«Եթե Հայաստանի տաղանդները Ալիևի ձեռքում լինեին, նա մեր հերն էլ կանիծեր, աշխարհի հերն էլ» Լ. Իգիթյան
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | June 1, 2011 15:50
Երեխաների պաշտպանության օրը Գեղագիտության ազգային կենտրոնում քանդակի արվեստանոցի աշակերտները ցուցադրեցին իրենց աշխատանքները` քանդակներ ու նկարներ: Վառ գույներ, յուրօրինակ կերպարներ, ինքնատիպ լուծումներ: Երեխաների կերտած հերոսները երբեմն իրենց կարդացած գրքերից էին: Օրինակ` Արթուրն այնքան էր ոգեշնչվել հայկական էպոսից, որ քանդակել էր Սասունցի Դավթին:
Ինչպես նշեց կենտրոնի գլխավոր տնօրեն, ճարտարապետ Լևոն Իգիթյանը, ամեն հայ երեխա տաղանդավոր է, պարզապես պետք է գտնել նրան ու հղկել. «Էս երեխաները սովորական հայ երեխաներ են, բայց պարզվում է, որ սովորական հայ երեխա լինել, նշանակում է տաղանդավոր լինել,- ասում է նա,- բայց էս տրամադրությունը պետք է տարածվի ամբողջ հայ ժողովրդի վրա` երաժիշտների, նկարիչների, ուսուցիչների, կոշկակարների, բոլորի…»:
Ճարտարապետի կարծիքով` մենք մեր ունեցածը ճիշտ չենք գնահատում. «Եթե Հայաստանի տաղանդները Ալիևի ձեռքում լինեին, նա մեր հերն էլ կանիծեր, աշխարհի հերն էլ: Երբ գիտակցենք, թե ինչ պրոդուկցիա ունենք, այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի: Իսկ մենք դարդ ենք անում, որ նավթ չունենք, բայց մեր ունեցածը նավթից էլ առավել է»:
Ինչ վերաբերում է երեխաների պաշտպանության օրվան, ապա Իգիթյանը կարծում է, որ հայ երեխային առաջին հերթին պետք է պաշտպանել մեր գռեհիկ միջավայրից ու մեր հեռուստաընկերություններից. «Էս հումքը ափսոս է,- ասում է նա,- որ երկրից ուզում եք` բերեք, մերոնց չեն հասնի: Բայց մեր հասարակությունը պատրաստ չէ ընդունելու տաղանդավոր երեխային: Մի օր էս երեխաները դուրս են գալու փողոց, տեսնելու են իրականությունը, շփվելու են գռեհկության հետ, ու մի մասը հաստատ կոտրվելու է»:
Ինչպե՞ս պաշտպանել հայ երեխային այդ ամենից: Իգիթյանը մի պատասխան ունի. «Պարզապես ամեն մարդ իր տեղում իր գործը պետք է անի և անի սրտացավորեն, եթե ոչ, ապա մենք էս երեխաներին կկորցնենք»:
Ինչպես նկատեց ներկաներից մեկը. «Ոչ մի երկրում այսպիսի առատ շնորհք տրված չէ Աստծո կողմից: Բայց այդ շնորհքը պետք է ցանողներ ու հնձողներ լինեն»:
Գեղագիտության ազգային կենտրոնի քանդակի բաժնի մանկավարժ Հրաչյա Համբարձումյանը երիտասարդ քանդակագործ է, որ Հայաստանի լուսավոր ապագայի համար իր պարզ տեսությունն ունի` ինտելեկտուալ, կիրթ, գրագետ սերունդ, ինչն էլ փորձում է սերմանել իր սաների մեջ: Երևի պատահական չէ, որ երեխաների նկարներում ազգային և համաշխարհային գրական ստեղծագորությունների ոգին է:
Քանդակի բաժինը լուրջ ստեղծագործական հիմքերի վրա է դրել նրա հայրը` Հենրիկ Համբարձումյանը, որ ցավոք, մի քանի ամիս առաջ մահացավ` առանց տեսնելու իր սաների աշխատանքների ցուցահանդեսը, որը ծրագրում էր իրականացնել դեռևս անցյալ տարի:
Այս ցուցահանդեսը նվիրված էր նրա հիշատակին:
Անի Գասպարյան






Facebook
Tweet This
Email This Post
