Ինչպե՞ս են կարգավորվում համաներմանն առնչվող հարաբերությունները

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | June 5, 2011 6:20

Համաներմանը վերաբերող հարաբերությունների կարգավորման հիմքը նախևառաջ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն է, որի 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Ազգային Ժողովը հանրապետության նախագահի առաջարկությամբ հայտարարում է համաներում»:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:

Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Ազգային Ժողովին ներկայացվող համաներում հայտարարելու վերաբերյալ առաջարկության քննարկման կարգը սահմանված է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածով: Հանրապետության նախագահը համաներում հայտարարելու մասին իր առաջարկությունն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին հանրապետության նախագահի առաջարկությունը ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում, այն ուղարկում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, կառավարություն և ընդգրկում Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում: Համաներում հայտարարելու մասին հանրապետության նախագահի առաջարկությունը քննարկվում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորներ, հանրապետության նախագահի և վարչապետի լիազորած անձինք: Համաներում հայտարարելու մասին հանրապետության նախագահի առաջարկությունն Ազգային ժողովի նիստում քննարկվում է արտահերթ` սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս հանրապետության նախագահի, իսկ հարակից զեկուցմամբ՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը: Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները կարող են առաջարկ անել միայն հանրապետության նախագահի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ: Եզրափակիչ ելույթում հանրապետության նախագահի ներկայացուցիչը կարող է հանել կամ փոփոխության ենթարկել համաներում հայտարարելու մասին հանրապետության նախագահի առաջարկությունները և  առաջարկել՝

ա) ընդունել հանրապետության նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա կազմված համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը.

բ) որոշման նախագիծը հանրապետության նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչև հաջորդ քառօրյա նիստերի սկիզբը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

Եթե հանրապետության նախագահի ներկայացուցչի առաջարկով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է հանրապետության նախագահի ներկայացուցչի՝ մինչև 10 րոպե տևողությամբ ելույթով, որում նա կարող է առաջարկել ընդունել հանրապետության նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա կազմված համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը:

Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը ստորագրում և հրապարակում է 24 ժամվա ընթացքում, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

 

Ավետիք Հարությունյան

 

Դիտվել է 1273 անգամ:
Print Friendly

Leave a Reply