Երեւանում անցկացվել է «Հայկական գրատպություն. անցյալը եւ ներկան» խորագրով գիտաժողովը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | June 2, 2011 10:56
Հայաստանի Ազգային գրադարանում մայիսի 31-ից հւնիսի 1-ն անցկացվել է Հայկական գրատպության 500-ամյակին նվիրված «Հայկական գրատպություն. անցյալը եւ ներկան» խորագրով գիտաժողովը: Գրադարանի փոխտնօրեն, նիստի նախագահ Ռաֆիկ Ղազարյանն ուրախությամբ նշել է, որ առաջին անգամ նման գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: «Ողջունելի է, որ հայ գրատպության պատմության ուսումնասիրությամբ զբաղվում են երիտասարդները»,-նշել է Ռ.Ղազարյանը: Նա նաեւ ասել է, որ գիտաժողովը հարգանքի տուրք է հայ գրատպության հիմնադրման եւ զարգացման գործում ավանդ ունեցողների հիշատակին:
Գիտաժողովին ներկա են եղել սփյուռքահայ մշակութային գործիչներ Պերճ Թերզյանը /Եգիպտոս/, Ժիրայր Դանիելյանը /Լիբանան/:
Գիտաժողովի առաջին օրը զեկուցումներով հանդես են եկել ինչպես ՀՀ Ազգային գրադարանի մասնագետներ, այնպես էլ անվանի մատենագետներ, բանասերներ, գրականագետներ, ոլորտն ուսումնասիրողներ’ շուրջ քսան հոգի: Նրանք ներկայացրել են հայ գրատպության պատմությունը, ներկան:
«Սուրբ Էջմիածնի պատկերները հայ հնատիպ գրքի փորագրանկարներում» թեմայի մանրամասն զեկուցումով հանդես է եկել Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը:
Թատերագետ Բախտիար Հովակիմյանի զեկույցը վերաբերում էր թատերական կյանքի աշխուժացման գործում հայ տպագրության դերին:
ՀՀ Ազգային գրադարանի հայ գրքի եւ սփյուռքահայ մամուլի մատենագիտության ենթաբաժնի վարիչ Օֆելյա Գյուլումյանը ներկայացրել է Կ.Պոլսի հայ տպագրության պատմությունը 20-րդ դարի 20-ական թվականներին:
Գիտաժողովի առաջին նիստն ամփոփվել է թուրքագետ Հասմիկ Ստեփանյանի ելույթով: Նա խոսել է հայատառ թուրքերեն գրականության մասին:
Գիտաժողովի երկրորդ նիստը սկսվել է «Հայագիտական համազգային կենտրոն» հ/կ բակալավր Արփինե Սիմոնյանի ելույթով: Նա ներկայացրել է Թովմա Վանանդեցու հրատարակությունների փորագրանկարներն ու զարդարվեստը: Ա.Սիմոնյանը նշել է, որ Թ.Վանանդեցու հրատարակած գրքերում տեղ է գտել պատկերազարդման մի համակարգ, որն իր մեջ ընդգրկում է զարդամոտիվներ եւ թեմատիկ պատկերներ: Ա.Սիմոնյանը խոսել է նաեւ Թ.Վանանդեցու տպարանանշանի մասին: Ելույթն ուղեկցվել է էկրանին ցուցադրությամբ, որտեղ ներկայացվել են ձեւավորման առանձնահատկությունները:
Այնուհետեւ ելույթ է ունեցել ՀՀ Ազգային գրադարանի հնատիպ, հազվագյուտ եւ արխիվային գրականության բաժնի վարիչ Մելանյա Կարապետյանը’ խոսելով հնդկահայ տպագրության հնատիպ շրջանի մասին: Ըստ նրա’ 18-րդ դարում Հնդկաստանում գործել են երեք խոշոր հայկական տպարաններ’ Հակոբ Շահամիրյանի, Հարություն քահանա Շմավոնյանի /Մադրաս/ եւ Հովսեփ քահանա Ստեփանոսյանի /Կալկաթա/:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գիտքարտուղար Գայանե Կարապետյանի զեկույցը վերաբերել է հայ գրատպության սկզբնավորմանը եւ գրքերի պատմության մեջ գրադարանների դերին:
Բանասիրական գիտությունների թեկնածու Այծեմնիկ Կորկոտյանը ներկայացրել է «Հայ տպագրությունը Հոլանդիայում» թեմայով զեկուցումը: Հոլանդիայում հայ տպագրության պատմությունը նա բաժանել է երեք շրջանների’ 1660-1666թթ.’ տպագրության սկիզբ, երկրորդ շրջանը նա համարում է 1666-1670թթ.’ բնութագրելով որպես Ոսկանյան տպագրություն, երրորդը’ 1685-1717թթ’ Վանանդեցիների տպագրություն:
«Հայագիտական համազգային կենտրոն» հ/կ բակալավր Արփինե Սարոյանը ներկայացրել է «Մադրասում հրատարակված գրքերը եւ դրանց գեղարվեստական ձևավորումը» վերնագրով զեկույցը: Նա մանրամասնորեն վերլուծել է Հարություն քահանա Շմավոնյանի հրատարակած գրքերում առկա զարդարվեստը եւ փորագրանկարչությունը:
Գիտաժողովի առաջին օրն ամփոփվել է ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանի գիտքարտուղար Նունե Շահումյանի զեկույցով: Նա խոսել է ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանի հավաքածուների թվայնացման աշխատանքների ընթացքի մասին:
Հունիսի 1-ին զեկուցողները’ քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ Մերուժան Կարապետյանը, ՀՀ Ազգային գրադարանի աշխատակիցներ եւ «Հայագիտական համազգային կենտրոն» հ/կ-ի մագիստրանտները, ներկայացրել են 17-19-րդ դարերի հայկական քարտեզագրությունը, նորագույն դարաշրջանի հայ գիրքը, «Ազատամարտ» օրաթերթը’ որպես արեւմտահայ կյանքի տարեգիր, համացանցում հայկական տպագրության մասին տեղադրված տվյալները: Նրանք խոսել են հայ գրքի նկարազարդումների մասին, վերլուծել դրանցից մի քանիսը: «Հայագիտական համազգային կենտրոն»-ի մագիստրանտ Անի Սամվելյանն, օրինակ, վերլուծել է Ոսկան Երեւանցու հրատարակություններում առկա Տերունական շարքը:
Գիտաժողովն ամփոփելով’ ՀԱԳ փոխտնօրեն Ռ.Ղազարյանը նշել է, որ Ազգային գրադարանն այս քայլով ցանկանում է հասարակության բոլոր շերտերի ուշադրությունը հրավիրել հայկական տպագրության 500-մյակին: Ազգային գրադարանը նմանատիպ գիտաժողով կկազմակերպի նաեւ այս տարվա աշնանը: Առաջարկվել է առանձին գրքով տպագրել գիտաժողովում հնչած զեկույցները, որի ֆինանսական ծախսերը խոստացել է հոգալ «Հայագիտական համազգային կենտրոն» հ/կ նախագահ Գեւորգ Ներսիսյանը:






Facebook
Tweet This
Email This Post
