Ջրի բերած, ջրի տարած

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 8, 2011 6:23

ՄԱԿ-ը  21-րդ դարը հայտարարել է ջրի դար: Գոնե այս առումով մեր բախտը գոնե մի փոքր կբերի` լեռնային երկիր ենք` ջրային հարուստ պաշարներով, աղբյուրներով: Սա՝ առաջին հայացքից, բայց երբ մտածում ես, որ մեր 7,3 մլրդ խմ ջրային պաշարների միայն 2,5 մլրդ խմ-ը կամ 33 տոկոսն է օգտագործվում, իսկ եթե անաչառ լինենք ու խոստովանենք, որ 40 տարի անց մեր պաշարները կպակասեն 2 միլիարդով, գլխիդ ասես սառը ջուր է լցվում: Ոնց գալիս, էնպես էլ գնում ու թափվում է Կասպից ծով` հագեցնելով մեր «հարևանների» պապակ դաշտերը` փոխարենը մեր հողագործին ջրի կարոտ թողնելով: Եթե տարանցիկ ջրերի հաշվով առաջին տեղերում են Ռուսաստանը, Թուրքմենստանը, Լատվիան, Վրաստանը…, ապա ամենաաղքատն են Մոլդովան և Հայաստանը, որտեղ մեկ մարդուն բաժին է ընկնում միայն 2-3 հազ. խմ ջուր:

Այս խնդիրների շուրջ է իմ հարցազրուցը ՀՀ նախագահին կից Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի հետ:

Տարիների փորձով իմաստնացած մարդ եք, Ձեր փորձն ի՞նչ է հուշում` վիճակը շտկելու հնարավորություն ունե՞նք, թե՞ ոչ:

– Եթե 1950 թ. աշխարհում 2 մլրդ մարդ կար, այսօր այդ թիվը հասնում է 6,5 միլիարդի: Այսինքն՝ երեք անգամ ավելացել է պարեն, էներգիա, ջուր սպառողների թիվը, իսկ պաշարները նվազել են, կնշանակի` բնապահպանական խնդիրներն ավելի են սրվում: Այդ երեք գործոնները միմյանց հետ շաղկապված են: Հայաստանի դեպքում` գերադասում եմ ջրային պաշարների դերը, որովհետև Հայաստանում առանց այդ պաշարների արդյունավետ օգտագործման հնարավոր չէ լուծել ո՛չ պարենային, ո՛չ վառելիքաէներգետիկ և ո՛չ էլ բնապահպանական խնդիր: Վերցնենք պարենայինը: Մեր հողերի 85 տոկոսն առանց ոռոգման ցանկալի արդյունք չի տալիս: Արարատյան դաշտում առանց ոռոգման ոչինչ չեն ստանում, Կալինինոյում, Ստեփանավանում, Աշոցքում՝ թերևս կարող են: Եթե չկարողանանք հիդրոռեսուրսներն էներգետիկ նպատակներով օգտագործել, որոնց բաժինն այսօր ընդհանուր հաշվեկշռում 20-21% է կազմում, մենք չենք ունենա էլեկտրաէներգիայի մատչելի սակագին և անվտանգ էներգիա: Ատոմային էներգետիկան իր առավելությամբ հանդերձ երկու խոշոր թերություն ունի. նախ՝ վառելիքը 4-5 անգամ թանկ է, մյուսը՝ որ անվտանգ չէ: Հետևաբար, իմ հաշվարկներով հիդրոէներգետիկան 20-ից 40 տոկոսի կարելի է հասցնել:

– Ինչ նկատի ունեք` փոքր հէկերի կառուցմա՞նը զարկ տալ:

– Ոչ միայն, նաև խոշոր հէկեր կառուցել: Հաջորդը բնապահպանականն է: Եթե մեր ջրային պաշարները չօգտագործենք ինչպես հարկն է, չենք կարող Սևանի խնդիրը լուծել: Սևանի մակարդակը չի բարձրանա, ու չի լուծվի նրա վերականգնման և կենսաբազմազանության խնդիրը:

– Պրն Մովսիսյան, երբ որոշվեց, որ հանրապետության տնտեսության կարիքների համար Սևանի պաշարներն օգտագործվեն Սևան-Հրազդան կասկադի ոռոգման սխեմայով, այն որոշիչ դեր ունեցա՞վ տնտեսության զարգացման գործում:

– Սևանից ջուր բաց թողնվեց 1933 թ.: Երեք խնդիր էր դրված` էներգետիկ պաշարներ, գյուղատնտեսության զարգացում և Անդրկովկասի էլեկտրաէներգիայի կայունության կարգավորում: Որոշվեց ոռոգելի դարձնել Արարատյան դաշտի և նախալեռնային գոտու շուրջ 130 հազար հա հողատարածք: Վերադառնալով ջրային պաշարներին՝ ասեմ.Հայաստանում այն այսօր անարդյունավետ է օգտագործվում: Մենք ունենք միջինը տարեկան 7,5 մլրդ խմ մակերեսային հոսք, որից միայն 2,5 մլրդ խմ-ն է օգտագործվում կամ եղածի 33%-ը:

– Եթե խորհրդային տարիներին այդ ջրերն ամբարելու համար զարկ էր տրվում ջրամբարաշինությանը, ապա այսօր այդ հնարավորությունը չունենք, որի հետևանքով մեր բաժին ջուրն անվճար տալիս ենք մեր հարևաններին` մեր գյուղացուն կոտրած տաշտակի առջև թողնելով:

– Հանրապետությունում 79 մեծ ու փոքր ջրամբարներ կան, որոնցում ամբարվում է 1 մլրդ խմ ջուր, որից Ախուրյանի ջրամբարի Թուրքիայի բաժինը 265 միլիոն է։ Եթե նրա բաժինը հանենք, ապա Հայաստանի ջրամբարներում մեր բաժինը կազմում է 730- 750 մլն խմ ջուր: Աշխարհում չկա մի երկիր, որն իր ջրային ողջ պաշարն օգտագործի: Միջազգային չգրված օրենք կա, ըստ որի չի կարելի, որ մենք մեր բոլոր ջրերն այնպես հավաքենք, որ ոչ մի կաթիլ ջուր ներքև չհոսի: Նման բան չի լինում: Ըստ այդ օրենքի` բոլոր ջրօգտագործողները միմյանց միջև պետք  է հավասար բաժանեն պաշարները: Բացի այդ, գետերը պետք է ունենան նաև բնապահպանական և սանիտարական թողքեր: Մեզանում այդ խնդիրն ավելի կսրվի 2050 թ. սպասվող գլոբալ տաքացման գործոնով, որի հետևանքով, ըստ մեր գիտնականների հաշվարկների, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2 աստիճանով, հետևաբար կավելանան նաև գոլորշիացման ծավալները, և կնվազեն տեղումները: Դրա հետևանքով 7,5 միլիոնը, մեր հաշվարկներով, 5 – 5,5 կդառնա: Գլոբալ տաքացման հետևանքով շուրջ 2 միլիարդով կպակասեն մեր ջրային պաշարները:

– Եվ ի՞նչ, այսօր համարժեք հայեցակարգ ունե՞նք:

– Այո՛, ԱԺ-ում քննարկվել և կառավարության կողմից հաստատվել է ջրի ազգային ծրագիրը, որում նշված են լուծումները: Ջրամբարաշինությունն այսօր թանկ հաճույք է, իսկ մեր հնարավորություններն այդ առումով սուղ են: Այսօր օրակարգում են Կապսի ջրամբարի վերականգնումը, Եղվարդի և Վեդիի ջրամբարների կառուցումը:

– Եղվարդի ջրամբարի կառուցումը, փաստորեն, փակվա՞ծ թեմա չէ:

– Այո՛, բայց ոչ նախկին ծավալով, այլ 70-100 մլն: Իմ կարծիքով՝ այստեղ պետք է ուղղորդվի նաև մասնավոր կապիտալը, որպեսզի կարողանանք խնդրին համալիր լուծում տալ:

– Պրն Մովսիսյան, գյուղացու տրտունջը` անվճարունակության, ջրի պակասից, հաճախ է մեզ հասնում, բայց սայլը տեղից չի շարժվում: Չե՞ք կարծում, որ պետք է ռազմավարություն փոխվի:

– Եթե նախկինում գյուղատնտեսության ոլորտում օգտագործում էինք 1,5 մլրդ խմ ջուր, ապա այսօր այդ թիվը կրկնակի պակասել է: Ինչո՞ւ, որովհետև 70 հազար հեկտար ոռոգելի հող չի օգտագործվում, որն էլ ուղղակիորեն հարվածում է թե՛ պարենային և թե՛ գյուղացիների սոցիալական խնդրին: Այս տարի առաջին քայլն արվեց. ոռոգման առաջին ջուրը պետք է անվճար լինի: Ես կարծում եմ, որ ջրի սակագինը բարձր է, թեև ճիշտ է հաշվարկված, բայց գյուղացու համար մատչելի չէ: Ուստի ջրօգտագործողների ծախսերը՝ տարեկան 4-5 մլրդ դրամ միջին կտրվածքով, պետությունն է համաֆինանսավորում: Պետք է մեծացվեն սուբսիդավորման ծավալները,  ընդամենը 3 միլիարդի խնդիր է: Կարծում եմ՝ այդ գումարը բյուջեում կգտնվի:

Հ.Գ. Ընթերցողին հիշեցնեմ. երբ սկսվեց ատոմակայանը, «Նաիրիտը» փակելու խելակորույս շարժումը, Եղվարդի ջրամբարի շինարարությունը ևս դադարեցնելու պահանջ դրվեց: Մենք մեր ձեռքով կտրեցինք մեր ջուրն ու մեր հարևանի ջրաղացին ջուր լցրինք: Հիմա ո՞ւր ես, ժողովրդի մասին մտածո՛ղ, Եղվարդի ջրամբարի դադարեցման ջատագո՛վ Կարեն Սիմոնյան: Ո՞վ քո հավին «քշա», թանին թթու ասաց, որ ժողովրդի դժվարին օրերին անվերադարձ լքեցիր Հայրենիքը:

 

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply