Նախընտրական կրքեր. ծեծել են լրագրողի հորը
Օրվա լուր | ankakh | June 2, 2011 7:55
Լրագրող Նարե Գրիգորյանի հորը` Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի գյուղապետի թեկնածու Թաթուլ Գրիգորյանին մայիսի 29-ին ծեծել են նույն գյուղի այժմյան գյուղապետ, «Երեւանշին» ԲԲԸ-ի նախագահ Վազգեն Պողոսյանի եղբայր Վարդան Պողոսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչները: Այս մասին այսօր` հունիսի 1-ին,news.am -ի թղթակցի հետ զրույցում պատմեց Նարեն:
Վ. Պողոսյանից առաջ գյուղապետ է եղել Թաթուլ Գրիգորյանը, եւ նրա խոսքով` Պողոսյանների իրարանցումն սկսվել է այն բանից հետո, երբ զգացել են իրենց հանդեպ գյուղացիների վստահության կտրուկ անկումը: «Վարդան Պողոսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչները 4-5 մեքենայով փակել են մեր տուն վերադառնալու ճանապարհը: Այդ ժամանակ Թաթուլ Գրիգորյանը` հայրս, իր եղբոր որդու հետ վերջինիս մեքենայով հենց այդ փողոցով անցնելիս են լինում: Նրանք կանգնեցնում են մեքենան, ոհմակից երկու երիտասարդ են մոտենում, մոտ 30-31 տարեկան ոմն Խաչիկ, ով ունի գնդապետի կոչում և աշխատում է ոստիկանությունում ու ոմն Արմեն, ում գյուղացիք անվանում են «Ճիճո»…»,- պատմեց լրագրողը:
news.am-ի հետ զրույցում լրագրողը նշեց նաեւ, որ նրանք ծանր գործիքով հարվածել են հոր համարյա քունքին, բայց բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Միջադեպի արդյունքում Թաթուլ Գրիգորյանը ստացել է քթի միջնապատի կոտրվածք, գլխում արյան զեղման կենտրոն կա, իսկ աչքում վնասվել են մի շարք հյուսվածքներ: Այժմ Թաթուլ Գրիգորյանը հայրենի գյուղում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց դեռեւս ապաքինման կարիք ունի: Դստեր խոսքով, հայրը չի կարողանում գլուխը բարձրացնել, արյունահոսություն է սկսվում: Համայնքի դեկավարի ընտրությունների օրը նշանակված են այս տարվա հունիսի 12-ին: Նարեն նշեց, որ ամեն ինչ անում են ընտրությունների օրը փոխելու համար, քանի որ հայրը չի կարող շարունակել ընտրարշավը:
Նշենք, որ Նարեն այժմ ազատ լրագրող է, աշխատել է «ԱԼՄ», «Արմնյուզ» հեռուստատեսություններում, henaran.am ինտերնետային պարբերականում եւ այլն:
Ի դեպ, հիշեցնենք, որ վերջերս լրատվամիջոցներում աղմուկ էր բարձրացրել ինքնակոչ աստղաֆիզիկոս Արթուր Պողոսյանին Սփյուռքի նախարարությունում ընդունելու եւ պատվելու հետ կապված, ինչից հետո նախարարությունը պարզել էր, որ նա ընդամենը մի խաբեբա է:
Արթուր Պողոսյանը եւս Գեղհովիտ գյուղից է: Բլոգերների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խոստովանել է, որ «տաղանդավոր» ավանտյուրիստի հետ հանդիպման մտահղացումը «Երեւանշին» ԲԲԸ-ի նախագահ Վազգեն ու Վարդան Պողոսյաներինն է:
news.am






Facebook
Tweet This
Email This Post
