Նոր զորակոչային տարիքը` 19. ովքե՞ր բանակ կզորակոչվեն 2012-ին

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 6, 2011 6:17

11-րդ դասարան փոխադրված 17-ամյա Սևակն այս տարի պետք է ավարտեր դպրոցը: Սակայն 12-ամյա կրթական համակարգի անցնելու պատճառով նա, ինչպես և 2001-ին դպրոց ընդունված բոլոր աշակերտները,  դպրոցում կսովորի մեկ տարի ավելի և կավարտի միայն 2012-ին:

Սևակի մայր Իզաբելան պատմում է, որ մեկ տարուց ավելի է` սրտում վախ կար, որ որդին դպրոցն ավարտելուց հետո չի հասցնի բուհ ընդունվել ու բանակ կգնա. «Տղաս գոնե աշնան ծնունդ է, այսինքն` հնարավորություն կունենար քննություն հանձնել: Ուղղակի վախենում էի, որ եթե առաջին տարին չընդունվի, ապա բանակ գնալ-գալուց հետո էլ չի էլ ուզենա բուհ ընդունվել»: Նա նշում է, որ ծնողական ժողովների ժամանակ զորակոչի խնդիրը շատ են քննարկել, բայց լուծում չեն գտել. «Երեխաներ կան, որ ավարտելու պահին 18 տարեկան են լինելու: Այդ երեխաների ծնողները մտածում էին, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն, որ երեխան քննությունները հանձնի ու նոր բանակ գնա: Մտահոգված ստեղծված խնդրից` փոքր տղայիս 5,5 տարեկանում եմ դպրոց ուղարկել, որ ավարտելիս խուսափի զորակոչի հետ կապված  խնդիրներից»:

Իզաբելային և մյուս ծնողներին հուզող խնդիրը լուծում է ստացել. զորակոչային տարիքը Հայաստանում այսուհետ 19 տարեկանն է.  Ազգային ժողովը  մայիսի 25-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինապարտության մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու մասին օրենքը:

«Ցանկալի կլիներ, որ երեխաները սովորականի պես 10 տարի սովորեին: Բայց եթե կրթական ռեֆորմները պարտադիր են, օրենքի փոփոխությունը տեղին է, հիմա էլ այդքան չեմ վախենում, որ տղաս  հանկարծ կարող է չհասցնել բուհ ընդունվել»,- ասում է Իզաբելան:

Ըստ փոփոխված օրենքի` «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում է տրվում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով  սովորողներին մինչև նրանց 19 տարին լրանալը, եթե համապատասխան զինվորական կոմիսարիատ են ներկայացնում  ուսումնական հաստատության պաշտոնատար անձի կողմից տրված տեղեկանք տվյալ ուսումնական հաստատությունում ուսումնառության վերաբերյալ»:

Օրենքի նախագիծը ԱԺ է ներկայացրել կառավարությունը այն հիմնավորմամբ, որ նոր կրթական չափորոշիչների ներդրման արդյունքում  հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող անձինք, դեռևս ուսումը չավարտած, հասնում են պարտադիր զինվորական զորակոչի տարիքի և ենթակա են զորակոչման պարտադիր զինվորական ծառայության: Օրենքում փոփոխություններ չկատարելու դեպքում կառավարությունը 6000-ից ավելի դպրոցականներին առանձին-առանձին տարկետում տալու մասին որոշում պիտի ընդուներ: Օրենքում  կատարված փոփոխությամբ ենթադրվում է, որ այսպիսով կկանխվի հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարիքի հասած քաղաքացիների` պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելը մինչև հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնառության ավարտը:

Սակայն մեկ այլ հարց է առաջանում. երբ դպրոցներում անցում կատարվեց 12-ամյա կրթական համակարգի, մեկ տարի, այսինքն` 2011-ին դպրոցները շրջանավարտ չունեցան: Մի՞թե բանակն էլ մի տարի նորակոչիկ չի ունենալու:

ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը «Անկախի» հետ զրույցում վստահեցրեց, որ 2012-ին բանակը համալրման խնդիր չի ունենալու, չնայած 6000 շրջանավարտները բանակ չեն զորակոչվելու:

Նրա խոսքով` բանակը միայն զորակոչի միջոցով չի համալրվում, այլ միջոցներ ևս կան, ինչպես, օրինակ` պայմանագրային զինծառայությունը: Բացի այդ, եկող տարի  սովորականի պես կզորակոչվեն նաև բուհերի շրջանավարտները և այն անձինք, ովքեր դպրոցից դուրս են եկել հիմնական կրթություն ստանալուց հետո և այլ  տեղ ուսումը  չեն շարունակել: Կարապետյանը նշեց, որ որոշումը պայմանավորված է միայն անհրաժեշտությամբ, ՊՆ-ն էլ քննարկել ու դրական գնահատականի է արժանացրել օրենքի նախագիծը. «Դպրոցում ուսումը կիսատ թողած հո բանակ չէի՞ն գնալու»:

Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն ասում է, որ նոր զորակոչային տարիքը ռիսկեր չի պարունակում և խնդիրներ չի առաջացնի:  18 և 19 տարեկան երիտասարդները միմյանց նման են. առաջինները դեռահասությունից պատանեկության անցման փուլում են, երկրորդներն էլ թևակոխում են պատանեկություն: Երկու դեպքում էլ կայուն անհատականություն  ձևավորված չէ,  անձը զարգացման բուռն շրջան է ապրում թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես:

Հոգեբանը նշում է, որ օրենքում կատարված փոփոխությունը պայմանավորված է միայն կրթական բարեփոխումներով. «Այնպես չէ, որ 18 տարեկանում փոքր էին, հիմա ավելի հասուն կլինեն»: Ջամալյանն ասում է, որ պատանեկության փուլում բանակի դերը կարևոր է որպես սոցիալականացման ինստիտուտ. «Բանակը մարդու մեջ որոշակի արժեքներ է ձևավորում: Միայն այն, որ պատանին զենքը ձեռքին խրամատում պաշտպանում է հայրենիքը, արդեն իսկ մարդկային որակ է ձևավորում»:

2012-ին զորակոչվելու են հիմնականում հասուն տարիքի, արդեն կայուն անհատականություն ունեցող անձինք:  Այս տարիքում զորակոչվելն էլ, ըստ Ջամալյանի, ունի իր առավելությունները. միջանձնային հարաբերություններում ավելի հասուն մոտեցում են ցուցաբերում, բռնկվող չեն:

 

Դիտվել է 4106 անգամ:
Print Friendly

Leave a Reply