև Տիգրան Արմենակյանը, Հայկ Խաչատրյանը:
– Իսկ Ազատ Հովհաննիսյանի բացակայությունը թիմի համար մեծ հարվա՞ծ է:
– Նա 57 կգ քաշային էր և պետք է հանդես գար նոր` 56 կգ քաշային կարգում: Չեմ կարծում, որ Ազատը կկարողանար պահպանել իր մարտունակությունը: 60 կգ քաշային կարգում էլ դժվար է ասել, թե նա ինչպես իրեն կդրսևորեր: Մինչդեռ, 60 կգ քաշային կարգում ներկայումս իսկական առաջատար ունենք` Վլադիմիր Հայրապետյանը, ով փորձառու է: Նա Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի, աշխարհի առաջնությունների, միջազգային մրցաշարերի հաղթող: Վերջերս Երևանում կայացած միջազգային մրցաշարում էլ նա ուժեղագույնը ճանաչվեց, թեև կարճ ժամանակ առաջ վիրահատել էին քիթը: Այդ մարզիկի ներուժը մեծ է:
– Էդիկ Համբարձումյանի դիրքորոշումն անհասկանալի է: Ի վերջո, նա Հայաստանի հավաքականում մնո՞ւմ է, թե՞ ոչ: Խոսակցություններ կային, որ նա Ռուսաստանի հավաքական է տեղափոխվում, հետո էլ՝ թե թողնում է մեծ սպորտը:
– Վերջերս, երբ Աբովյանում Հայաստանի հավաքականն ուսումնամարզական պարապմունքներ էր անցկացնում, ինձ ասացին, որ Համբարձումյանն անցել է մարզչական աշխատանքի: Բայց մի քանի օր առաջ հեռախոսով հայտնեցին, որ Էդիկը ցանկանում է մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Ինքս այն կարծիքին եմ, որ ժամանակը քիչ է նախապատրաստվելու, լավ մարզավիճակ ձեռք բերելու համար, իսկ աշխարհի առաջնությունում նա կկարողանա վստահորեն ռինգ դուրս գալ:
– 2011-ի մրցաշրջանը բռնցքամարտիկների համար տարբերվում է նախորդներից, քանի որ նրանք երկու խոշոր մրցաշարերի են մասնակցելու` Եվրոպայի և աշխարհի առաջնությունների: Նախկինում ամեն տարի միայն դրանցից մեկն էր կազմակերպվում:
– Այո՛, այս անգամ Եվրոպայի առաջնությունն արտահերթ է: Դա ծրագրված չէր և մի փոքր խախտեց մեր ծրագրերը: Նախատեսել էինք միանգամայն այլ ձևով նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որում խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր: Այդ պատվին են արժանանալու առնվազն քառորդ եզրափակիչ հասնողները: Եվ դա էր պատճառը, որ մեր բռնցքամարտիկները մեծ թվով միջազգային մրցաշարերի չեն մասնակցել:
– Իսկ ի՞նչ կտա լրացուցիչ կազմակերպվող Եվրոպայի առաջնության մասնակցությունը:
– Այն կարևոր է երկու առումով: Նախ՝ աշխարհի առաջնությունից առաջ մեր թիմի բռնցքամարտիկները ստուգողական հանդիպումներ կանցկացնեն: Այն մարզիկները, ովքեր Եվրոպայի առաջնությանը լավ կմասնակցեն, աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ նախապատվություն կունենան, որ առաջին հանդիպումները համեմատաբար թույլ մրցակիցների հետ անցկացնեն: Հավելենք, որ 2010-ին Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում Ջավախյանը դարձել էր չեմպիոն, Դանիելյանը և Խաչատրյանը բավարարվել էին բրոնզե մեդալով:
– Մոսկվան հայերիս համար հարազատ քաղաք է: Նույնը չի կարելի ասել Անկարայի մասին: Այդ հանգամանքը դեր կխաղա՞: Խնդիր դրվա՞ծ է հավաքականի առջև առնվազն այնպես հանդես գալ, ինչպես Եվրոպայի նախորդ առաջնությունում:
– Անկանխատեսելի է, թե ինչ կլինի: Ի վերջո, մեր բռնցքամարտիկները ռինգում կրկին գործ են ունենալու իրենց մրցակիցների հետ: Անհնար է, որ մրցավարությունը մեծ չափերի կողմնակալ լինի, զգալի առավելություն դրսևորողներին հաղթանակ չշնորհվի: Ի վերջո, դժվարին պայմաններում էլ պետք է կարողանալ հաղթել:
– Նախկինում Հայաստանի հավաքականը Թուրքիայում խոշոր մրցումների մասնակցե՞լ է:
– 1993-ին Բուրսայում կայացած Եվրոպայի առաջնությունում երեք բրոնզե մեդալի ենք տիրացել: Արմեն Գևորգյանը, Մեխակ Ղազարյանը կիսաեզրափակչում մրցավարների գործողություններից հանիրավի տուժել էին` պարտվել:
– Հավանականություն կա՞, որ հետո Հայաստանից մարզիկներ կգործուղվեն Բաքու` մասնակցելու աշխարհի առաջնությանը:
– Ոչինչ չեմ կարող ասել, թեև ադրբեջանցիները հայտարարում են, որ Հայաստանի պատվիրակությանն անվտանգության երաշխիքներ չեն կարող տալ: Բայց դա չպետք է վախեցնի:
– Ավելի նպատակահարմար չէ՞ր, որ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին տարբեր կազմերով մասնակցենք:
– Այդ մասին մտածել եմ: Մասնավորապես, ցանկալի էր, որ հնարավորությունները փորձելու առիթ ունենար պատանիների աշխարհի չեմպիոն, թեթև քաշային Կորյուն Սողոմոնյանը: Բայց նա հանդես է գալու Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Տեսնենք՝ ի՛նչ կստացվի: Իսկ տարբեր կազմերով Եվրոպայի, աշխարհի առաջնությունների կմասնակցեն Ռուսաստանի, Ուկրաինայի հավաքականները: Մտածում էի՝ մի քանի բռնցքամարտիկի հանգիստ տալ, բայց չենք կարող նման շռայլություն թույլ տալ: Ինչևէ, մինչև աշխարհի առաջնությունը երեք ամիս կա, Եվրոպայի առաջնության մասնակիցները կվերականգնեն ուժերը:
– Օլիմպիական խաղերի քանի՞ մասնակից ունենալու խնդիր է դրված Հայաստանի հավաքականի առջև:
– Նախորդ օլիմպիական խաղերում ունեինք չորս բռնցքամարտիկ: Ցանկալի է, որ այս անգամ նրանց թիվն ավելի շատ, թեկուզ 6-ը լինի:






Facebook
Tweet This
Email This Post
